Ո՞ՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑ

Մեր կյանքի ճանապարհին մենք հանդիպում ենք հազարավոր մարդկանցից: Մենք հանգիստ անցնում ենք նրանց մի մասի կողքով, մինչդեռ կան մարդիկ, որոնցից չենք կարողանում կտրել մեր հայացքը և ինքնամոռաց սիրահարվում ենք:  

8287
կյանքի ուղեկից

Ո՞ւմ ենք մենք ընտրում՝ որպես մեր կյանքի ուղեկից և ինչո՞ւ: Այս մասին ենք առաջարկում խոսել այս անգամ:

ՀԵՆՑ ԱՅՆ ԿԵՐՊԱՐԸ

Երբեմն դժվար է բացատրել, թե ինչու է մեզ հետաքրքիր հենց այդ մարդը, ինչու ենք մենք ձգտում դեպի նրան: Իրականում մեր ընտրությունը որոշ չափով չգիտակցված է: Բանն այն է, որ մեր գիտակցության մեջ շատ խորը մտապահվել են ինչ-որ մարդկանց կերպարներ: Դրանք մեր ծնողների կերպարներն են կամ այն հարազատների, ովքեր հետք են թողել մեր կյանքում:  Այդ կերպարի մեջ հաճախ իրար են խառնված իրականությունն ու մանկական երևակայությունը: Նրանք ասոցացվում են այն սիրո դրսևորումների հետ, որը մենք տեսել և ստացել ենք մանկության տարիներին:

Եթե մեզ հանդիպած մարդը համապատասխանում է այդ կերպարին՝ արթնացնելով անբացատրելի ու հաճելի հիշողություններ, մենք արդեն չենք կարողանում անտարբեր մնալ նրա հանդեպ: Արթնանում է մեր հետաքրքրասիրությունը, մենք ոգևորվում ենք, հրապուրվում և շուտով նաև սիրահարվում:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՔԵՐ

Հոգեբանության մեջ կա տեսակետ, որ մեր կողմից ընտրված զուգընկերը մեր «կատարելագործված ծնողն» է: Այսինքն՝ նա ինչ-որ բանով նման է մեր ծնողին (և հենց այդ պատճառով մենք գիտենք, թե ինչպես շփվենք նրա հետ), մյուս կողմից նա այնքան էլ մոտ չէ նրանց, տարբեր է շատ հարցերում, և ինչ-որ առումով՝ ավելի լավն է:

Եթե մանկության տարիներին մեզ ինչ-որ բան պակասել է մեր ծնողների հետ շփման մեջ, ապա մենք այդ պակասը (անգամ անգիտակցորեն) ձգտում ենք լրացնել մեր սիրելիի հետ կապի մեջ: Հենց դրա համար էլ որպես մեր կյանքի ուղեկից  հաճախ ընտրում ենք այն մարդուն, ով, ըստ մեզ, կօգնի բուժել մեր կյանքի վերքերը, կօգնի բավարարել մեր հոգեբանական պահանջմունքները, իրականացնել հույսերն ու երազանքները: Կօգնի ձեռք բերել այն, ինչից մենք զրկված ենք եղել՝ սեր, պաշտպանություն, հիացում, անկախության և սեփական կարևորության զգացում:

ԵՐԵՔ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

կյանքի ուղեկից

Ի՞նչ եք կարծում, տարբեր բնավորություններով մարդիկ լրացնո՞ւմ են միմյանց: Շատ ամուսնությունների օրինակներ ցույց են տալիս, որ ներդաշնակ հարաբերությունների և ընտանեկան կյանքի համար անհրաժեշտ են ավելի շատ նմանություններ, քան տարբերություններ: Սրանք այն ամենակարևոր երեք նմանություններն են, որոնք պետք է առկա լինեն զույգի մեջ:

Առաջինը խառնվածքի տեսակն է՝ տաքարյուն կամ սառնարյուն: Եթե տղամարդը տաքարյուն է, ապա կինն էլ պետք է լինի այդպիսին, և ընդհակառակը, եթե տղամարդը սառն է, ապա կինն էլ պետք է Սառցե թագուհի լինի:

