ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԽԻԹԱՐԵԼ, ԵՐԲ ՎՇՏԻ ՄԵՋ ԵՔ

Թիմ Լոուրենսը հոգեբան է և լրագրող: Իր այս հոդվածում նա պատմում է այն մասին, թե ինչպես է իսկապես հնարավոր օգնել մարդուն, ով վշտի մեջ է: Մենք կարծում ենք, որ նրա այս խորհուրդները չափազանց հետաքրքիր են և կարևոր, ուստի և ձեզ ենք ներկայացնում նրա հոդվածի թարգմանությունը:

14141
կախարդական խոսքեր

Իմ ծանոթ հոգեբաններից մեկը պատմում էր իր հիվանդներից մեկի մասին, ով ծանր ավտովթարի էր ենթարկվել: Այդ կինը սարսափելի ցավեր ուներ, և նրա վերջույթներն անշարժացել էին: Իսկ այդ հոգեբանը նրան փորձել էր մխիթարել՝ ասելով, որ այդ ողբերգությունը նրա կյանքում դրական փոփոխություններ է բերել, և որ ոչինչ պատահական չի լինում կյանքում: Այս հիմարությունն այնքան է տարածված հոգեբանների շրջանում, որ ես պարզապես ապշում եմ: Այդ ավտովթարը կործանել է նրա կյանքն ու երազանքները. ահա թե ինչ է եղել, և ոչ մի լավ բան այդտեղ չկա:

Որոշ բաներ կյանքում հնարավոր չէ ուղղել, այդ բաները կարելի է միայն ապրել:

Մենք վշտի մեջ ենք լինում ոչ միայն այն ժամանակ, երբ մեր մտերիմներից մեկը մահանում է: Մենք տխրում ենք, երբ մեր հույսերն ի դերև են ելնում, երբ ծանր հիվանդություն է հայտնաբերվում մեզ կամ մեր մտերիմների մոտ: Հնարավոր չէ ուղղել երեխայի կորուստը կամ հարազատ մարդու դավաճանությունը:

Այս ամենի միջով պարզապես պետք է անցնել և հաղթահարել:

Եթե ձեզ հետ դժբախտություն է պատահել, իսկ ինչ-որ մեկը ձեզ փորձում է մխիթարել հետևյալ լղոզված արտահայտություններով՝ «Ոչինչ հենց այնպես չի լինում», «Ամեն ինչ լավ կլինի», «Այդպես էլ պետք է լիներ», «Լավն այն է, ինչ լինում է», «Դա քեզ ավելի ուժեղ կդարձնի» և այլն,  ապա պարզապես հեռու փախեք այդ մարդկանցից: Երբ մենք, անգամ լավագույն մտադրություններով, ասում ենք այդպիսի խոսքեր մեր հարազատներին, մենք զրկում ենք նրանց տխրելու, թախծելու և պարզապես վշտի մեջ լինելու իրավունքից:

Ես նույնպես մեծ կորուստ եմ ապրել, և ամեն օր ինձ հետապնդում է մեղքի զգացումն այն բանի համար, որ ես ողջ եմ, իսկ իմ մտերիմները՝ արդեն ոչ: Իմ ցավը չի անհետացել, ես պարզապես սովորել եմ այն ուղղորդել ճիշտ ուղղությամբ՝ աշխատելով իմ հիվանդների հետ և ավելի լավ հասկանալով նրանց: Բայց երբեք իմ մտքով չի անցել ասել, որ այդ ողբերգությունը ճակատագրի նվեր էր ինձ համար, որը թույլ տվեց ինձ աճել անհատապես և մասնագիտական առումով:

Ժամանակակից հանրությունը վերաբերվում է վշտին որպես խնդրի, որը պետք է լուծել, կամ բուժել հիվանդության նման: Մենք անում ենք ամեն ինչ այդ ցավը մեր միջից դուրս մղելու կամ որևէ բանի վերափոխելու համար:

Երբ մեզ հետ դժբախտություն է պատահում, մեր շրջապատի մարդիկ դառնում են դատարկախոսներ մեզ համար: Եվ նրանց բոլորի ասած խոսքերը կամ անտարբեր են թողնում մեզ, կամ ավելի են ցավեցնում:

Եվ ուրեմն, ինչ ասել, եթե քո մտերիմը իսկապես վշտի մեջ է: Խորհուրդը կամ խրատը ամենավերջին բանն է, որ նա այդ պահին ցանկանում է լսել: Ամենակարևոր բանը այդ պահին այն է, երբ զգում ես, որ քեզ հասկանում են: Ասեք պարզապես հետևյալ բառերը.

«Ես գիտեմ, որ քեզ համար դժվար է: Ես այստեղ եմ, քեզ հետ»:

Դա նշանակում է, որ դուք պատրաստ եք գտնվել նրա կողքին, ապրել այդ ցավը նրա հետ միասին: Եվ դա իսկապես հզոր օգնություն է: Մադկանց համար չկա առավել կարևոր բան, քան ըմբռնումը: Դա չի պահանջում ոչ հատուկ պատրաստվածություն, ոչ հմտություններ, դա պարզապես պատրաստակամությունն է լինել նրա կողքին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի:

Եղեք նրա կողքին: Պարզապես մնացեք նրա կողքին, անգամ եթե դուք ձեզ անհարմար եք զգում կամ եթե կարծում եք, որ ոչ մի օգտակար բան չեք անում: Իրականում հենց այն ժամանակ, երբ դուք ձեզ անհարմար եք զգում, պետք է ջանք գործադրեք ձեզ վրա և շարունակեք մնալ նրա կողքին:

«Ես գիտեմ, որ քեզ համար դժվար է: Ես այստեղ եմ, քեզ հետ»:

Մենք այնքան հազվադեպ ենք մեզ թույլ տալիս մուտք գործել ցավի ու սարսափի գոտի, որ նույնիսկ չենք գիտակցում, որ հենց այնտեղ են թաքնված մեր ապաքինման արմատները: Եվ մեր ապաքինումը սկսվում է հենց այն ժամանակ, երբ կա մեկը, ով պատրաստ է մեզ հետ միասին անցնել այդ գոտու միջով:

Ես խնդրում եմ ձեզ, արեք դա ձեր հարազատների ու մտերիմների համար: Դուք գուցե երբեք էլ չիմանաք, բայց ձեր օգնությունն անգնահատելի կլինի նրանց համար: Եվ մի օր, երբ դուք կունենաք նման օգնության կարիք, անպայման կգտնվի մարդ, ով պատրաստ կլինի լինել ձեր կողքին: Ես երաշխավորում եմ, որ կգտնվի:

In this article


Join the Conversation