Yahoo! Labs–ի նախկին գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, բազմաթիվ ստարտափների (ZonaSpace, ShouldKnow.ru, Geek Picnic, HomeWork, HackDay) հիմնադիր Յուրի Լիֆշիցը ահա թե ինչ խորհուրդներ է տալիս այն մարդկանց, ովքեր ուզում են սեփական գործ սկսել, բայց չգիտեն, թե որտեղ գտնել բիզնես գաղափարներ:
ԱՊՐԵՔ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Քայլեք ժամանակին համընթաց, հետևեք ամենավերջին նորամուծություններին, կիրառեք ձեր կյանքում այն ամենը, ինչը դեռ երեկ գոյություն չուներ: Կարդացեք նոր հայտնագործությունների մասին: Ապագան ինքնագնաց մեքենաներինը, շարժական գաջեթներինն ու խելացի սարքերինն է:
Փորձեք պատկերացնել, թե ինչ սերվիսներ և ապրանքներ պետք է շրջապատեն դրանց: Հարցրեք ինքներդ ձեզ՝ «Ի՞նչ է լինելու ապագայում» և պատասխանեք, օրինակ, «Ապագայում բոլոր մեքենաները լինելու են էլեկտրական», «Ապագայում ոչ ոք կանխիկ գումարով չի վճարելու» և այլն: Իսկ հիմա մտածեք այն ընկերության մասին, որը հիմնադրելու եք հենց այդ ապագայում:
ԴԱՐՁԵՔ ՀՄՈՒՏ ՄԱՍՆԱԳԵՏ ՈՐԵՎԷ ՈԼՈՐՏՈՒՄ
Կան ոլորտներ, որտեղ անհնար է առաջ գնալ առանց փորձի, օրինակ՝ բժշկությունը, շինարարությունը, անվտանգության համակարգերը և այլն:
Այս ոլորտում ընկերություն հիմնող մարդիկ սովորաբար նախապես ձեռք են բերում այդ փորձառությունը՝ աշխատելով այլ ընկերություններում: Դառնալով «ներսի մարդ»՝ նրանք հմտանում են անհրաժեշտ չափով և նաև հստակ պատկերացում են կազմում այն բացթողումների մասին, որոնք կան դաշտում:
Մայքլ Բլումբերգը աշխատում էր Salomon Brothers ներդրումային բանկում: 1981 թվականին աշխատանքից ազատվելով և ստանալով $10 միլիոն դոլար որպես փոխհատուցում՝ նա բացեց սեփական ընկերությունը՝ Bloomberg L.P.-ն, որը տրամադրում էր ֆինանսական տեղեկատվություն հետաքրքրված ընկերություններին: Այսօր ընկերությունը ոլորտի առաջատարն է, Բլումբերգը՝ Նյու Յորքի քաղաքապետն է, իսկ նրա հարստությունը Forbes ցուցակի 13-րդ հորիզոնականում է:
Դարձեք մասնագետ որևէ կարևոր գործում, հանդիպեք մարդկանց հետ, հասկացեք նրանց խնդիրները և փորձեք լուծել դրանք՝ նոր մոտեցումներով: Հնարավորության դեպքում տիրապետեք 2 այդպիսի ոլորտի, դրանց խաչմերուկում դուք բազմաթիվ նոր հնարավորություններ կգտնեք՝ բժշկություն և վաճառքներ, IT և իրավագիտություն…
ԼՈՒԾԵՔ ՍԵՓԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Գտեք այն խնդիրը, որը հենց ձեզ է խանգարում: Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչի համար ձեզ չեն առաջարկում պատրաստի լուծումներ: Այդպիսի խնդիրներ սովորաբար առաջանում են երբ ձեր կյանքում փոփոխություներ են տեղի ուեննում, օրինակ, երբ ծնող եք դառնում:
Մանկական տակդիրների ներկայիս տարբերակը՝ Pampers-ը հայտնագործել է Procter & Gamble ընկերության քիմիկոս-տեխնոլոգ՝ Վիկտոր Միլլսը: Հոգատար պապիկը թոռնիկներին խնամելիս հոգնեց անընդհատ փոխել երեխաների տակդիրները և հենց տեղում հորինեց 20-րդ դարի հրաշքներից մեկը:
