ԱՌԱԿ. ԿԱՆԳ ՄԻ ԱՌ, ԳՆԱ ԱՌԱՋ

Կյանքը անսահամանափակ հնարավորություններ է առաջարկում մեզ, և նրանք, ովքեր կլինեն համարձակ ու նախաձեռնող, կարող են հասնել մեծ ու նշանակալի բարձունքների: Իսկ նրանք, ովքեր ձգտումներ ու նպատակներ չունեն, ամբողջ կյանքում ստիպված կլինեն հավաքել անտառի եզրին թափված ծառի ճյուղերը՝ այդպես էլ չհասնելով այն գանձերին, որոնք գտնվում էին անտառի խորքում:

9519
Գնա առաջ

Շատ տարիներ առաջ հեռու-հեռավոր երկրում մի փայտահատ էր ապրում: Նա գնում էր հարևան անտառ, փայտ կոտրում և տանելով մոտակա քաղաքը՝ վաճառում էր դրանք: Ստացված գումարով, սակայն, նա և նրա ընտանիքը շատ աղքատ էին ապրում:

Մի օր, երբ փայտահատը ճանապարհից քիչ հեռու փայտ էր կոտրում, նրա կողքով անցավ մի ճանապարհորդ: Նա տեսավ փայտահատին և ուտելու բան խնդրեց նրանից: Փայտահատը սիրով կիսեց իր հացը նրա հետ: Երբ ճանապարհորդը վերջացրեց ուտելը, շնորհակալություն հայտնեց և ասաց փայտահատին. «Կանգ մի առ, գնա առաջ»:

Փայտահատը զարմացավ այս խոսքերից. «Ես գիտեմ այս անտառը, արդեն քանի տարի շարունակ այստեղ փայտ եմ կոտրում: Այս անտառում միայն վառելափայտ կա, ինչո՞ւ գնամ առաջ, եթե առջևում միայն նմանատիպ ծառեր են»: Եվ այնուամենայնիվ, փայտահատը որոշեց լսել ճանապարհորդին և առաջ գնալ՝ դեպի անտառի խորքը: Որոշ ժամանակ առաջ գնալով՝ նա մի սանդալենի տեսավ՝ ծառ, որը շատ թանկ էր գնահատվում: Նա կտրեց ծառը և իր հետ վերցնելով այնքան, որքան կարող էր տանել, ճանապարհ ընկավ դեպի քաղաք:

Նա վաճառեց սանդալենու փայտը և մի քանի անգամ ավելի շատ գումար աշխատեց, քան նախկինում, երբ սովորական փայտ էր վաճառում: Հիմա նա մի շաբաթ կարող էր ապահովել իր ընտանիքին:

Հաջորդ անգամ, երբ փայտահատը գնաց անտառ, նա անցավ այն փայտերի կողքով, որ թողել էր մինչև սանդալենին գտնելը և շարունակեց ճանապարհը դեպի անտառի խորքը: Նա հասավ հատված սանդալենու մոտ, և թեև այնտեղ դեռ կային ճյուղեր, որ ինքը կարող էր տանել քաղաք և վաճառել, փայտահատը հիշեց ճանապարհորդի խոսքերը և որոշեց կանգ չառնել ու առաջ գնալ:

Նա անցավ էլի ճանապարհ և հանկարծ պղնձի հանք գտավ: Նա հավաքեց բավականաչափ հանքաքար, տարավ քաղաք և վաճառելով՝ բավականաչափ գումար աշխատեց: Հիմա նա իր սեփական տունն ուներ և երջանիկ ու բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիք:

Բայց փայտահատը կրկին որոշեց անտառ գնալ: Նա անցավ հատված փայտերի, սանդալենու ճյուղերի և անգամ պղնձի հանքի մոտով և որոշեց էլի առաջ գնալ: Որոշ ժամանակ անց նա արծաթի հանք գտավ: Հավաքեց այնքան արծաթ, որքան կարող էր տանել և տուն գնաց: Հիմա նա համարվում էր իր քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Նա կարող էր ունենալ այն ամենը, ինչ որ կուզեր: Նա դարձել էր ավելի երջանիկ ու կենսուրախ, սկսել էր ավելի հաճախ ժպտալ, բայց որոշ ժամանակ անց նա որոշեց նորից ճանապարհ ընկնել:

Նա եկավ անտառ, անցավ հատված փայտերի, սանդալենու ճյուղերի, պղնձի հանքի մոտով, հասավ արծաթե հանքին և հիշեց ճանապարհորդի խոսքերը՝ «Գնա առաջ»: Եվ գնաց առաջ: Անատառի խորքում նա հասավ մի գետի, և երբ կռացավ ջուր խմելու համար, ջրի մեջ մի կտոր ոսկի տեսավ:

Նա լվաց, մաքրեց ոսկին և իր հետ վերցնելով բավականաչափ քանակություն՝ վերադարձավ իր տուն: Հիմա նա հարուստ, հարգված ու հաջողակ մարդ էր համարվում: Բայց շատ ժամանակ չանցած կրկին որոշեց անտառ վերադառնալ:

Նա եկավ անտառ, անցավ հատված փայտերի, սանդալենու ճյուղերի, պղնձի և արծաթի հանքերի մոտով, հասավ այն գետին, որի հատակից ոսկի էր գտել, բայց հիշելով ճանապարհորդի խոսքերը՝ շարունակեց ճանապարհը: Երբ հասավ մի մեծ սարի, նկատեց, որ իր ոտքերի տակ ինչ-որ բան է շողում: Նա կռացավ և շողացող ալմաստ տեսավ: Իր նոր հարստությամբ նա տուն վերադարձավ և դարձավ ողջ քաղաքի ամենահարուստ մարդը: Հիմա նա ապրում էր իր ընտանիքի հետ երջանիկ ու համերաշխ իր մեծ ու գեղեցիկ տանը:

Արդեն նախկին փայտահատը սիրում էր գնալ անտառ, նստել իր կողմից շատ ժամանակ առաջ թողնված փայտե կապոցների մոտ և մտածել իր անցած ճանապարհի մասին: Եվ մի օր նա կրկին տեսավ նույն ճանապարհորդին, որ անցնում էր անտառի ճանապարհով: Նա իր տուն հրավիրեց այն մարդուն, ով իրեն խորհուրդ էր տվել առաջ գնալ: Նրանք միասին ճաշեցին և փայտահատն առաջարկեց ճանապարհորդին իր հարստության կեսը: Բայց ճանապարհորդը, շնորհակալություն հայտնելով հյուրասիրության համար և հրաժարվելով այդ առաջարկից, ասաց փայտահատին՝ Գնա առաջ…

In this article


Join the Conversation