Իմաստունների տեսակետը հաստատվում է նաև ժամանակակից հետազոտությունների արդյունքներով: Մեր խոսքերը հզոր զենք են. դրանք կարող են բարելավել մեր կյանքը և, ընդհակառակը, կործանել բոլոր հույսերն ու երազանքները: Չէ՞ որ հենց այնպես չեն հոգեբանները (և մենք նույնպես) ասում, որ պետք է դրական մտածել և արտահայտել միայն լավատեսական մտքեր:
Բավական է, ցուրտ եղանակին քայլելիս անընդհատ ինքներդ ձեզ ասեք, որ ամուր առողջություն ունեք (ոչ թե՝ «Ես չեմ կարող հիվանդանալ»), և հաստատ չեք հիվանդանա: Կարևորը դրական ուղղությամբ մտածելն ու խոսքը ժխտական տարբերակով չկառուցելն է:
Ահա թե որ արտահայտություններից են խորհուրդ տալիս խուսափել հոգեբանները՝ հիշեցնելով, որ դրանցով առաջնորդվելով, երբեք չեք կարողանա հաջողության հասնել: Այս արտահայտությունները արգելքի տակ են հաջողակ մարդկանց համար: Փորձեք դրանք վերացնել ձեր բառապաշարից նաև դուք:
Ես ընտրության հնարավորություն չունեի
Ցանկացած, անգամ անհուսալի իրավիճակում կա լուծման մի քանի տարբերակ: Եթե դուք ինչ-որ կերպ եք վարվել, դա միայն ձեր ինքնուրույն որոշման արդյունքն է եղել: Այդ դուք եք որոշել գնալ այդ ճանապարհով, այլ ոչ թե մտածել լրացուցիչ տարբերակների մասին: Մեկ ուրիշին մեղադրելու կարիք չկա:
Լավ կլիներ, այսպես վարվեի
Մոռացեք ըղձական եղանակով խոսելու մասին: Հաջողակ մարդկանց դեպքում գործողությունները տեղի են ունենում այստեղ և հիմա: Իսկ եթե դուք արդեն վարվել եք ինչ-որ կերպ, ապա պետք չէ շարունակ հիշել նույն բանի մասին և զղջալ կայացրած որոշման համար: Դաս քաղեք ձեր վրիպումից, փորձեք հետագայում այն չկրկնել և շարժվեք առաջ:
Ես չեմ կարող դա անել
Դուք չե՞ք կարող, թե՞ չեք ուզում: Հավանական է՝ երկրորդը: Եթե չեք ուզոմ, դա այլ հարց է, բայց եթե կարծում եք, որ չեք կարող, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչու:
Գիտելիքնե՞ր են պակասում, կարողություննե՞ր: Գուցե արժե ձեռք բերել դրանք: Եթե անգամ առ աջադրանքը ձեզ չափազանց դժվար է թվում, հիշեք, որ ամենադժվարը սկսելն է: Իսկ եթե իսկապես ցանկանում եք կատարել այդ գործը, ապա ամեն ինչ կստացվի, չեք էլ զգա, թե ինչպես: Այնպես որ, ամենակարևորը ցանկություն ունենալն է:
Դա անհնար է
Այո, կան բաներ, որ անհնար են, օրինակ՝ ցախավելի վրա նստած տիեզերք թռչելը կամ Կլեոպատրայի հետ առավոտյան սուրճ խմելը: Բայց սովորաբար մարդիկ այս արտահայտությունը օգտագործում են ավելի պարզ բաների դեպքում միայն այն պատճառով, որպեսզի թաքցնեն իրենց վախն ու ծուլությունը:
Բավական է՝ այդ երկուսից ազատվեք, և այլևս կարիք չի լինի այս արտահայտությունն օգտագործելու: Ցածր վարձատրվող աշխատանքի փոխարեն գտնել բարձր վարձատրվողը հնարավոր է: Սկսել սեփական գործ հնարավոր է: Ձեռք բերել ավելի հետաքրքիր շրջապատ՝ հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է:
Ես պարտավոր չեմ անել այս աշխատանքը, ինձ դրա համար չեն վճարում
Եթե ձեր ղեկավարությունը ձեզ պարզապես շարունակաբար շահագործում է, ապա անշուշտ, ճիշտ կլինի այլ աշխատանք և այլ ղեկավարություն փնտրել: Բայց եթե ձեր տնօրենը իրականում խելամիտ մարդ է և խնդրում է ձեզ որևէ լրացուցիչ գործ անել կամ ընկերության համար դժվար ժամանակահատվածում ավելի շատ աշխատել, ապա նշված արտահայտությամբ դուք պարզապես ձեր կարիերայի վրա մեծ խաչ կդնեք: Հավատացեք, ձեր արած աշխատանքն աննկատ չի անցնի և թիմին թիկունք կանգնելու ձեր պատրաստակամությունը վաղ թե ուշ կգնահատվի:
Դա ինձ չի վերաբերում
Այս արտահայտությունը սովորաբար օգտագործում են եսասեր մարդիկ: Եթ այսօր դուք անտարբեր եք այն մարդկանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեն, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ հաջորդ անգամ դուք չեք ունենա այնպիսի մարդկանց կարիք, ովքեր ձեզ օգնության ձեռք կեկնեն: Ի՞նչ կզգաք դուք, երբ մարդիկ շրջվեն ձեզ մեջքով և ասեն, որ դա իրենց չի վերաբերում: Անհատույց օգնություն տրամարդեք մարդկանց և վաղը դա անպայման կվերադառնա ձեզ՝ բումերանգի էֆեկտով:
Անիմաստ բաներ եք առաջարկում
Միայն հիմար ղեկավարները կարող են այս կերպ արձագանքել իրենց աշխատակիցների առաջարկներին: Բավական է՝ մեկ անգամ այսպիսի վերաբերմունք ցույց տալ, և այլևս ոչ մի առաջարկ չեք ստանա՝ ոչ անիմաստ, ոչ էլ խելքին մոտ:
Ավելի լավ է փոխարինեք այդ արտահայտությունը նման խոսքերով. «Վատ չէ, բայց ես կցանկանայի ուսումնասիրել բոլոր տարբերակները» կամ «Հրաշալի է, է՞լ ով ունի առաջարկներ»: Առաջին հայացքից անիմաստ թվացող 10 առաջարկներից մեկը կարող է շատ արժեքավոր դուրս գալ:
Ավելի լավ է, եկեք առաջվա պես անենք
Բոլոր հաջողակ մարդիկ տեղ են տալիս նորամուծություններին: Նոր տեխնոլոգիաներին դեմ դուրս գալով՝ դուք կործանում եք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները, մինչդեռ դրանք կարող էին զգալիորեն արագացնել և թեթևացնել ձեր աշխատանքային գործընթացը:
Կյանքն անարդար է
Ձեր ընկերն արդեն բաժնի ղեկավար է, իսկ դուք շարքային աշխատող: Դա ճակատագիր չէ. կյանքը անարդար չէ ձեր հանդեպ, իսկ մյուսի հանդեպ արդարացի: Խնդիրն այն է, որ դուք իրականում ձեր բոլոր հնարավորություններն ի գործ չեք դրել, չեք հասցրել դրսևորել ձեզ այնպես, ինչպես հարկն է, իսկ ահա ձեր ընկերն արել է այդ ամենը և օգտվել իր առաջ հայտնված հնարավորությունից: Թոմաս Էդիսոնն ասում էր, որ հաջողությունն այն է, երբ մեր պատրաստվածությունը համապատասխանում է մեր առջև հայտնված հնարավորությանը:
Ինձ դուր չի գալիս իմ աշխատանքը
Իսկապե՞ս: Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում այն փոխել: Հնարավոր չէ, որ ձեր գործատուն ձեզ կպչուն ճապավենով կապած լինի ձեր աթոռին: Ոչ մի տարիք չի կարող խոչընդոտ լինել հոգեհարազատ աշխատանք գտնելու, երկրորդ կրթություն ստանալու կամ սեփական գործ սկսելու համար:
Ես ալարում եմ
Պատկերացրեք, որ այս խոսքերն ասում են Բիլլ Գեյթսը կամ Էլոն Մասկը, և աշխատանքի գնալու փոխարեն սպորտային հագուստով ձգվում են բազմոցի վրա ու հեռուստացույց դիտում: Որքան էլ դա ցավալի չհնչի ալարկոտների համար, բայց միայն ու միայն աշխատանքը, կապ չունի մտավոր, թե ֆիզիկական, կարող է ձեզ հաջողություն բերել:
Այսպես էլ «յոլա կգնանք»
Չենք գնա: Ամեն գործ, անգամ անկարևոր թվացողը, պետք է անել, որքան հնարավոր է լավ: Միայն այս դեպքում է հնաարվոր լավ արդյունք ունենալ:
Բա գիտես, ինչ եմ իմացել
Հաջողակ մարդիկ չեն բամբասում: Իրենց ժամանակն ու էներգիան նրանք ծախսում են ավելի կարևոր գործերի վրա: Հետևեք նրան օրինակին և դուք:
Նա վատն է… Եղանակը ահավոր է … Երթևեկությունը սարսափելի է…
Վերացրեք ձեր կյանքից բացասականն իր բոլոր դրսևորումներով: Օգտագործեք այն բառերը, որոնք ոչ մի ժխտական մասնիկ չեն պարունակում իրենց մեջ: նախապաստվությունը այն արտահայտություններին տվեք, որոնք իրենց հետ միայն դրական մտքեր են բերում: Այդ դեպքում իսկապես ձեր կյանքը կփոխվի դեպի լավը:
Բառերն են, որ ձևավորում են մեր կյանքի ուղին: Սկսեք ձեր կյանքի փոփոխությունը բառապաշարի փոփոխությունից: Ամեն ինչ կստացվի, կտեսնեք:
In this article
- ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- անտարբերություն
- աշխատանք
- արգելված խոսքեր
- բամբասանք
- բառեր
- դժգոհություն
- դրական խոսքեր
- դրական մտքեր
- երազանքներ
- ընտրություն
- ինչպես հաջողության հասնել
- ինչպես հասնել հաջողության
- ինչպես հասնել նպատակին
- խոսքեր
- խորհուրդներ
- ծուլություն
- հաջողակ մարդիկ
- հաջողություն
- Հոգեբան
- հոգեբանություն
- մտածելակերպ
- մտածողություն
Join the Conversation