Երկրորդը այն է, թե որքան բաց ու անկաշկանդ է մարդը: Երկու փակ մարդ շատ ավելի լավ են հասկանում իրար, քան այն զույգը, որոնցից մեկը շատ բաց է, իսկ մյուսը՝ շատ փակ:

Եվ երրորդ հատկությունն այն է, թե որքան խանդոտ է մարդը: Երկու խանդոտ մարդիկ կարող են հրաշալի լեզու գտնել միմյանց հետ, նրանց հարաբերությունները կլինեն բուռն, անգամ վեճերով հագեցած, բայց շատ ավելի ամուր ու երկարատև, քան այն զույգինը, որտեղ կա մեկ խանդոտ մարդ և մեկը, ով բոլորովին չի խանդում: Այն մարդկանց միությունը, ովքեր չեն խանդում, նույնպես շատ ավելի ամուր է լինում:

Հետազոտություններ, որոնք կկարողանան ապացուցել, որ տարբեր բնավորություններով մարդիկ իրար ավելի լավ են համապատասխանում, դեռ չեն գրանցվել:

Այս ամենը նման է թատերական ներկայացման: Այն մարդը, ով կկարողանա խաղալ ձեր ներկայացման մեջ, ով գիտի իր խոսքերը, կկարողանա դառնալ նաև ձեր կյանքի խաղընկերը: Իսկ երջանիկ ավարտով կատակերգություն կլինի ձեր ներկայացումը, թե դրամա, դա արդեն որոշում եք դուք՝ լինելով ձեր ներկայացման սցենարի համահեղինակները:

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է

Մարդկային հարաբերությունները կենդանի օրգանիզմի պես են: Այդ «օրգանիզմը» աճում է, զարգանում, երբեմն նաև հիվանդանում: Այն կարող է առողջանալ, բայց և վաղաժամ մահանալ: Հարաբերությունների սկզբում, երբ զգացմունքների իրական փոթորիկ է ձեր հոգում, դուք չեք նկատում ձեր զուգընկերոջ թերություները: Ձեզ համար նա իդեալական է:

Ըստ էության, մենք սիրահարվում ենք ինչ-որ մեկի, ում իրականում չենք ճանաչում: Իսկ երբ այդ շղարշն ընկնում է, մենք տեսնում ենք մեր առաջ կանգնած մեկին, ով այնքան էլ մեզ նման չէ, ունի իր թերություններն ու թուլությունները:

Մենք ունենք երկու ճանապարհ: Հիասթափված բաժանվել միմյանցից և սկսել նոր իդեալի փնտրտուքները, կամ փորձել հարգել մեր և մեր դիմացինի տարբերությունները, սովորել հասկանալ և հարգել միմյանց, ընդունել մեկս մյուսի թերությունները և յուրքանչյուրիս՝ կատարյալ չլինելու իրավունքը:

Չափազանց կարևոր է չփորձել փոխել դիմացինին, կենտրոնանալ նրա ուժեղ կողմերի վրա, մտածել, որ հենց դրանց վրա ենք հիմնվելու մեր կյանքի ընթացքում, չէ՞ որ դրանց համար ենք մենք սիրել և ընտրել այդ մարդուն:

Չկա ավելի լավ բան, քան տեսնել և գնահատել զուգընկերոջ այն հատկությունները, որոնցից մենք զրկված ենք: Այս հիմքի վրա կարելի է այնպիսի միություն կառուցել, որտեղ զուգընկերները հասկանում են իրար և սատարում: Այդպիսի մարդիկ իրենց ընտանեկան խնայատուփի մեջ գցում են ոչ թե վիրավորանքներ և պահանջներ, այլ դժվարությունները հաղթահարելու միջոցներ, ջերմ հիշողություններ, սիրո, մտերմության և ուրախության պահեր:

Երջանիկ միության գաղտնիքը շփումների ու համագործակցության, պայմանավորվելու և միմյանց հասկանալու ցանկության մեջ է, խնդիրների մասին չլռելու և անգամ ամենացավոտ հարցերի մասին զրուցելու պատրաստակամության, բացասական էմոցիաները զսպելու, ներել կարողանալու և միմյանց իրավունքները հարգելու մեջ է:

In this article


Join the Conversation