ԱՌԱԿ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ինչո՞ւ են ոմանց երազանքներն իրականություն դառնում, իսկ ոմանք միայն բողոքում իրենց ճակատագրից: Մարդիկ պարզապես մոռանում են, որ երազանքները երբեք հենց այնպես չեն իրականանում. ամեն երազանք ունի իր գինը:

11926
առակ երազանքների իրականացման մասին

Տիեզերքի սահմանների մոտ մի խանութ կար, որի ցուցանակը շատ վաղուց փոթորիկը քշել տարել էր: Բայց խանութի տերն այդպես էլ նորը չէր ամրացրել խանութի տանիքին, քանի որ բոլորին էր հայտնի, որ խանութում վաճառվում էին երազանքներ:

Խանութի տեսականին հսկայական էր. այստեղ փաստացի կարելի էր գնել ամեն ինչ՝ մեծ զբոսանավեր, բնակարաններ, ամուսնություն, ընկերության փոխնախագահի պաշտոն, փող, երեխաներ, սիրելի աշխատանք, սլացիկ կառուցվածք, հաղթանակ մրցույթում, շքեղ մեքենաներ, հաջողություն և այլն, և այլն: Այստեղ միայն կյանք ու մահ չէին վաճառում. դրանց համար հարկավոր էր Կենտրոնական գրասենյակ դիմել:

Խանութի յուրաքանչյուր այցելու (կային նաև մարդիկ, ովքեր իրենց կյանքում երբեք և ոչ մի անգամ չէին եկել խանութ, նրանք միայն նստում էին տանը և ցանկանում էին ինչ-որ բաներ ունենալ) առաջին հերթին իմանում էր իր երազանքի գինը:

Գները տարբեր էին: Օրինակ, սիրելի գործ ունենալը ուներ հաստատուն կյանքից ու կանխատեսելիությունից հրաժարվելու, սեփական կյանքը ինքնուրույն պլանավորելու և կառուցելու պատրաստակամության, սեփական ուժերի հանդեպ հավատի ու ինքնակառավարման գինը:

Իշխանությունն արժեր ավելին. այն ձեռք բերելու համար հարկավոր էր հրաժարվել որոշ սեփական սկզբունքներից, ամեն ինչին տրամաբանական բացատրություն գտնել, կարողանալ ժամանակ առ ժամանակ մերժել մարդկանց և հայտարարել սեփական «ես»-ի մասին՝ հաշվի չառնելով շրջապատի համակրանքը կամ հակակրանքը:

Որոշ գներ տարօրինակ էին թվում. օրինակ, ամուսնությունը կարելի էր գնել գրեթե անվճար, իսկ ահա երջանիկ կյանքը թանկ արժեր. դրա համար հարկավոր էր վճարել սեփական երջանկության համար անձնական պատասխանատվությամբ, ունեցածը գնահատելու և կյանքից հաճույք ստանալու կարողությամբ, սեփական ցանկությունների իմացությամբ, սեփական արժեքի ու կարևորության գիտակցությամբ, նաև զոհի կարգավիճակից հրաժարվելու և որոշ ընկերների ու ծանոթների կորցնելու գնով:

Ոչ ամեն այցելու էր պատրաստ լինում անմիջապես գնել իր երազանքը: Մի մասը, գինը իմանալով, անմիջապես շրջվում ու հետ էին դառնում: Մյուսները երկար կանգնում էին մտածմունքների մեջ՝ հաշվելով իրենց ունեցած կանխիկ միջոցները և մտածելով, թե էլ որտեղից կարող են գտնել պակասող միջոցները: Իսկ ինչ-որ մեկն էլ սկսում էր բողոքել, որ գները չափազանց բարձր են, ու խնդրում էր զեղչ անել, կային նաև սեզոնային զեղչերով հետաքրքրվողներ:

Սակայն կային նաև մարդիկ, ովքեր բերում էին իրենց հետ ունեցած ամբողջ խնայողությունները և ստանում էին այդքան ցանկալի երազանքը՝ փաթեթավորված գեղեցիկ ու ճռճռան թղթի մեջ: Մյուս հաճախորդները նախանձով նայում էին այդ երջանիկներին՝ քչփչալով այն մասին, որ խանութի տերը նրանց ծանոթն է, և որ երազանքը նրանց բաժին է հասել հենց այնպես, առանց ջանքերի:

Խանութի տիրոջը հաճախ էին առաջարկում ավելի մատչելի գներ նշանակել, որպեսզի գնորդների թիվն ավելանա, բայց նա հրաժարվում էր, քանի որ դրանից կտուժեր նաև երազանքների որակը:

Իսկ երբ նրան հարցնում էին, թե չի վախենում արդյոք սնանկանալուց, նա բացասական շարժում էր գլուխը և ասում, որ միշտ էլ գտնվում են համարձակներ, ովքեր պատրաստ են ռիսկի գնալ և փոխել իրենց կյանքը, հրաժարվել սովորական ու կանխատեսելի կյանքից, պատրաստ են հավատալ իրենք իրենց, իրենց ուժերին և կարողություններին, որպեսզի վճարեն սեփական երազանքների համար:

Իսկ խանութի դռան վրա արդեն մի քանի հարյուրամյակ կախված էր նույն հայտարարությունը. «Եթե ձեր երազանքը դեռ չի իրականացել, ուրեմն դրա համար դեռ վճարված չէ»:

In this article


Join the Conversation