Լավ տուն գտնելն ու լավ աշխատանք գտնելը ինչ-որ չափով նման են իրար, և ահա թե ինչպես:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ «ԲԱՐԻ ՄԱՐԴԿԱՆՑ» ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ
Երբ դուք բնակարան եք փնտրում, տեղյակ եք պահում այդ մասին ծանոթներին, և սկսվում է բարի խորհուրդների անվերջ շարանը: Չգիտես ինչու, յուրաքանչյուրը համոզված է, որ ամենալավը հենց այն թաղամասն է, որտեղ ինքն ապրում է, և նա սկսում է ձեզ անդադար համոզել, որ հենց այդ թաղամասում տուն գնեք:
Նույնը նաև աշխատանքի տեղի հարցում է (կամ աշխատանքային ոլորտի): Մարդիկ սկսում են ապացուցել, որ իրենց արած ընտրությունը շատ օպտիմալ է, և դուք էլ չեք սխալվի՝ այդ ուղղությունն ընտրելով: Գուցե նրանց համար դա իսկապես այդպես է, բայց դա չի նշանակում, որ այդ աշխատատեղը նույնքան լավը կլինի նաև ձեզ համար: Դա ձեր անհատական որոնումն է, թույլ մի տվեք մարդկանց ձեզ շեղել և մտածեք այն մասին, թե ինչն է հենց ձեզ համար կարևոր, այլ ոչ թե ինչ-որ մեկի համար:
ԽՆԴՐԵՔ ՆԿԱՐԱԳՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱԾԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Երբ ձեզ նախապես մանրամասն նկարագրում են ինչ-որ մի բան, օրինակ, թաղամաս, դուք արդեն պատկերացնում եք փողոցները, շենքերի դասավորվածությունը, բակերը, խանութները: Եվ երբ արդեն հայտնվեք այդ թաղամասում, ձեզ համար ավելի հեշտ կլինի գնահատել իրական պատկերը: Հնարավոր է, որ ձեր ծանոթի նկարագրությունները խիստ տարբերվեն այն ասոցիացիաներից, որ կունենաք դուք՝ այնտեղ հայտնվելով:
Աշխատանքի դեպքում նույն կերպ է: Երբ մարդը, ով աշխատում է այդ վայրում, ասի, որ իրենց աշխատավայրում մթնոլորտը «հեռանկարային» է, գուցե այնտեղ հայտնվելով՝ դուք հասկանաք, որ այդ բառը ավելի տեղին կլիներ փոխարինել «մրցակցային» կամ «լարված» բառերով: Եվ այդ աշխատանքն արդեն այնքան էլ գրավիչ չի թվա ձեզ:
ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԼԱՎ ՃԱՆԱՉԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Եթե ձեզ աշխատանքի են վերցրել փորձնական ժամանակով, ապա դա հրաշալի հնարավորություն է ձեզ համար լավ ճանաչելու ոչ միայն տնօրենին, այլև աշխատակիցներին:
Ստուգեք՝ արդյոք ճիշտ են «մեկ ընտանիքի» մասին ներկայացուցչական խոսքերը, թե իսկապես դա այն թիմն է, որտեղ մեկը մյուսին թիկունք են կանգնում և գնահատում են թիմի անդամներից յուրաքանչյուրին: Վատ թիմում դուք չեք կարողանա ձեր աշխատանքը լավ անել և, իհարկե, հանգիստ չեք զգա ձեզ նման միջավայրում: Շփվեք աշխատակիցների հետ ոչ միայն աշխատավայրում, այլև դրանից դուրս՝ գնացեք նրանց հետ ընդմիջումների, երեկույթների ու միջոցառումների:
ԱԶՆԻՎ ԵՂԵՔ ՁԵԶ ՀԵՏ
Պատկերացրեք, որ պետք է ընտրություն անեք երկու տների միջև: Տան ներքին հարդարանքները ոչ մի բանով չեն տարբերվում միմյանցից, բայց դրանցից մեկը ունի հետևի բակ, իսկ մյուսը՝ ոչ: Վերջինիս պատուհանից միայն գեղեցիկ տեսարան է բացվում ուրիշի բակի վրա: Ո՞ր տարբերակը կընտրեք դուք: Բնականաբար առաջինն ավելի թանկ արժե: Եվ նման ընտրության առաջ կանգնելով՝ դուք պետք է ձեզ անկեղծորեն պատասխանեք, թե ինչ է ձեզ պետք՝ հետևի բա՞կ, որտեղ դուք ձեզ հանգիստ կզգաք, թե՞ միայն արտաքին տեսքն էլ բավարար է:
Իսկ մյուս կողմից, գուցե ձեր նախկին տո՞ւնն էլ ուներ որոշակի առավելություններ, օրինակ մեկ հավելյալ սենյակ, կամ հետևի բակ, բայց դուք դրանք չէիք օգտագործում: Հավանաբար հիմա էլ չեք օգտագործի դրանք, բայց այնքան էլ պատվաբեր չեք համարում նախորդից ավելի վատ տուն ձեռք բերելը:
Նույնը նաև աշխատանքի դեպքում է. հասկացեք, թե ինչն է իսկապես կարևոր ձեզ համար և ըտրություն արեք դրա օգտին: Եթե աշխատանքը չի զիջում նախորդին, բայց ավելի հեռու է ձեր բնակարանից, ապա գուցե դա ճանապարհին գիրք ընթերցելու հնարավորությա՞ն կարելի է վերածել: Իսկ եթե դուք աշխարհում ամեն ինչից շատ նյարդայնանում եք հասարակական տրանսպորտով երթևեկելիս և երազում եք աշխատանքի մասին, որին կարելի է հասնել ոտքով կամ հեծանվով, ապա ընտրություն արեք հենց այդ մեկի օգտին, եթե անգամ այն ավելի ցածր աշխատավարձ է ենթադրում:
ԵՐԿԱՐ ՄԻ ՏԱՏԱՆՎԵՔ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԻՋԵՎ
Եթե ունենք ընտրության հանարավորություն և երկու բնակարանը իրարից չեն տարբերվում, ունեն հավասարաչափ առավելություններ և թերություններ, ապա շատ ավելի դժվար է լինում որոշում կայացնելը:
Աշխատանքի դեպքում նույնպես, որքան երկար ենք մենք ընտրություն կատարում այդ երկուսի միջև, համեմատում դրական ու բացասական կողմերը, այնքան մեծ է հավանականությունը, որ կզղջանք՝ մյուսը չընտրելու համար. իսկ գուցե այն մեկն ավելի լա՞վը լիներ:
Այսպիսի դեպքերում ինքներս ձեզ տանջելն իմաստ չունի: Եթե երկու տարբերակն էլ միանման են, ապա պարզապես խորը շունչ քաշեք և ընտրեք դրանցից մեկն ու մեկը:
Չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվել աշխատանք փնտրելիս.
