ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԽՈՍՔԻ ՈՐԱԿԸ

Շատերս ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ թվում է՝ մտքում նախադասությունները գեղեցիկ ձևակերպված են, բայց երբ սկսում ենք խոսել, չենք կարողանում դրանք նույնքան լավ արտահայտել: Զրուցակցին հետաքրքրելու, սեփական ճշմարտացիությունն ապացուցելու կամ պարզապես հետաքրքիր պատմելու կարողությունը կախված է մեր խոսքի որակից:

20763
ինչպես բարձրացնել խոսքի որակը

Եթե ծնողները մանկությունից աշխատել են երեխայի բառապաշարը հարստացնելու և մտահորիզոնը ընդլայնելու ուղղությամբ, ապա դա հրաշալի է, բայց ոչինչ չի խանգարում ցանկացած տարիքում լրացնելու եղած բացը:

Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր պարբերաբար ստիպված են ելույթ ունենալ մարդկանց առաջ: Ինչո՞ւ նրանց մի մասին ուզում ես անդադար լսել, իսկ մյուսների ելույթների ժամանակ միայն քնել ես ուզում: Եվ ուրեմն, ինչպե՞ս բարձրացնել խոսքի որակը, ինչպե՞ս դարձնել այն ավելի գրավիչ:

1. Կարդացեք ամենատարբեր տեսակի գրականություն՝ թերթեր, ամսագրեր, գեղարվեստական ու գիտական գրականություն: Պետք է կարդալ առանց շտապելու՝ փորձելով հասկանալ յուրաքանչյուր նախադասության իմաստը: Այդպես դուք կսովորեք ճիշտ դասավորել բառերը նախադասության մեջ, կլրացնեք ձեր բառապաշարը և կընդլայնեք մտահորիզոնը:

2. Փորձեք բառապաշարից բացառել մակաբույծ բառերը՝ դե, կարճ ասած, այսպիսով, պարզապես, ուղղակի, միանշանակ, ընդհանրապես, իրականում, ասենք, խոսքի օրինակ, ուրեմն, նշանակում է և այլն: Օգտագործեք պարզ մտքեր ձեր խոսքում, մի ծանրացրեք դրանք ավելորդ բառերով: Դրանք կարող են փչացնել անգամ ամենախելացի միտքը: Ամենալավ տարբերակը դրանցից խուսափելու համար ինքնակառավարումն է, իսկ եթե չեք կարողանում վերահսկել ձեզ, խնդրեք մտերիմներին ուշադիր լինել ձեր խոսքի հանդեպ և տեղյակ պահել, երբ օգտագործեք այդ բառերը խոսքի մեջ:

3. Հետևեք խոսքի արագությանը: Միալար խոսքը ձանձրույթ է առաջացնում: Անհրաժեշտ տեղերում իմաստավորված դադարներ տվեք, կարևոր հատվածները ընդգծեք ոչ շատ ուժեղ էմոցիաներով: Իսկ գուցե դուք չափազանց բարձր կամ ցածր եք խոսում: Իդեալական հռետորները խոսում են ոչ այնքան բարձր, բայց այնպես, որ բոլոր ներկաները լսեն իրենց:

4. Ունկնդիրը պետք է հասկանա, թե ինչի մասին է խոսքը, ուստի հարկավոր է խոսել նրա լեզվով: Բարդ տերմինների օգտագործումը ոչ մասնագետների հետ զրուցելիս ավելորդ կլինի:

5. Խոսքում գործածեք տարբեր փոխաբերություններ, ասացվածքներ ու համեմատություններ: Դա ձեր խոսքը գրավիչ ու հիշվող կդարձնի: Ձեր խոսքում նաև թեթև հումոր օգտագործեք: Եթե ավելորդ չէ, կատակներ արեք անգամ ինքներդ ձեր մասին:

6. Պակաս կարևոր չէ ինքնավստահությունը: Որպեսզի խոսքը վստահ լինի, ելույթ ունեցողը պետք է լավ տեղեկացված լինի այն մասին, ինչի մասին խոսում է: Ելույթից առաջ առնվազն 1-2 անգամ կարդացեք ձեր տեքստը:

7. Հայելու առաջ փորձեր անելով՝ դուք ավելի լավ կհասկանաք ձեր թերի կողմերը: Գուցե խնդիրը ոչ թե խոսքի առանձնահատկությունների, այլ շարժումների և ավելորդ ժեստերի մեջ է:

8. Հռետորական արվեստում չափազանց մեծ դեր ունի փորձը: Որքան շատ ելույթ ունենաք, այնքան գեղեցիկ ու հղկված կդառնա ձեր խոսքը: Անվստահությունն ու ամաչկոտությունը հաղթահարելու համար պարբերաբար ելույթ ունեցեք ձեր ընկերների ու բարեկամների առաջ:

9. Որքան մեծ է ձեր շրջապատը, այնքան ավելի հեշտ կլինի ձեզ համար հարստացնել ձեր բառապաշարը ու ավելի կառուցողական դարձնել ձեր խոսքը: Եթե այն շատ մեծ չէ, ապա կարող եք օգտվել ռադիոյի և հեռուստատեսության ընձեռած հնարավորություններից: Փորձեք կրկնօրինակել ձեր սիրելի հաղորդավարին, կրկնեք նրա ինտոնացիաները, բառերն ու արտահայտությունները:

10. Կա այսպիսի զվարճալի վարժություն: Վերցրեք տան ամենասովորական իրերից մեկը, օրինակ, թավան, և փորձեք 5 րոպե շարունակ պատմել այդ թավայի մասին գեղարվեստական լեզվով: Սկզբից դա կարող է ձեզ համար դժվար լինել, բայց ամեն անգամ այդ առաջադրանքը ձեզ համար ավելի հեշտ կդառնա: Հետզհետե երկարացրեք ժամանակը և բարդացրեք առաջադրանքը: Այսպիսի վարժություններ կատարելով՝ դուք կսովորեք ճիշտ բառեր գտնել և կկարողանաք անգամ 1 ժամ շարունակ խոսել սովորական թավայի մասին՝ առանց կրկնելու ձեր բառերն ու արտահայտությունները:

Հետզհետե լրացնելով բառապաշարը և օգտագործելով վերը նշված գիտելիքները՝ դուք կզգաք, թե ինչպես եք իշխանություն ձեռք բերել բառերի հանդեպ, և թե որքան լավ կարող են նրանք ձեզ ծառայել:

Մի քանի ամիս այս ուղղությամբ աշխատելով՝ դուք այլևս խնդիր չեք ունենա սեփական մտքերն արտահայտելիս և անգամ ամենաբարդ բաների մասին կկարողանաք խոսել պարզ ու հասանելի լեզվով:

In this article


Join the Conversation