ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

«Home, sweet home» արտահայտությունը, ինչպես նաև այդ հրաշալի զգացողությունը քաջ ծանոթ է բոլորիս: Գտե՞լ եք այն տունը, որտեղ ցանկացած վայրից ուզում եք վերադառնալ: Իսկ ի՞նչ կասեք աշխատանքի մասին:

6406
ձեր երազանքի աշխատանքը

Լավ տուն գտնելն ու լավ աշխատանք գտնելը ինչ-որ չափով նման են իրար, և ահա թե ինչպես:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ «ԲԱՐԻ ՄԱՐԴԿԱՆՑ» ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ

Երբ դուք բնակարան եք փնտրում, տեղյակ եք պահում այդ մասին ծանոթներին, և սկսվում է բարի խորհուրդների անվերջ շարանը: Չգիտես ինչու, յուրաքանչյուրը համոզված է, որ ամենալավը հենց այն թաղամասն է, որտեղ ինքն ապրում է, և նա սկսում է ձեզ անդադար համոզել, որ հենց այդ թաղամասում տուն գնեք:

Նույնը նաև աշխատանքի տեղի հարցում է (կամ աշխատանքային ոլորտի): Մարդիկ սկսում են ապացուցել, որ իրենց արած ընտրությունը շատ օպտիմալ է, և դուք էլ չեք սխալվի՝ այդ ուղղությունն ընտրելով: Գուցե նրանց համար դա իսկապես այդպես է, բայց դա չի նշանակում, որ այդ աշխատատեղը նույնքան լավը կլինի նաև ձեզ համար: Դա ձեր անհատական որոնումն է, թույլ մի տվեք մարդկանց ձեզ շեղել և մտածեք այն մասին, թե ինչն է հենց ձեզ համար կարևոր, այլ ոչ թե ինչ-որ մեկի համար:

ԽՆԴՐԵՔ ՆԿԱՐԱԳՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱԾԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Երբ ձեզ նախապես մանրամասն նկարագրում են ինչ-որ մի բան, օրինակ, թաղամաս, դուք արդեն պատկերացնում եք փողոցները, շենքերի դասավորվածությունը, բակերը, խանութները: Եվ երբ արդեն հայտնվեք այդ թաղամասում, ձեզ համար ավելի հեշտ կլինի գնահատել իրական պատկերը: Հնարավոր է, որ ձեր ծանոթի նկարագրությունները խիստ տարբերվեն այն ասոցիացիաներից, որ կունենաք դուք՝ այնտեղ հայտնվելով:

Աշխատանքի դեպքում նույն կերպ է: Երբ մարդը, ով աշխատում է այդ վայրում, ասի, որ իրենց աշխատավայրում մթնոլորտը «հեռանկարային» է, գուցե այնտեղ հայտնվելով՝ դուք հասկանաք, որ այդ բառը ավելի տեղին կլիներ փոխարինել «մրցակցային» կամ «լարված» բառերով: Եվ այդ աշխատանքն արդեն այնքան էլ գրավիչ չի թվա ձեզ:

ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԼԱՎ ՃԱՆԱՉԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Եթե ձեզ աշխատանքի են վերցրել փորձնական ժամանակով, ապա դա հրաշալի հնարավորություն է ձեզ համար լավ ճանաչելու ոչ միայն տնօրենին, այլև աշխատակիցներին:

Ստուգեք՝ արդյոք ճիշտ են «մեկ ընտանիքի» մասին ներկայացուցչական խոսքերը, թե իսկապես դա այն թիմն է, որտեղ մեկը մյուսին թիկունք են կանգնում և գնահատում են թիմի անդամներից յուրաքանչյուրին: Վատ թիմում դուք չեք կարողանա ձեր աշխատանքը լավ անել և, իհարկե, հանգիստ չեք զգա ձեզ նման միջավայրում: Շփվեք աշխատակիցների հետ ոչ միայն աշխատավայրում, այլև դրանից դուրս՝ գնացեք նրանց հետ ընդմիջումների, երեկույթների ու միջոցառումների:

ԱԶՆԻՎ ԵՂԵՔ ՁԵԶ ՀԵՏ

Պատկերացրեք, որ պետք է ընտրություն անեք երկու տների միջև: Տան ներքին հարդարանքները ոչ մի բանով չեն տարբերվում միմյանցից, բայց դրանցից մեկը ունի հետևի բակ, իսկ մյուսը՝ ոչ: Վերջինիս պատուհանից միայն գեղեցիկ տեսարան է բացվում ուրիշի բակի վրա: Ո՞ր տարբերակը կընտրեք դուք: Բնականաբար առաջինն ավելի թանկ արժե: Եվ նման ընտրության առաջ կանգնելով՝ դուք պետք է ձեզ անկեղծորեն պատասխանեք, թե ինչ է ձեզ պետք՝ հետևի բա՞կ, որտեղ դուք ձեզ հանգիստ կզգաք, թե՞ միայն արտաքին տեսքն էլ բավարար է:

Իսկ մյուս կողմից, գուցե ձեր նախկին տո՞ւնն էլ ուներ որոշակի առավելություններ, օրինակ մեկ հավելյալ սենյակ, կամ հետևի բակ, բայց դուք դրանք չէիք օգտագործում: Հավանաբար հիմա էլ չեք օգտագործի դրանք, բայց այնքան էլ պատվաբեր չեք համարում նախորդից ավելի վատ տուն ձեռք բերելը:

