Աղքատ, անհաջողակ, անառողջ ու դժբախտ մարդը նա է, ով չափազանց հաճախ է օգտագործում «վաղը» բառը:
Ռոբերտ Կիյոսակի
Ռոբերտ Կիյոսակիի գրքերը վաճառվում են միլիոնավոր օրինակներով, մարդիկ հերթ են կանգնում նրա գրքերը ձեռք բերելու համար: Իսկ ահա Կիյոսակիի ստեղծած «Կանխիկի հոսք» խաղը մարդկանց սովորեցնում է հասկանալ փողի էությունը և այն կանոնները, որոնցով փողը հոսում է մեր կյանք և ապա հոսում նրանից դուրս:
Ռոբերտ Կիյոսակին ծնվել է ԱՄՆ Հիլո կղզում՝ ուսուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ռալֆ Կիյոսակին, փիլիսոփայական գիտությունների դոկտոր էր, ինչպես նաև Հավայի նահանգի կրթության վարչության ղեկավարը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Կիյոսակին կրթություն է ստացել Նյու Յորքում, ապա ծառայել Վիետնամում տեղակայված ռազմածովային ուժերում՝ որպես սպա և ռազմական ուղղաթիռի օդաչու։
Պատերազմի ավարտից հետո Կիյոսակին վերադարձել է հայրենիք և սկսել զբաղվել բիզնեսով: 1977 թվականին նա ստեղծել է մի ընկերություն, որը պատրաստում էր «Surfer» նեյլոնե դրամապանակները՝ հատուկ սերֆինգիստների համար: Այս բիզնեսը նրան միլիոնավոր դոլարների եկամուտ բերեց, իսկ 1985 թվականից Կիյոսակին սկսեց խաղային մեթոդներով մարդկանց սովորեցնել բիզնեսի կառավարման կանոնները: Նրա մոտ սովորելու ցանկություն հայտնեցին տասնյակ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Այս ամենին զուգահեռ Կիյոսակին սկսեց զբաղվել նաև ներդրումներով և անշարժ գույքի ոլորտում կատարվող գործարքներով:
Կիյոսակին քննադատում է դպրոցական կրթությունը, ասելով, որ այն չի տալիս գիտելիքներ և հմտություններ գումար աշխատելու և գումարի հետ ճիշտ վարվելու համար: Նա փորձում է սովորեցնել մարդկանց ներդրումներ անել նվազագույն ռիսկով և ստանալ բարձր եկամուտ, փորձում է յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել խորը թաքնված ֆինանսական հանճարին:
10 ԽՈՐՀՈՒՐԴ ՌՈԲԵՐՏ ԿԻՅՈՍԱԿԻԻՑ
1. Երբ դուք ֆինանսական դժվարությունների մեջ եք, տեղի մի տվեք ճնշմանը, մի օգտագործեք ձեր խնայողությունները կամ պարտք մի վերցրեք: Օգտագործեք այդ ճնշումը ձեր ներքին ֆինանսական հանճարին մոտիվացնելու համար, որպեսզի նա գտնի ավելի շատ գումար աշխատելու ճանապարհներ:
2. Մի ծանրաբեռնեք ձեզ մեծ պարտքերով: Մի մտեք առնետավազքի մեջ: Ծախսերը պահեք հնարավորինս ցածր մակարդակի վրա: Եվ առաջին հերթին ձևավորեք ձեր ակտիվներն ու եկամտի աղբյուրները: Իսկ հետո արդեն դուք կկարողանաք գնել թե՛ լավ մեքենա, թե՛ մեծ տուն:
3. Հաճախ, երբ մարդը պաշտոնի բարձրացում է ստանում, անմիջապես սկսում է ավելի շատ գումար ծախսել, գնել թանկարժեք իրեր, միայն թե ուրիշներից ավելի վատ տեսք չունենա: Եվ սովորաբար նա անում է դա ապառիկի կամ պարտքերի միջոցով: Իսկ մարդը, ով պարտքերի մեջ է խրվել, արդեն կապված է ոտքերով ու ձեռքերով: Նա չի կարող դուրս գալ աշխատանքից, իսկ ճգնաժամի դեպքում առհասարակ ամեն ինչ կարող է կորցնել: Ծախսեք և ձեզ շռայլություններ թույլ տվեք միայն այն դեպքում, երբ ունեք եկամտի անդադար ու կայուն հոսք:
4. Առաջին հերթին ներդրում արեք ձեր ինքնակրթության և զարգացման մեջ: Օգտագործեք դրա համար բոլոր հնարավոր տարբերակները, նույնիսկ եթե դրանք ձեզ ձանձրալի թվան: Անգամ եթե ինչ-որ պահի դուք ամեն ինչ կորցնեք, ձեզ կմնա ձեր խելքը, որի օգնությամբ դուք կկարողանաք շատ արագ ամեն ինչ վերականգնել: Այնպես որ, երբեք մի ծուլացեք սովորել և բարձրացնել ձեր ֆինանսական գրագիտությունը:
5. Ժամանակը, ըստ էության, մեր միակ ունեցած կապիտալն է: Սակայն այն հնարավոր չէ կուտակել, փոխանակել կամ գնել: Այն հնարավոր է միայն ծախսել: Եվ միակ տարբերությունը հարուստների և աղքատների միջև այն է, թե ինչպես են նրանք ծախսում իրենց ժամանակը:
6. Ինքնակառավարման ու վերահսկման համակարգի բացակայությունը ամենամեծ տարբերակիչ գծերից է հարուստ մարդկանց և միջին ու աղքատ խավերի միջև:
7. Եթե դուք գտել եք այն գործը, որը ձեզ առավելագույն հաճույք է պատճառում, ապա դա ամենայն հավանականությամբ ձեր կոչումն է, հետևաբար դա ամենակարևոր բանն է, որով կարող եք զբաղվել ձեր կյանքի ընթացքում:
8. Մի վատնեք ժամանակ անիմաստ հարաբերությունների վրա: Միլիոնատերերի մեծ մասը իրենց ողջ կյանքի համար մեկ ուղեկից են ընտրում: Իսկ եթե դուք կին եք և ուզում եք հաջողակ լինել, դարձրեք հաջողակ ձեր ամուսնուն, միասին շատ ավելի հեշտ է իրականացնել ընդհանուր նպատակները:
9. Ժամանակակից աշխարհում շատ կարևոր են վաճառել կարողանալն ու մարքեթինգի հնարքներին տիրապետելը: Մարդիկ, ովքեր սովորում են վաճառել, ինքնաբերաբար սովորում են նաև շփվել մարդկանց հետ: Այդես նրանք արդյունավետ հարաբերություններ են կառուցում ոչ միայն իրենց հաճախորդների, ղեկավարի կամ ենթակաների, այլև ընտանիքի անդամների հետ: Շփման կարողությունները հասարակության մեջ հաջողության հասնելու գլխավոր պայմանն են: Սովորեք գեղեցիկ խոսել, գրագետ գրել և վարել բանակցություններ:
10. Հիշեք, որ ամեն մարդ, ով հասել է մեծ բարձունքների, սկսել է փոքրից: Սկսեք քիչ-քիչ փոխել ձեր մտածելակերպը և կկարողանաք փոխել նաև ձեր իրականությունը:
In this article
- ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- ՖԻՆԱՆՍՆԵՐ
- աշխատանքի մասին
- երջանկություն
- ինչպես հարստանալ
- Կանխիկի հոսք
- հայտնի մարդկանց մտքեր
- հաջողակ մարդիկ
- հաջողություն
- Հարուստ հայրիկ աղքատ հայրիկ
- ներդրումներ
- պարտքեր
- Ռոբերտ Կիյոսակի
- Ռոբերտ Կիյոսակի գրքերը
- Ռոբերտ Կիյոսակի խաղ
- Ռոբերտ Կիյոսակի խորհուրդներ
- Ռոբերտ Կիյոսակիի կյանքը
- Ռոբերտ Կիյոսակիի մասին
- Ռոբերտ Կիյոսակիի մտքերը
- վարկեր
- փողի մասին
- ֆինանսական բարեկեցություն
- ֆինանսական գրագիտություն
- ֆինանսական դժվարություններ
- ֆինանսական խորհուրդներ
- ֆինանսական հաջողություն
- ֆինանսական միջոցներ
Join the Conversation