Բոլորս էլ տարբեր ենք, ունենք տարբեր ցանկություններ և պահանջներ: Բայց այս հարցերին պատասխանելով՝ դուք կնեղացնեք որոնումների շրջանակը և ավելի հեշտ կկողմնորոշվեք ձեր երազանքի աշխատանքը փնտրելիս: Եվ այսպես, ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր աշխատանքը:
Ֆիզիկական չափորոշիչներ.
- Հաստատության ներսո՞ւմ, թե՞ դրսում:
- Քաղաքի կենտրոնո՞ւմ, թե՞ արվարձանում կամ քաղաքից դուրս:
- Որքա՞ն ժամանակ պետք է պահանջվի ձեզնից այնտեղ հասնելու համար:
- Ինչպե՞ս եք հասնելու աշխատավայր՝ մեքենայո՞վ, հեծանվո՞վ, հասարակական տրանսպորտո՞վ, թե՞ ոտքով:
- Որքա՞ն հաճախ եք ճանապարհորդելու:
- Քանի՞ ժամ եք աշխատելու:
- Աշխատելու եք առանձին գրասենյակո՞ւմ, թե՞ ընդհանուր տարածքում (լաբորատորիա, մեծ սրահ, խոհանոց և այլն):
- Աղմկո՞տ, թե՞ լուռ միջավայրում:
Հուզական չափորոշիչներ:
- Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր աշխատանքի տեմպը:
- Աշխատանքը պետք է լինի բովանդակայի՞ն, թե՞ drive-ով:
- Ուրա՞խ, թե՞ կենտրոնացում պահանջող:
- Թուլացնող ու հանգստացնո՞ղ, թե՞ ոգեշնչող ու խթանող:
- Հաստատո՞ւն, թե՞ նախաձեռնողականություն պահանջող:
- Կանխատեսելի՞, թե՞ անկանխատեսելի:
- Հստակ կառուցվածք ունեցո՞ղ, թե՞ անկանոն ու լողացող:
- Պետք է լինեք ինքներդ ձեզ պե՞ս, թե՞ ադապտացվեք միջավայրին:
Սոցիալական չափորոշիչներ:
- Ո՞ւմ հետ եք անցկացնելու ձեր ժամանակի մեծ մասը՝ հաճախորդների՞, թե՞ գործընկերների:
- Դուք առաջնո՞րդ եք, թե՞ առաջնորդվող:
- Աշխատում եք թիմո՞ւմ, թե՞ ինքնուրույն:
- Աշխատանքը համագործակցայի՞ն է, թե՞ մրցակցային:
- Աշխատակիցների միջև հարաբերությունները հորիզոնակա՞ն են, թե՞ ուղղահայաց:
- Մե՞ծ, թե՞ փոքր է ընկերությունը:
- Ազատամի՞տ, թե՞ պահպանողական:
- Ի՞նչ ընդհանուր դեմոգրաֆիական պատկեր է ներկայացնում ձեր ընկերության աշխատակազմը:
Դե ինչ, արդեն կողմնորոշվեցի՞ք, թե որն է ձեր երազանքի աշխատանքը: Ժամանակն է մտածել այն նվաճելու ուղղությամբ…
In this article
- ԱՇԽԱՏԱՆՔ
- աշխատանք
- աշխատանք գտնել
- աշխատանք մեծ ընկերություններում
- աշխատանքային առօրյա
- աշխատանքային գրաֆիկ
- աշխատանքի ընդունվել
- աշխատանքի ընտրություն
- աշխատավայր
- աշխատավարձ
- աշխատատեղ
- աշխարհի ամենալավ աշխատանքը
- երազանքի աշխատանք
- իմ երազանքի աշխատանքը
- ինչպես աշխատել
- ինչպես գտնել աշխատանք
- ինչպես փնտրել աշխատանք
- խորհուրդներ
- հետաքրքիր աշխատանք
- ձեր երազանքի աշխատանքը
- որտեղ գտնել աշխատանք
- չափորոշիչներ
- սիրելի աշխատանք
Join the Conversation