4 ՀՆԱՐՔ ԱՆԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեզնից շատ շատերին նոր ձեռքբերումներ ունենալու համար խանգարում է անինքնավստահությունը: Իրականում աշխարհի ամենահայտնի ու հաջողակ մարդիկ նույնպես շատ հաճախ կասկածում են սեփական հնարավորությունների վրա: Ռիչարդ Սենթ Ջոնը անդրադարձել է այս խնդրին իր «Հրաշալի ութնյակը» գրքում:

9527
4 հնարք անինքնավստահությունը հաղթահարելու համար

Ահա 4 տեխնիկական հնարքներ, որոնք կիրառում են հանրահայտ մարդիկ իրենց տանջող կասկածներից ու անինքնավստահությունից ազատվելու համար: Վստահ ենք, որ դրանք կարող են պետք գալ նաև ձեզ:

ՀՆԱՐՔ 1-ԻՆ. ԵՍ ՍԱ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՄ

Երբ ձեզ տանջում են կասկածները և չի բավականացնում հավատը սեփական ուժերի հանդեպ, մի պահ հետ նայեք և հիշեք ձեր հաջողություններն ու նվաճումները: Պետք չէ երկար քչփորել անցյալը, պարզապես հիշեք այն իրավիճակները, որոնցից դուք հաղթողի դերում եք դուրս եկել: Ասացեք ինքներդ ձեզ. «Չէ՞ որ ես սա արդեն արել եմ. ուրեմն կարող եմ անել ևս մեկ անգամ»:

Գոլֆի լեգենդ Թայգեր Վուդսը կիրառում է հենց այս հնարքը: Վերջին ու վճռական հարվածը կատարելիս, նա ինքն իրեն ասում է.

«Դու դա արդեն հազար անգամ արել ես: Պարզապես հանգստացիր, մոտեցիր և գնդակը գլորիր դեպի անցքը»:

4 հնարք անինքնավստահությունը հաղթահարելու համար
Թայգեր Վուդսը

Manulife ֆինանսական ապահովագրական ընկերության փոխնախագահ Դայանա Բինն ասում է.

«Ամբողջ հարցը փորձի մեջ է: Սկզբից մտածում ես, որ ոչինչ չգիտես և կձախողես գործը: Բայց հետո գլուխ ես հանում և անցնում հաջորդ խնդրին: Նորից քեզ թվում է, թե ոչինչ չգիտես այս մեկի մասին, բայց բավական է հիշել, թե նախորդ անգամ ինչպես հաղթահարեցիր նմանատիպ մեկ այլ խնդիր, և հասկանում ես, որ այս անգամ էլ ամեն ինչ կստացվի»:

ՀՆԱՐՔ 2-ՐԴ. ՇՐՋԱՆՑԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

Այս հնարքի էությունն այն է, որ դուք թույլ չեք տալիս ձեզ մտածել այդ կասկածների մասին, քանի որ այնքան արագ եք անցնում գործի, որ այդ կասածները պարզապես չեն հասցնի ձեր հետևից:

4 հնարք անինքնավստահությունը հաղթահարելու համար
Սթիվեն Քինգը

Այս հնարքն օգտագործում է աշխարհահռչակ գրող Սթիվեն Քինգը: Նա ասում է.

«Ես միլիոնավոր պատճառներ կարող եմ գտնել ինքս իմ մեջ կասկածելու համար: բայց եթե ես արագ եմ գրում՝ գրի առնելով այն սյուժեն, որը գալիս է մտքիս միայն ճշտելով հերոսների անունները և կենսագրական ամենակարևոր տվյալները, ես կարողանում եմ պահպանել իմ սկզբնական ոգևորվածությունն ու ներշնչանքը և միևնույն ժամանակ փախչում եմ այն կասկածներից, որոնք պատրաստ սպասում են հարմար պահի ինձ վրա հարձակվելու համար»:

ՀՆԱՐՔ 3-ՐԴ. ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Այս հնարքի միջոցով նույնպես կարելի է ճնշել կասկածները: Հանրահայտ երաժիշտ ու երգահան Գարի Բյորթոնը ասում է.

«Յուրաքանչյուր արվեստագետ տատանվում է երկու մտքի միջև, մեկը այն է, որ նա ստեղծել է հերթական ապուշությունը, մյուսը այն, որ նրա ստեղծագործությունն իսկական գլուխգործոց է»:

4 հնարք անինքնավստահությունը հաղթահարելու համար
Գարի Բյորթոնը

Սեթ Գոդինը հանրահայտ գրող է՝ գործնական բեսթսելլերների և դրանց նկարազարդումների հեղինակ: Նա ասում է.

«Ես այս ու այն կողմ եմ նետվում իմ մտքերի միջև. մեկ ինձ թվում է, թե ես լավ գիրք եմ գրում, մեկ ինձ թվում է, թե իմ գրած ամեն մի էջը ցույց է տալիս, թե ինչ հիմար ու ձանձրալի մարդ եմ ես»:

Իրականում այս երկու տարբերակի միջև տատանվելը բոլորովին էլ վատ չէ, վատ է շատ երկար ժամանակ այդ մտքերից մեկին կառչած մնալը:

ՀՆԱՐՔ 4-ՐԴ. ՊԱՌԿԵԼ ՔՆԵԼՈՒ, ԵՐԲ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՈՒԺԵՐԻ ՎՐԱ

Անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ զբաղվող Amberwood Productions ընկերության գլխավոր տնօրեն Շելդոն Ուայզմենը ասում է.

«Անշուշտ, ինձ մոտ էլ են առաջանում նման կասկածներ: Եվ երբեմն այնքան ծանր, որ ես էլ եմ զարմանում, թե ինչպես եմ կարողանում դրանցից ազատվել: Ես պարզապես թույլ չեմ տալիս դրանց ինձ տրորել ու ոչնչացնել: Ինձ շատ հաճախ օգնում է լավ քունը: Ես պառկում եմ քնելու, իսկ երբ արթնանում եմ, կրկին լի եմ լինում ոգևորությամբ, բաձր տրամադրությամբ ու պատրաստ եմ լինում անգամ սարեր շուռ տալ»:

In this article


Join the Conversation