Անձևի տակ փողոցում քայլելիս անձրևանոցը, իհարկե, անփոխարինելի առարկա է, բայց հերիք է երթուղային նստել, աշխատավայր կամ խանութ մտնել, և թաց անձրևանոցն իսկական փորձանք է դառնում: Այն թրջում է հագուստը, աթոռը, հատակը, և թվում է, թե բոլորը անբարյացակամ հայացքներով քեզ են հետևում:
Իտալացի ինժեներների ու դիզայներների մի խումբ՝ Անխելո Վադրուչիոյի գլխավորությամբ, գտել է այս հարցի լուծումը՝ ստեղծելով Kjaro(Կյարո) խելացի անձրևանոցը: Այն և՛ աքսեսուար է, և՛ խելացի գաջեթ, որը կարող է չորացնել ինքն իրեն: Անձրևանոցի պատյանը անջրանցիկ է և կլանում է խոնավությունը: Բավական է անձրևանոցը տեղավորել պատյանի մեջ, և ջրից հետք անգամ չի մնա:
Վերջին տարիներին անձրևանոցների այս խնդիրը լուծելու համար խելացի անձրևանոցների ինչ տարբերակ ասես որ չեն փորձել հնարել, բայց Kjaro-ն կարծես ամենապարզ լուծումն է առաջարկում: Այն չի փոխում անձրևանոցի հիմնական գործառույթը, այն պարզապես անձրևանոցից կաթող ջրի դեմն է առնում: Անձրևի տակ Kjaro-ն ամենասովորական անձրևանոց է, իսկ ահա անձրևի վերջանալուց հետո այն պետք է ծալել, ֆիքսել մագնիսային ժապավենը և տեղավորել պատյանի մեջ: Արդյունքում ջուրը ոչ թե կաթում է հատակին, այլ ներծծվում է պատյանի ստորին մասում, որտեղից ջուրը կարելի է շատ հեշտ թափել հարմար պահի: Բավական է միայն պտտել խցանը:
Անձրևանոցը կարող է իր մեջ պահել մինչև 40 մլ ջուր: Անձրևանոցի մակերևույթը ետ է հրում ջուրը, նաև հրաշալի դիմանում է քամուն:
Անձրևանոցի երկարությունը 31 սմ է, քաշը՝ 366 գրամ: Պատյանը հեշտությամբ բացվում և փակվում է շղթայի միջոցով, իսկ հարմարավետ կախիչը թույլ է տալիս անձրևանոցն ամրացնել թե՛ պայուսակից, թե՛ գոտուց և թե՛ ճամպրուկից:
Անձրևանոցի ստեղծողները նաև սիրով պատրաստում են անվանական անձրևանոցներ՝ պատվիրատուների անվան սկզբնատառերով:
Kickstarter պլատֆորմում անձրևանոցը հայտնվել էր հուլիսին՝ իր առջև սահմանելով 20.000 եվրոյի նշաձող: Սակայն մարդկանց ջերմ արձագանքը մի քանի անգամ գերազանցեց ստեղծողների սպասելիքները: Սեպտեմբերին նրանք ամփոփեցին արդյունքները՝ գրեթե 90.000 եվրոյով: Իսկ Kjaro-ի մասսայական արտադրանքն իրեն երկար չի սպասեցնի: Դեկտեմբերին այն արդեն կհայտնվի վաճառքում՝ 65 եվրո արժեքով:
Join the Conversation