Նույնը նաև աշխատանքի դեպքում է. հասկացեք, թե ինչն է իսկապես կարևոր ձեզ համար և ըտրություն արեք դրա օգտին: Եթե աշխատանքը չի զիջում նախորդին, բայց ավելի հեռու է ձեր բնակարանից, ապա գուցե դա ճանապարհին գիրք ընթերցելու հնարավորությա՞ն կարելի է վերածել: Իսկ եթե դուք աշխարհում ամեն ինչից շատ նյարդայնանում եք հասարակական տրանսպորտով երթևեկելիս և երազում եք աշխատանքի մասին, որին կարելի է հասնել ոտքով կամ հեծանվով, ապա ընտրություն արեք հենց այդ մեկի օգտին, եթե անգամ այն ավելի ցածր աշխատավարձ է ենթադրում:

ԵՐԿԱՐ ՄԻ ՏԱՏԱՆՎԵՔ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԻՋԵՎ

Եթե ունենք ընտրության հանարավորություն և երկու բնակարանը իրարից չեն տարբերվում, ունեն հավասարաչափ առավելություններ և թերություններ, ապա շատ ավելի դժվար է լինում որոշում կայացնելը:

Աշխատանքի դեպքում նույնպես, որքան երկար ենք մենք ընտրություն կատարում այդ երկուսի միջև, համեմատում դրական ու բացասական կողմերը, այնքան մեծ է հավանականությունը, որ կզղջանք՝ մյուսը չընտրելու համար. իսկ գուցե այն մեկն ավելի լա՞վը լիներ:

Այսպիսի դեպքերում ինքներս ձեզ տանջելն իմաստ չունի: Եթե երկու տարբերակն էլ միանման են, ապա պարզապես խորը շունչ քաշեք և ընտրեք դրանցից մեկն ու մեկը:

Չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվել աշխատանք փնտրելիս.

Բոլորս էլ տարբեր ենք, ունենք տարբեր ցանկություններ և պահանջներ: Բայց այս հարցերին պատասխանելով՝ դուք կնեղացնեք որոնումների շրջանակը և ավելի հեշտ կկողմնորոշվեք ձեր երազանքի աշխատանքը փնտրելիս: Եվ այսպես, ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր աշխատանքը:

Ֆիզիկական չափորոշիչներ.

  • Հաստատության ներսո՞ւմ, թե՞ դրսում:
  • Քաղաքի կենտրոնո՞ւմ, թե՞ արվարձանում կամ քաղաքից դուրս:
  • Որքա՞ն ժամանակ պետք է պահանջվի ձեզնից այնտեղ հասնելու համար:
  • Ինչպե՞ս եք հասնելու աշխատավայր՝ մեքենայո՞վ, հեծանվո՞վ, հասարակական տրանսպորտո՞վ, թե՞ ոտքով:
  • Որքա՞ն հաճախ եք ճանապարհորդելու:
  • Քանի՞ ժամ եք աշխատելու:
  • Աշխատելու եք առանձին գրասենյակո՞ւմ, թե՞ ընդհանուր տարածքում (լաբորատորիա, մեծ սրահ, խոհանոց և այլն):
  • Աղմկո՞տ, թե՞ լուռ միջավայրում:

Հուզական չափորոշիչներ:

  • Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր աշխատանքի տեմպը:
  • Աշխատանքը պետք է լինի բովանդակայի՞ն, թե՞ drive-ով:
  • Ուրա՞խ, թե՞ կենտրոնացում պահանջող:
  • Թուլացնող ու հանգստացնո՞ղ, թե՞ ոգեշնչող ու խթանող:
  • Հաստատո՞ւն, թե՞ նախաձեռնողականություն պահանջող:
  • Կանխատեսելի՞, թե՞ անկանխատեսելի:
  • Հստակ կառուցվածք ունեցո՞ղ, թե՞ անկանոն ու լողացող:
  • Պետք է լինեք ինքներդ ձեզ պե՞ս, թե՞ ադապտացվեք միջավայրին:

Սոցիալական չափորոշիչներ:

  • Ո՞ւմ հետ եք անցկացնելու ձեր ժամանակի մեծ մասը՝ հաճախորդների՞, թե՞ գործընկերների:
  • Դուք առաջնո՞րդ եք, թե՞ առաջնորդվող:
  • Աշխատում եք թիմո՞ւմ, թե՞ ինքնուրույն:
  • Աշխատանքը համագործակցայի՞ն է, թե՞ մրցակցային:
  • Աշխատակիցների միջև հարաբերությունները հորիզոնակա՞ն են, թե՞ ուղղահայաց:
  • Մե՞ծ, թե՞ փոքր է ընկերությունը:
  • Ազատամի՞տ, թե՞ պահպանողական:
  • Ի՞նչ ընդհանուր դեմոգրաֆիական պատկեր է ներկայացնում ձեր ընկերության աշխատակազմը:

Դե ինչ, արդեն կողմնորոշվեցի՞ք, թե որն է ձեր երազանքի աշխատանքը: Ժամանակն է մտածել այն նվաճելու ուղղությամբ…

Աղբյուր

In this article


Join the Conversation