ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԴԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվում է` գիրք կարդալու արվեստին մարդը սկսում է տիրապետել դեռ տարրական դասարաններում, և տառաճանաչ լինելն արդեն իսկ բավարար է գիրք ընթերցելու համար: Սակայն գլխապտույտ զբաղվածության պայմաններում դա միակ պայմանը չէ: Մարդը ստիպված է կառավարել իր սուղ ժամանակը և կանգնում է ընտրության առաջ՝ կարդալ, թե չկարդալ:

9394

Չկարդալով, անշուշտ, մենք ժամանակ ենք խնայում, սակայն չենք ունենում ոգեշնչման աղբյուր և հետ ենք մնում մեր մասնագիտական ոլորտի կարևորագույն միտումներից: Միևնույն ժամանակ կարդալու դեպքում շատ հաճախ պարզ է դառնում, որ մեր կարդացած 10 մասնագիտական գրքերից միայն 1-ը կամ 2-ն էին պիտանի:

Հետևելով այս պարզ խորհուրդներին՝ կարող եք վստահ լինել, որ ժամանակն իզուր չեք ծախսել:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե հեղինակը գրում է մի ոլորտի մասին, որտեղ ինքը զգալի ձեռքբերումներ չի ունեցել, ապա, որքան էլ գրքի ձևակերպումները հետաքրքիր լինեն, ներկայացված դրույթները միայն տեսական կլինեն: Չէ՞ որ ցանկացած ֆուտբոլասեր տղամարդ, բազմոցին պառկած ու գարեջուր ըմպելով, կարող է մի մեծ ֆուտբոլային մեթոդաբանություն գրել:

ԳՏԵՔ ՀԵՂԻՆԱԿԻ ԱՅԼ ԳՐՔԵՐ

Վատ է, երբ հեղինակի գրքերը համարյա չեն տարբերվում միմյանցից, և կրկնակի վատ է, երբ բոլոր գրքերը տարբեր, միմյանց հետ կապ չունեցող ոլորտներից են:

Իսկապես լավ մասնագետների գրքերը կամ զարգացնում են թեման և ուսումնասիրում այն ավելի խորությամբ, կամ ներկայացնում են միմյանց փոխլրացնող թեմաներ ու ոլորտներ և այդպիսով տրամադրում ավելի ամբողջական պատկեր: Հակառակ դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ հեղինակը պարզապես փող է աշխատում:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԳԻՐՔԸ

Աչքի անցկացրեք գրքի բովանդակության ցանկը: Գիրքն ընտրելու փուլում անպայման խուզարկեք բովանդակության ցանկը: Այն մոտավոր պատկերը կտա գրքի վերաբերյալ, և կօգնի կողմնորոշվել՝ արժե ժամանակ տրամադրել այն կարդալուն, թե ոչ:

Ուսումնասիրեք կառուցվածքը: Պատահականության սկզբունքով բացեք մի քանի էջ, և ուշադրություն դարձրեք տեքստի կառուցվածքին և խոսքի մատուցման ձևին, աղյուսակների ու գծագրերի առկայությանն ու դրանց որակին:

2/3-ի օրենքը: Աչքաչափով բացեք գիրքը ⅔ հատվածում: Եթե թեման լղոզված է, և այնպիսի տպավորություն է, որ հեղինակը «ջուր է ծեծում», ոչ մի կորնկրետ թեմա չի լուսաբանում ամբողջ խորությամբ, մեթոդներով ու գաղտնիքներով, ապա վստահաբար ամբողջ գիրքն է այդպիսին, և ոչ մի նոր բան ձեզ չի տա:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Ունեցեք ձեզ մոտ թուղթ ու գրիչ: Մասնագիտական գրականություն պետք է ընթերցել միայն թուղթ ու գրիչով (ծայրահեղ դեպքում՝ էկրանին բացված Word փաստաթղթի առջև նստած), քանի որ երզակացություններն ու կարևոր նկատառումները գրի չառնելը կնշանակի ընդհանրապես չկարդալ:

Սկսեք երկրորդ գլխից: Հեղինակների մեծ մասը գրքի առաջին գլուխը դիտարկում է որպես նախաբանի շարունակություն: Սկսեք երկրորդ գլխից: Եթե ընթերցումը հեշտ շարունակվի, ուրեմն ճիշտ եք վարվել: Իսկ եթե անհասկանալի պահեր այնուամենայնիվ լինեն, ոչ ոք չի խանգարի վերադառնալ առաջին գլխին, ուսումնասիրել այն, և հետո միայն շարունակել:

Կարդացեք միաժամանակ մի քանի գիրք: Շատերի համար մի քանի գիրք միաժամամակ կարդալն ավելի արդյունավետ է ստացվում, քան միայն 1 գիրքը: Պատճառն այն է, որ մարդու ուշադրությունը 20-40 րոպե հետո շեղվում է, և ցածր կենտրոնացվածությունը թույլ չի տալիս նյութն ամբողջ խորությամբ ընկալել: Միաժամանակ 3-5 մասնագիտական գրքերի ընթերցումն ապահովում է կենտրոնացումը և դարձնում է ընթերցանությունն ավելի արդյունավետ: Սակայն կա մի կարևոր պայման՝ գրքերը պետք է լինեն տարբեր բնագավառների: Օրինակ՝ ֆինանսներ, հարկային օրենսդրություն և փողերի լվացման մեթոդները (մարքեթինգ, հաշվապահություն և ձեռներեցություն):

Այս սկզբունքներով առաջնորդվելով՝ գիրք ընթերցելը շատ դեպքերում կարող է ավելի արդյունավետ լինել, քան նույնիսկ բուհական կրթությունը, և ձեզ թույլ կտա զարգացնել ձեր մասնագիտական որակները՝ ոլորտի համաշխարհային նվաճումներին համընթաց:

 

Լուսինե Նալբանդյան

In this article


Join the Conversation