
Վերելքների ու վայրէջքների անհավանական պատմությունները, հեշտ ու շատ փողերը, ռոմանտիկա, մի խոսքով այն ամենը, ինչ շրջապատում է ստարտափներին, վաղուց հայտնվել է կինոռեժիսորների ուշադրության կենտրոնում:
Տեխնոլոգիական հսկաների շուրջ, ինչպիսիք են Սթիվ Ջոբսը, Բիլլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, արդեն վաղուց լեգենդներ էին պտտվում, և պարզապես մեղք կլիներ ֆիլմեր չնկարահանել այն մասին, թե ինչպես են նրանք հիմնել իրենց ստարտափները: «Startup.com» կամ «E-Dreams» փաստագրական աշխատանքները իսկական ուղեցույց են բիզնես սկսնակների համար, կամ ավելի ճիշտ սովորեցնում են, թե ինչպես պետք չէ վարվել, քանի որ հիմնված են իրական ձախողման պատմությունների վրա:
Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում 10 լավագույն ֆիլմերը ստարտափների մասին՝ ըստ Forbes-ի:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ/THE SOCIAL NETWORK
Տարեթիվ: 2010
Ռեժիսոր: Դեյվիդ Ֆինչեր
Ժանր: Դրամա, կենսագրություն
«Սոցիալական ցանցը» Դեյվիդ Ֆինչերի ֆիլմն է Ֆեյսբուքի ստեղծման մասին։ Ահարոն Սորկինի գրած սցենարի համար հիմք է հանդիսացել Բեն Մեզրիչի «Անկախ քեզնից միլիարդատեր. ինչպես ստեղծվեց Ֆեյսբուքը. պատմություն փողերի, հանճարի և դավաճանության մասին» (2009) գիրքը։ Երեք Օսկար, 4 Ոսկե Գլոբուս և հազարավոր երիտասարդներ, որոնք ֆիլմի գլխավոր հերոսի օրինակով որոշեցին սկսել իրենց ստարտափը:
Ֆիլմի ռեժիսորները, ինչպես և գրքի հեղինակը չեն ջանացել պահպանել բոլոր իրական փաստերը, սակայն այդ փաստերը այդքան էլ կարևոր դեր չեն խաղացել Ֆեյսբուք սոցիալական ցանցը ստեղծելու ժամանակ: Ի վերջո, շատ փաստեր ծածկվել կամ մոռացվել են, իսկ Ցուկերբերգի գործն ու անհատականությունն արդեն լեգենդ են դարձել: Այս ֆիլմը առաջին հերթին հենց նրա կերպարի մասին է: Այստեղ նա ներկայացված է թե՛ դրական, թե՛ բացասական կողմերով:
Ֆիլմի ամենամեծ աշխատանքներից մեկը կատարել է սցենարիստը՝ Ահարոն Սորկինը, ով այս ամբողջ պատմությունն ադապտացրել է հոլիվուդյան ֆիլմերի լավագույն ավանդույթներին համապատասխան:
ՍԹԻՎ ՋՈԲՍ/ STEVE JOBS
Տարեթիվ: 2015
Ռեժիսոր: Դեննի Բոյլ
Ժանր: Դրամա, կենսագրություն
Ֆիլմը հիմնված է Ուոլթեր Այզեքսոնի կենսագրական գրքի վրա, սցենարի հեղինակը նույն Ահարոն Սորկինն է՝ «Սոցիալական Ցանց» ֆիլմի սցենարիստը: Ֆիլմի գործողությունների կենտրոնում Apple-ի երեք նշանակալի ցուցադրություններն են, իսկ լարման կետը iMac-ի ցուցադրությունն է: Այս ժապավենը ծանոթացնում է կինոդիտողներին Apple-ի ներքին խոհանոցի և նրա հանճարեղ հիմնադրի կյանքի հետ:
Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այս ֆիլմի մասին այսպես է արտահայտվել.
