ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ՌԵԶՅՈՒՄԵԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ

Ուղեկցող նամակն այն բանի ապացույցն է, որ դուք իսկապես ցանկանում եք աշխատել տվյալ ընկերությունում: Այդ պատճառով ուղեկցող նամակի ոճն ու բովանդակությունը ավելի անհատական մոտեցում են պահանջում, քան ռեզյումեն:

26002
Ինչպես գրել ուղեկցող նամակ

Աշխատանքի համար դիմելիս ռեզյումեին ուղեկցող նամակ գրելը ամբողջ աշխարհում վաղուց ընդունված երևույթ է, մինչդեռ Հայաստանում շատերը իրենց ռեզյումեն ուղարկում են գործատուին առանց անգամ ողջունելու և ներկայանալու, հաստիքը նշելու, այն էլ՝ տարօրինակ անվանումներով էլեկտրոնային հասցեներից: Այն մասին, թե ինչպես է պետք գրագետ ու ճիշտ ռեզյումե կազմել, ինչպես նաև գել մոտիվացիոն նամակ, մենք արդեն խոսել ենք: Այս անգամ կխոսենք ուղեկցող նամակի մասին, որը, իտարբերություն մոտիվացիոն նամակի (այն գրվում է ըստ պահանջի), պարտադիր բաղադրիչ է:

Ռեզյումեն փաստաթուղթ է, և ինչպես բոլոր փաստաթղթերը ունի հստակ կառուցվածք ու սահմաններ, որոնից դուրս կարող են մնալ հավելյալ կարևոր տեղեկություններ, որոնք կարող էին խոսել ձեր օգտին: Հենց դրա համար էլ գոյություն ունի ուղեկցող նամակը:

Ուղեկցող նամակը պետք է այնպիսին լինի, որ գործատուն ցանկանա ձեզ զանգահարել առանց ռեզյումեն բացելու: Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ուղեկցող նամակ գրելիս:

Ուղեկցող նամակի բավարար ծավալը 2 պարբերությունն է՝ կազմված 5 նախադասությունից:

Սովորաբար աշխատանքային հայտարարության մեջ նշված է լինում կոնտակտային անձ: Հենց նրան դիմելով էլ՝ պետք է սկսել ուղեկցող նամակը: Հակառակ դեպքում կարելի է պարզապես հարգալից ողջունել:

Նախևառաջ տեղեկություններ ճշտեք այն ընկերության մասին, ուր պատրաստվում եք դիմել, որպեսզի ուղեկցող նամակում նշեք, թե ինչու եք ուզում աշխատել այդ ընկերությունում, ինչ ներդրում կարող եք ունենալ՝ այդտեղ աշխատելով, և ինչու է այդ հաստիքը համապատասխանում ձեզ: Ընկերության HR մասնագետը պետք է տեսնի տվյալ աշխատանքով ձեր հետաքրքրվածությունը ուղեկցող նամակի մեջ:

Եղեք քաղաքավարի ու հարգալից. «Բարև ձեզ: Սա իմ ռեզյումեն է: Կսպասեմ ձեր զանգին» բովանդակությունը բոլորովին ձեր օգտին չի խոսի: Նախընտրելի է ավելի մանրամասն ու բովանդակալից տեքստ. «Բարև Ձեզ, հարգելի (անուն, ազգանուն), ես հանդիպեցի Ձեր աշխատանքային հայտարարությանը N կայքում: Լինելով մարքեթինգի մասնագետ և ունենալով շուրջ 5 տարվա աշխատանքին փորձ՝ ես մեծ ցանկություն ունեմ աշխատելու ձեր ընկերությունում, որովհետև կարծում եմ, որ … »: Պարզ և առանց երկարաբանությունների ներկայացրեք այն հիմնական պատճառները, որոնք ձեզ դրդում են դիմելու հենց այդ աշխատանքի համար: Գուցե դա այն ընկերությունն է, որի մասին դուք միշտ երազել եք, գուցե սիրում եք այն բրենդը, որը ներկայացնում է տվյալ ընկերությունը, կամ միշտ հիացել եք ընկերության աշխատակիցների աշխատելաոճով և այլն, և այլն:

Ռեզյումեն և ուղեկցող նամակը չպետք է տառ առ տառ կրկնեն միմյանց կամ հակասող տեղեկություններ պարունակեն: Դրանք պետք է պարզապես լրացնեն իրար: Նշեք պատճառներ, թե ինչու եք համապատասխանում այդ հաստիքի համար անհրաժեշտ պահանջներին՝ հիմնվելով ձեր փորձի, հմտությունների, կարողությունների և ունեցած ձեռքբերումների վրա:

Փորձեք տարբերվել: Ամենայն հավանականությամբ գործատուն «Ես բարի եմ ու աշխատասեր» շարքի արտահայտությունները այնքան հաճախ է տեսել, որ անգամ ձեր ռեզյումեն բացելու ցանկություն չի ունենա և կփակի նամակը:

Շատ չհեռանալով գործնական գրելաոճից՝ կարող եք նշել մեկ-երկու արտահայտություն, որոնք հրաշալի կմտապահվեն գործատուի կամ HR մասնագետի մտքում և ձեզ կդարձնեն առանձնահատուկ: Գուցե ձեր կենսագրության մեջ կա շատ հետաքրքիր ձեռքբերում, գուցե դուք մասնագիտական բլոգ եք վարում կամ որևէ սոցիալական նախաձեռնության հեղինակ եք: Իհարկե, ցանկալի է, որ նշվող փաստը գոնե թեթև առնչություն ունենա այն հաստիքի հետ, որի համար դիմում եք: Եթե վստահ եք ձեր հումորի զգացման վրա, կարող եք հումորային ոճ օգտագործել, բայց փորձեք չչարաշահել այն:

Առանց երկար ծավալվելու ձեր անձի մասին նշեք, որ ուրախ կլինեք ներկայանալ անձնական հարցազրույցի համար, որի ընթացքում կկարողանաք ավելի ամբողջական ներկայացնել ձեր կարողությունները:

Ուղեկցող նամակ գրելի հարկավոր է խուսափել հետևյալ սխալներից:

Բացասաբար մի հիշատակեք ձեր նախկին գործատուին, մի խոսեք ձեր հոբբիների ու անձնական հետաքրքրություների մասին: Մի օգտագործեք հապավումներ տեքստում: Տեղին չէ նաև խոսել ձեր ամբիցիաների կամ ցանկալի աշխատավարձի չափի մասին:

Եվ, իհարկե, պետք է շատ ուշադիր լինել և անպայման ստուգել նամակը վրիպակներից և ուղղագրական սխալներից խուսափելու համար:

Դե իսկ վերջում փորձեք գործատուին կամ HR մասնագետին «կոնտակտի մղել»՝ ավելացնելով «Սիրով կսպասեմ ձեր արձագանքին (պատասխան նամակին, զանգին)»: Չմոռանաք շնորհակալություն հայտնել ձեզ տրամադրված ժամանակի համար և թողնել նաև կոնտակտային տեղեկություններ ձեր մասին՝ հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ:

Իսկ երբ ձեզ զանգահարեն և կանչեն հարցազրույցի (մենք չենք կասկածում այդ հարցում), չմոռանաք նաև ծանոթանալ հարցազրույցին ճիշտ ներկայանալու պահանջներին:

Մաղթում ենք հաջողություն՝ ձեր երազանքի աշխատանքը գտնելու ճանապարհին:

In this article


Join the Conversation