Սովորական անձևանոցները եթե անգամ մասամբ կարող են հեծանվորդին պաշտպանել անձրևից, ապա հեծանիվը, նստատեղն ու ղեկը անպայման թրջվում են: Vanmoof հեծանվային ընկերությունը ստեղծել է անջրանցիկ թիկնոց հեծանվորդների համար, որը նրանց կօգնի չոր մնալ անգամ հորդառատ անձրևի ժամանակ:
Այս նորարարությունը կոչվում է Boncho: Այն ասես վրան լինի հեծանվորդի ու հեծանվի համար: Անվանումն առաջացել է bike և poncho բառերի համադրությունից:
Նոր բան հայտնագործելու փոխարեն հեղինակները պարզապես ձևափոխել են այս հագուստի պարագան այնպես, որ այն իրոք հարմար լինի հեծանվորդին: Boncho-ի առաջնային մասը կիսակոշտ նյութից է ստեղծված: Այն ամրացվում է հեծանվի ղեկին և թույլ չի տալիս, որ հեծանվորդի ոտքերը թրջվեն ոտնակները պտտելու ժամանակ:
Պոնչոն շատ հեշտ է ծալել և տեղավորել հատուկ իր համար նախագծված պատյանի մեջ: Այն շատ հարմարավետ է և հեշտությամբ կցվում է հեծանվին: Boncho-ն շատ թեթև է և համապատասխանում է բոլոր տեսակի հեծանիվներին: Boncho-ի մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ նրա վրայից հեշտությամբ կարելի է սաղավարտ կրել:
Բոնչոն նախագծել են Շեյն Լիուն և Վիկի Լինը՝ Vanmoof-ի թիմի հետ համատեղ: Նախագիծն այժմ գտնվում է Kickstarter-ում, և թեև դրամահավաքի ավարտին դեռ 4 օր կա, բայց հեղինակներն ադրեն գերազանցել են իրենց դրած նշաձողը գրեթե 7 անգամ՝ նախապես սահմանված 15.000 եվրոյի փոխարեն հավաքելով ավելի քան 100 000 եվրո:
Boncho-ն կարելի է ձեռք բերել 60 դոլարով՝ ընտրելով փիրուզագույն, մոխրագույն և դեղին գույներից: Կարելի է ընտրել նաև համապատասխան չափը՝ փոքր, միջին և մեծ: Հեղինակները ունեն նաև հետաքրքիր առաջարկներ մեկից ավելի Boncho պատվիրողների, ինչպես նաև ընկերությունների համար, ովքեր կարող են պատվիրել, օրինակ, իրենց լոգոտիպով թիկնոցներ ողջ աշխատակազմի համար՝ վճարելով ավելի ցածր գին:
Join the Conversation