Փորձի էությունը հետևյալն էր: Ամենասովորական մարդկանց առաջարկում էին ծանրություն բարձրացնել: Նրանցից յուրաքանչյուրի համար ֆիքսում էին առավելագույն ծանրությունը, որը նրանք կարողանում էին բարձրացնել: Այս ամենից հետո մարդկանց միավորում էին խմբերի մեջ, սկզբում երկու հոգուց բաղկացած, հետո՝ չորս հոգուց բաղկացած, հետո՝ ութ:
Փորձի հեղինակները կարծում էին, որ եթե մի մարդը, պայմանականորեն կարող է բարձրացնել 100 կգ, ապա երկուսը միասին կկարողանան բարձրացնել 200 կգ կամ նույնիսկ ավելի: Չէ՞ որ առ այսօր կա ընդունված տեսակետ, որ խմբային աշխատանքը հնարավորություն է տալիս հասնել շատ ավելի մեծ արդյունքների, և որ նրանց գրանցած արդյունքը գերազանցում է խմբի անդամների առանձին գրանցած արդյունքների ընդհանուր գումարը:
Սակայն փորձի արդյունքները հակառակ բանն էին ցույց տալիս: Երկու հոգանոց թիմերը կարողանում էին բարձրացնել իրենց անհատական ցուցանիշների ընդհանուր գումարի միայն 93%-ը: Իսկ 8 հոգանոց խմբերը՝ միայն 49%-ը:
Նույն փորձը հեղինակներն անցկացրին նաև այլ վարժությունների համար: Օրինակ՝ պարանի ձգման վարժության ժամանակ ևս գրանցվում էր նույնատիպ արդյունք: Որքան մեծացնում էին խմբերի անդամների քանակն, այնքան ընկնում էր արդյունավետության տոկոսը:
Պատճառը պարզ է: Եթե ես հույսս դնում եմ միայն ինձ վրա, ապա ներդնում եմ առավելագույն ջանքեր: Իսկ խմբում կարող եմ էներգիա խնայել: Չէ՞ որ ոչ ոք չի նկատի, ինչպես այն պատմության մեջ, երբ գյուղի բնակիչները որոշում են տոնակատարության համար մի տակառ օղի հավաքել՝ ամեն տնից մի դույլ օղի բերելով: Սակայն երբ սկսում են լցնել օղին ու խմել, պարզ է դառնում, որ տակառը լի է մաքուր ջրով: Բնակիչներից յուրաքանչյուրը բերել էր մի դույլ ջուր՝ կարծելով, որ ընդհանուր քանակության մեջ իր խորամանկությունը չի նկատվի:
Երբ մենք ինչ-որ գործ ենք անում, կամա թե ակամա մտապահում ենք այն ջանքերի չափը, որ ներդնում ենք: Հետագայում, արդեն թիմային աշխատանքի մեջ, մենք ավելի պասիվ վերաբերմունք ենք դրսևորում գործի հանդեպ և ներդնում ենք նույնքան կամ ավելի քիչ ջանք, բայց երբեք ոչ ավելի, քան արել էինք նախորդ անգամ, երբ պատասխանատվությունը միայն մեզ վրա էր:
Անշուշտ, անկումն անմիջապես չի լինում, իներցիան հզոր երևույթ է, և արդյունքներն աստիճանաբար են անկում ցույց տալիս: Սակայն սա այն երևույթն է, որը հաճախ է հանդիպում այն ընկերությունների դեպքում, որոնք գնալով ընդլայնում են իրենց անձնակազմը:
Թեև այսօր կան բազմաթիվ սոցիալական հնարքներ թիմային արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար, սակայն դրանցից և ոչ մեկը դեռ չի կարողացել ամբողջությամբ հաղթահարել Ռինգելմանի էֆեկտը, այն է՝ որքան մեծ է խումբը, այնքան ավելի մեծ սոցիալական պասիվություն է դրսևորում թիմի յուրաքանչյուր անդամ:
Join the Conversation