Նույնը նաև B2B ընկերությունների դեպքում: Եթե ընկերությունը անընդհատ բախվում է որոշակի խնդրի, որը լուծում չունի, շատ հաճախ ստեղծվում է մեկ այլ ընկերություն, որի նպատակը հենց տվյալ խնդրի համար լուծումներ առաջարկելն է:
Flickr-ը, օրինակ, ստեղծվել էր որպես մի օնլայն խաղի հավելված և նախատեսված էր օգտատերերի նկարները պահելու համար: Խաղն այսօր արդեն գոյություն չունի, իսկ ահա Flickr-ը լուսանկարների համակարգման ու տարածման լավագույն առցանց գործիքներից մեկն է այսօր:
ՓՆՏՐԵՔ ՑԱՎՈՏ ԿԵՏԵՐ
Ուշադրություն դարձրեք, թե որտեղ են մարդիկ գումար ու ժամանակ կորցնում, ինչից են նյարդայնանում, ինչն է ոչ արդյունավետ աշխատում: Հնարավորինս շատ բան իմացեք աղքատության, հիվանդությունների, գործազրկության, խցանումների, աղտոտվածության և բոլոր նմանատիպ խնդիրների մասին: Մտածեք այդ ամենի լուծումների շուրջ և ներկայացրեք ձեր գաղափարները հանրությանը:
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵՔ ԱՐԴԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԸ
Շատ բան մարդկանց համար տհաճ է՝ տան վարձակալությունը, վիզաների ստացումը, ավտոմեքենայի կայանումը, բժշկի այցելությունը: Մտածեք, թե ինչպես այդ ամենը կարելի է դարձնել ավելի հեշտ ու հաճելի: Օգտագործեք նոր տեխնոլոգիաները այդ ամենը վերաիմաստավորելու համար: Օրինակ, ինչպե՞ս պետք է աշխատեն հիվանդանոցները այս թվային դարում, ինչպե՞ս կարելի է սմարթֆոնների միջոցով հեշտացնել տան առք ու վաճառքը կամ վարձակալությունը:
ՄԻՄՅԱՆՑ ԿԱՊԵՔ ԷԺԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ՀԱՐՈՒՍՏ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ
Էժան գնելու և թանկ վաճառելու տարբերակը աշխատում է դարեդար: Այսօր դա էլ ավելի հեշտ է, քանի որ տարածական սահմանափակումներ չկան, և ապրանքն ու գնորդը կարող են լինել աշխարհի հակառակ ծայրերում:
ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵՔ՝ ԱՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ
Շատ մեծ ու հաջողակ ընկերություններ են սկսել իբրև կրկնօրինակումներ: Ի՞նչ կարող եք ավելացնել դուք արդեն իսկ իրականացված գաղափարներին՝ կիրառման նոր տարբերա՞կ, ավելի լավ սերվի՞ս, բարձր որա՞կ: Աշխարհում ստեղծված շատ նոր գաղափարներ շարժվում են երկրեերկիր ու ենթարկվելով որոշակի փոփոխությունների՝ նոր կիրառություններ գտնում: Արդեն գոյություն ունեցող գաղափարը փոփոխելն ու օգտագործելը ավելի վստահելի է, քան անհայտ բանի հետևից գնալը:
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ
1980-ական թվականներին Հովարդ Շուլցն աշխատում էր Սթարբաքսում, որն այդ ժամանակ ընդամենը հատիկավոր սուրճի վաճառքով զբաղվող ընկերություն էր: Երբ Հովարդ Շուլցն այցելեց Միլան, ամեն փողոցի վրա սրճարան տեսավ: Մարդիկ այնտեղ ոչ միայն սուրճ էին վայելում, այլև հանդիպումներ էին կազմակերպում: Սրճարանները Իտալիայի կյանքի անբաժան մասնիկն էին, և նրանց թիվն ավելի քան 200.000 էր:
Վերադառնալով ԱՄՆ՝ Շուլցը փորձեց համոզել Սթարբաքսի սեփականատերերին նույնը կիրառել նաև իրենց մոտ, բայց նրա կարծիքն, իհարկե, ոչ ոքի պետք չէր: Շուլցը հեռացավ ընկերությունից և սեփական սրճարանը բացեց: Մի քանի տարի անց նա այնպիսի հաջողության հասավ, որ գնեց Սթարբաքսը նախկին տերերից և վերածեց համաշխարհաին երևույթի:
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՄՏԱԾԵՔ ՆՈՐԱԲԱՑ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մեծ ընկերությունների նոր նախագծերը ստեղծում են բազմաթիվ նոր հնարավորություններ: Եթե արագ արձագանքեք դրանց, ապա կկարողանաք մեծ շուկայի մասը դառնալ:
Երբ 1975 թվականին MITS ընկերությունը թողարկեց առաջին անձնական օգտագործման համակարգիչը՝ Altair 8800-ը, Հարվարդի ուսանողներից մեկը, թերթում այդ լուրը կարդալով, որոշեց, որ այդ համակարգչի համար ծրագրային ապահովում ստեղծելը վատ բիզնես գաղափար չէ: Այդ ուսանողը Բիլլ Գեյթսն էր, ով այդպես ստեղծեց Microsoft-ը:
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵՔ ԱՆՊԵՏՔ ԱՊՐԱՆՔԸ
Վերցրեք կամ ստեղծեք ամենասովորական և ոչ այնքան հաճախ կիրառվող մի իր և սկսեք հարցնել ընկերներին. ի՞նչն է պետք փոխել, որպեսզի նրանք սկսեն օգտագործել այն: Կատարելագործեք ապրանքը և կրկին հարցրեք: Շարունակեք այդ կերպ մինչև ձեր ապրանքը չդառնա մի բան, որ կցանկանան կիրառել միլիոնավոր մարդիկ:
ՇՓՎԵՔ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
Կան մարդիկ, որոնք ունեն հրաշալի գաղափարներ, բայց չունեն բավականաչափ ժամանակ այդ բոլորի իրականացման համար: Խնդրեք նրանց կիսվել ձեզ հետ: Հաճախ ձեռնարկատերերը ավելի շատ սիրում են իրենց սեփական գաղափարները, իսկ այլ մարդկանց գաղափարները համարում են երկրորդական իրենց համար: Թույլ մի տվեք, որպեսզի ինքնասիրությունը կանգնի ձեր և հրաշալի հնարավորության մեջտեղում:
Այդպես Էլոն Մասկը իր զարմիկներին նվիրեց արևային մարտկոցների տեղադրման և սպասարկան ընկերություն ստեղծելու միտքը: Այսօր Լինդոն և Փիթեր Ռայվերի ընկերությունը՝ SolarCity-ն, գնահատվում է միլիարդավոր դոլարների չափով:
In this article
- ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
- ՍՏԱՐՏԱՓ
- բիզնես
- բիզնես գաղափարներ
- բիզնես իդեա
- բիզնես լուծումներ
- բիզնես խորհուրդներ
- բիզնես մտքեր
- իդեա բիզնեսի համար
- իդեաներ
- իդեաներ բիզնեսի համար
- ինչպես հիմնել բիզնես
- ինչպես հիմնել ստարտափ
- ինչպես սկսել բիզնես
- ինչպես սկսել սեփական գործ
- լուծումներ
- խորհուրդներ ստարտափներին
- հաջողակ
- հաջողակ բիզնես
- հաջողակ ընկերություն
- Մայքլ Բլումբերգ
- մասնագետ
- մտքեր բիզնեսի համար
- սեփական բիզնես
- սեփական գործ
- ստարտափ
- ստարտափի գաղափարներ
- ստարտափի մտքեր
Join the Conversation