«Ես զգում եմ ջոբսյան ոգին այստեղ: Ես համաձայն չեմ միայն մեր ընդհարման տեսարանների հետ, որովհետև այդպիսի բան չի եղել. ես երբեք նրան չեմ մեղադրել ինձնից գաղափարներ գողանալու մեջ: Այնուամենայնիվ, այս տարբերակն ինձ ավելի է դուր գալիս, քան նախորդը: Այս ֆիլմն ավելի հավաստի է, ես այստեղ ոչ թե դերասանների եմ տեսնում, այլ մարդկանց, այդ թվում՝ Ջոբսին»:
Նշենք, որ Ջոբսի մասին նախորդ ֆիլմը հայտնվել էր էկրաններին 2013 թվականին: Սթիվ Ջոբսի դերում հանդես էր գալիս Էշթոն Քաթչերը: Ֆիլմը ոչ միանշանակ արձագանքների է արժանացել, սակայն, անշուշտ, այն նույնպես արժե դիտել:
ՕԳՈՍՏՈՍ/ AUGUST
Տարեթիվ: 2008
Ռեժիսոր: Իսթին Չիկ
Ժանր: Դրամա
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում սեպտեմբերի 11-ից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Ֆիլմի հերոսները՝ Թոմ և Ջոշ Սթերլինգները, «Լենդշարք» հաջողակ ինտերնետ-ընկերության հիմնադիրներ են: Բիզնեսը սրընթաց կերպով աճում է, եղբայրներից մեկը շարունակում է համառորեն աշխատել, իսկ մյուսը թևավորվում է ունեցած փառքով ու փողերով:
Բայց երբ ահաբեկիչները պայթեցում են հանրահայտ երկվորյակ-աշտարակները, այն ամենը, ինչ ձեռք էին բերել և ինչին ձգտում էին եղբայրները, մոխիր է դառնում: Ֆիլմում ներկայացված են ընկերության գլխապտույտ վերելքն ու վայրկենական փլուզումը: Սա պատմություն է բիզնեսի կառուցման մասին, ձեռնարկության և մարդկանց մասին:
ՍՏԱՐՏԱՓ.ՔՈՄ / STARTUP.COM
Տարեթիվ: 2001
Ռեժիսոր: Քրիս Հեգեդուս, Ջեհեն Նունջեյմ
Ժանր: Փաստագրական
«Ամերիկյան երազանքի արևածագն ու մայրամուտը». սա ֆիլմի լոզունգն է, որը հրաշալի արտացոլում է ֆիլմի էությունը: Ֆիլմի կենտրոնում Քալեյլ Թուզմանի և Թոմ Հերմանի GovWorks.com ստարտափի պատմությունն է՝ սկսած նրա հիմնադրումից (1999) մինչև սնանկացումը(2000):
Կայքը հնարավորություն էր տալիս անմիջականորեն շփվել տեղական իշխանությունների հետ: Սա փաստագրական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես պետք չէ վարել ինտերնետ-բիզնեսը: Այն կարող է շատ ավելի օգտակար լինել, քանի մի քանի success-story միասին վերցրած:
ՆԵՐԲԵՌՆՈՒՄ: ԻՆՏԵՐՆԵՏԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ/ DOWNLOAD: THE TRUE STORY OF THE INTERNET.COM
Տարեթիվ: 2008
Ռեժիսոր: Ջուլիան Ջոնս
Ժանր: Փաստագրական մինի-սերիալ (4 սերիա)
Այս մինի-սերիալը մանրամասն ներկայացնում է համաշխարհային սարդոստայնի պատմության ամենակարևոր դրվագները՝ բրաուզերների պայքարը, որոնողական համակարգերի հաջողությունները և նրանց բուռն աճը, Web 2.0-ի ստեղծման պատմությունը և այլն, և այլն:
Ինտերնետը ներկայացվում է որպես մի մեծ համակարգ, որը գոյություն ունի արյան շարունակական թարմացման շնորհիվ՝ նոր գաղափարների, նոր մարդկանց, ճգնաժամերի, ընկերությունների կործանման և նորերի ստեղծման շնորհիվ:
ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎՏԻ ՑԱՆՑԱՀԵՆՆԵՐԸ/ PIRATES OF SILICON VALLEY
Տարեթիվ: 1999
Ռեժիսոր: Մարտին Բերք
Ժանր: Հեռուստատեսային ֆիլմ/ դրամա/ փաստագրական
«Եթե չես կարողանում գտնել իսկապես հանճարեղ միտք, ապա գնիր այն կամ գողացիր», – ահա Մարտին Բերքի ֆիլմի հիմնական գաղափարը: Սա առաջին ֆիլմերից մեկն է եղել ստարտափների մասին և մանրամասն նկարագրում է, թե ինչպես են ձևավորվել 2 հսկա ընկերությունները՝ Microsoft-ը և Apple-ը: Ի տարբերություն մնացած ֆիլմերի՝ այստեղ պատմությունները ճոխացված և իդեալականացված չեն: Այստեղ պարզ երևում են թե՛ նրանց առավելությունները, թե՛ թերությունները:
Բացի Microsoft-ից և Apple-ից, ֆիլմում ներկայացված են նաև պատմություններ IBM և Xerox ընկերությունների հետ կապված: Ինչպես հայտնի է, այս ընկերություններն էական դեր են խաղացել Apple-ի և Microsoft ընկերությունների ձևավորման գործում:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ/ E-DREAMS
Տարեթիվ: 2001
Ռեժիսոր: Վոնսոկ Չին
Ժանր: Փաստագրական
Եվս մեկ փաստագրական ուղեցույց այն մասին, թե ինչպես պետք չէ բիզնեսով զբաղվել: Ֆիլմը պատմում է Kozmo.com ստարտափի պատմությունը, որն առաջարկում էր 1 ժամից քիչ ժամանակահատվածում առաքել մանր ապրանքներ և ծանրոցներ հեծանվով, մեքենայով կամ հասարակական տրանսպորտով:
Սկզբում բոլորին թվում էր, թե գաղափարն աշխատում է: Միայն մեկ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվը 11-ից հասավ 3000-ի, ընկերության արժեքը հասավ մի քանի հարյուր միլիոն դոլարի: Սակայն 2001 թվականին ընկերությունը սնանկանացավ և դադարեցրեց իր գործունեությունը:
CTRL+ALT+COMPETE
Տարեթիվ: 2011
Ռեժիսոր: Բրայան Գիբերսոն
Ժանր: Փաստագրական
Ի՞նչ է ստարտափ-ընկերությունը, ո՞րն է նրա առաքելությունը, կառուցվածքը, կա՞ արդյոք իրական օգուտ այդ ընկերություններից: Այս և շատ այլ հարցերի պատասխանում են 5 բոլորովին տարբեր ստարտափ ընկերությունների հիմադիրներ: Հինգ ընկերություն, հինգ ձեռնարկատեր, հինգ բիզնեսի կառավարման մոդել:
Ֆիլմը նկարահանվել է Microsoft-ի ֆինանսավորմամբ և օգտագործվում է որպես ձեռնարկ տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների համար: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է և իր տեղում, առանց ավելորդությունների և ինքնագովազդի:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ОS/ REVOLUTION OS
Տարեթիվ: 2001
Ռեժիսոր: Ջի Թի Էս Մուր
Ժանր: Փաստագրական
Ֆիլմը պատմում է GNU և Linux օպերացիոն համակարգերի մասին, որոնք ապացուցեցին, որ կարող են գոյություն ունենալ այլ օպերացիոն համակարգեր Microsoft-ից և Apple-ից բացի և միևնույն ժամանակ լինել անվճար: Ֆիլմում ներկայացված են Linux-ի հիմնադիր Լինուս Թորվալդսի և GNU-ի հիմնադիր Ռիչարդ Մեթյու Սթոլմանի մեկնաբանությունները, ինչպես նաև բազմաթիվ ակտիվիստների մեկնաբանությունները, ովքեր պայքարում են բաց կոդի քաղաքականության համար:
ԿՈԴ ՌԱՇ/ CODE RUSH
Տարեթիվ: 2000
Ռեժիսոր: Դևիդ Բինթոն
Ժանր: Փաստագրական
Ավելի քան մեկ տարի Դևիդ Բինթոնի թիմը նկարահանում էր Netscape ընկերության աշխատակիցների կողմից նոր բրաուզերի ստեղծման ընթացքը: Այս բրաուզերը պետք է փրկեր ընկերությանը կործանումից:
Իրականում հաջողության պատմություն այդպես էլ տեղի չունեցավ. 1999 թվականին Netscape-ը գնվեց AOL Inc. ընկերության կողմից: Բրաուզերը հետագայում բոլորիս ավելի հայտնի դարձավ. դա Mozilla Firefox-ն էր:
In this article
- ՍՏԱՐՏԱՓ
- ՖԻԼՄԵՐ
- «E-Dreams
- GovWorks.com
- Linux օպերացիոն համակարգ
- Microsoft
- Mozilla Firefox
- Startup.com
- ահաբեկիչներ
- ամենալավ ֆիլմերը
- Ամերիկյան երազանք
- բիզնես
- Բիլլ Գեյթս
- Դեյվիդ Ֆինչեր
- իրական պատմություն
- լավագույն ֆիլմերը ստարտափների մասին. Social Network
- կենսագրական դրամա
- կինո
- կինոդիտում
- համաշխարհային սարդոստայն
- հաջողության պատմություն
- հեռուստատեսային ֆիլմ
- հուզիչ ֆիլմեր
- Մարկ Ցուկերբերգ
- միլիարդատեր
- մոտիվացիա
- մոտիվացնող պատմություններ
- մոտիվացնող ֆիլմ
- մոտիվացնող ֆիլմեր
- ոգեշնչող ֆիլմ
- ոգեշնչող ֆիլմեր
- Ուոլթեր Այզեքսոն
- Ջոբսի մասին ֆիլմ
- ռեժիսոր
- Սթիվ Ջոբս
- Սթիվ Ջոբսի մասին
- Սթիվ Վոզնյակ
- Սիլիկոնյան հովիտ
- սկսնակ
- ստարտափ-ընկերություն
- ստարտափի պատմություն
- Ցուկերբերգ
- փաստագրական աշխատանքներ
- օգոստոս
- Ֆեյսբուքի ստեղծման մասին
- ֆիլմ
- ֆիլմեր
- ֆիլմի գործողություններ
Join the Conversation