Այս առակները հրաշալի մտապահվում են և կարող են ձեզ օգնության հասնել համապատասխան իրավիճակներում:
ՀԱՇՎԱՊԱՀԸ, ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ, ՄԵՆԵՋԵՐԸ ԵՎ ՋԻՆԸ
Մի անգամ հաշվապահը, քարտուղարուհին և մենեջերը գնացին ճաշի ընդմիջման և մի հին լամպ գտան: Առանց մեծ հույսեր փայփայելու՝ նրանք շփեցին լամպը, և, ի զարմանս նրանց, դրա միջից դուրս եկավ Ջինը ու հայտարարեց.
– Ես կիրականացնեմ ձեզնից յուրաքանչյուրի մեկական երազանքը:
– Ես, ես, ես առաջինն եմ, – բացականչեց քարտուղարուհին: – Ես ուզում եմ հենց հիմա հայտնվել Բահամյան կղզիներում, սլանալ՝ մոտորանավակի վրա նստած, և ոչ մի բանի մասին չմտածել:
Այդ ասելուն պես նա միանգամից անհետացավ:
– Հիմա իմ հերթն է, իմ հերթն է,- առաջ ընկավ հաշվապահը,- ես ուզում եմ կյանքիս մեծագույն սիրո հետ Հավայան կղզիներում հայտնվել, ծովափին պառկած հանգստանալ՝ վայելելով պինա կոլադայի իմ անվերջ պաշարը:
Հաշվապահը նույնպես անհետացավ: Իսկ ջինը դիմեց մենեջերին.
– Հիմա քո հերթն է:
– Ես ուզում եմ, որ այս երկուսը ճաշի ընդմիջումից հետո վերդառնան աշխատանքի,- հանգիստ պատասխանեց մենեջերը:
Հետևություն. թույլ տվեք, որ ձեր ղեկավարը միշտ արտահայտվի առաջինը:
ԱՐԾԻՎՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ
Արծիվը նստած էր ծառի վրա, հանգստանում էր ու ոչ մի բան չէր անում: Փոքրիկ նապաստակը տեսավ նրան ու հարցրեց.
– Իսկ կարո՞ղ եմ ես էլ Ձեզ նման նստելու ոչինչ չանել:
– Այո, ինչո՞ւ՝ ոչ,- պատասխանեց արծիվը:
Նապաստակը նստեց ծառի տակ ու սկսեց հանգստանալ: Բայց հանկարծ հայտնվեց աղվեսը, բռնեց նապաստակին ու կերավ:
Հետևություն. որպեսզի նստեք և ոչինչ չանեք, պետք է նստած լինեք շա՜տ-շա՜տ բարձր:
ԵՐԿՈՒ ՎԱՃԱՌԱԿԱՆ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ
Կոշիկի արտադրությամբ զբաղվող մի խոշոր ընկերություն իր վաճառողներից մեկին գործուղման ուղարկեց Աֆրիկա: Մի շաբաթից նա ղեկավարությանը հեռագիր ուղարկեց հետևյալ բովանդակությամբ:
«Եկեք տարեք ինձ այստեղից: Ոչ մի հեռանկար չկա: Բոլորն այստեղ ոտաբոբիկ են քայլում»:
Որոշ ժամանակ անց ընկերությունը ևս մեկ փորձ որոշեց ձեռնարկել և ուղարկեց երկրորդ վաճառականին: Մեկ շաբաթից եկավ նաև նրա հեռագիրը.
«Սա մեծ հաջողություն է»,- ոգևորությամբ գրում էր վաճառականը.- «կոշիկների նոր քանակություն ուղարկեք: Շուկան գրեթե անսահմանափակ է: Այստեղ բոլորը ոտաբոբիկ ենք քայլում»:
Հետևություն. իրերն ու իրավիճակները իրենք իրենցով լավը կամ վատը չեն լինում: Այդպիսին դրանց դարձնում է մեր վերաբերմունքը:
Join the Conversation