Չերչիլին իրավամբ համարում են 20-րդ դարի քաղաքական մեծագույն առաջնորդներից մեկը: Սակայն Չերչիլը ոչ միայն ռազմական և քաղաքական գործիչ էր, այլև պատմաբան, գրող, լրագրող և նկարիչ: Նա Մեծ Բրիտանիայի միակ վարչապետն է, ով արժանացել է Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում, և առաջինն էր, ում շնորհեցին ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում: BBC ընկերության հարցումների արդյունքում՝ Չերչիլը ճանաչվել է մեծագույն բրիտանացին մարդկության ողջ պատմության ընթացքում:
Ուինսթոն Չերչիլը զարմանալի էներգիայի և կրթվածության տեր անհատ էր, բայց դեռ մանկուց արտահայտում էր իր համառությունն ու անհատական բարձր գիտակցությունը: Լինելով Մարլբոլո հերցոգների ժառանգ՝ նա ընդունվեց բարձրակարգ դպրոց, սակայն սովորում էր միայն այն առարկաները, որոնք իրեն էին դուր գալիս: Հետագայում էլ նա կրկնում էր.
«Ես միշտ ուրախ եմ սովորել, սակայն ինձ միշտ չէ, որ դուր է գալիս, երբ ինձ փորձում են սովորեցնել»:
Ուինսթոն Չերչիլ
Փոքրիկ Ուինսթոնին հետաքրքրում էր այն ամենը, ինչ կապված էր պատմության և պատերազմների հետ: Նա հազարից ավելի անագե զինվորիկներ ուներ, հրաշալի ձիավարում էր և սուսերամարտում: Չերչիլը նաև ուժեղ հիշողություն ուներ և արագ մտապահում էր մեծածավալ տեքստեր, ինչը հետագայում նրան շատ պետք եկավ խորհրդարանում ելույթ ունենալիս:
«Բազեն բարձրանում է վեր, երբ նա թռչում է քամուն հակառակ, այլ ոչ թե քամու ուղղությամբ»:
Ուինսթոն Չերչիլ
Չերչիլի քաղաքական կարիերան համընկավ երկու համաշխարհային պատերազմների հետ, սակայն երբ նա ավարտում էր Թագավորական ռազմաուսումնական հաստատությունը, երկրում դեռ պատերազմ չկար: Բայց Չերչիլը երկար չսպասեց և, գտնելով համապատասխան ռազմական կոնֆլիկտ, որտեղ կարող էր իրեն դրսևորել, մեկնեց Կուբա, որտեղ Իսպանիան կռվում էր տեղացի ապստամբների դեմ:
Քանի որ նրան առաջնագիծ չթողեցին, Չերչիլը որոշեց օգտագործել իր գրողական կարողությունները և անգլիական Daily Graphic թերթի հետ պայամանավորվեց ռեպորտաժներ պատրաստել պատերազմական իրավիճակի մասին:
«Խլեք ինձնից սիգարը, և ես ձեզ պատերազմ կհայտարարեմ»:
Ուինսթոն Չերչիլ
Կուբա ուղևորությունը կարևորագույն դեր խաղաց Չերչիլի կյանքում, որովհետև այստեղ նա ծանոթացավ կուբական սիգարների հետ, որոնք այդուհետև դարձան նրա անբաժան ուղեկիցները: Նա ծխում էր օրական 10-20 սիգար, ինչը իր բացասական հետևանքները թողեց նրա առողջության վրա: Չնայած բժիշկների հորդորներին և պահանջներին՝ Չերչիլը շարունակեց սիգար ծխել մինչև խոր ծերություն: Նա ուներ մի քանի հազար սիգարներից բաղկացած հավաքածու, իսկ ահա ծխախոտին Չերչիլը արհամարհանքով էր նայում:
«Եթե թերթերը սկսեն գրել այն մասին, որ պետք է թողնել ծխելը, ես կթողնեմ թերթ կարդալը»:
Ուինսթոն Չերչիլ
Չերչիլի մյուս կիրքը բարձրակարգ կոնյակն էր: «Իմ ճաշակը շատ պարզ և հասարակ է: Ես հեշտությամբ բավարարվում եմ լավագույնով»,- ասում էր Չերչիլը՝ վայելելով 50 տոկոս թնդության «Դվին» հայկական կոնյակը: Ստալինը մի արկղ «Դվին» կոնյակ ուղարկում էր Չերչիլին՝ անկախ քաղաքական իրավիճակից: Ասում են, սակայն, որ մի օր Չերչիլը նկատեց, որ խմիչքի որակը հետզհետե ընկնում է, և բողեքեց Ստալինին: Պարզվեց, որ կոնյակի պատրաստման վարպետ Մարգար Սեդրակյանին Սիբիր էին աքսորել: Երբ Չերչիլը արտահայտեց իր դժգոհությունը, Սեդրակյանին կրկին հետ բերեցին, վերականգնեցին իր տեղում և անգամ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհեցին, իսկ Չերչիլը շարունակեց վայելել սիրելի կոնյակը:
«Մի ցանկացեք առողջություն և հարստություն, այլ հաջողություն ցանկացեք, քանի որ Տիտանիկի վրա բոլորը հարուստ էին և առողջ, բայց հաջողակները նրանց մեջ եզակի էին»:
Ուինսթոն Չերչիլ
Չերչիլի լրագրողական կարիերան Կուբայում բավական հաջող ընթացավ և նրա հոդվածները տպագրվեցին անգամ The New York Times ամսագրում: Լավ հոնորարներ և մրցանակներ ստանալով՝ նա շարունակեց ռազմական լրագրությամբ զբաղվել և Հարավային Աֆրիկայում գերի ընկավ, ապա կարողացավ փախչել այնտեղից: Հայրենիք նա վերադարձավ իբրև հերոս և հեշտությամբ հաղթեց ընտրություններում՝ ընդամենը 26 տարեկանում մուտք գործելով խորհրդարան և դառնալով հանրային խորհրդի ամենաերիտասարդ անդամը: Հենց Խորհրդարանում էլ նա վարպետության հասցրեց իր հռետորական կարողությունները, ինչպես և իր մնացած բոլոր տաղանդները:
«Իր կյանքի ընթացքում ամեն մարդ մեկ անգամ «սայթաքում է»՝ ոտքը դնելով իրեն վիճակված մեծագույն հնարավորության վրա: Սակայն, ցավոք, մարդկանց մեծ մասը պարզապես վեր է կենում, թափ տալիս իրեն և շարունակում առաջ քայլել, ասես ոչինչ չի եղել»:
Ուինսթոն Չերչիլ
Չերչիլն աշխատեց բազմաթիվ նախարարություններում, ունեցավ անմիջական մասնակցություն երկու համաշխարհային պատերազմների ժամանակ ռազմական գործողությունների մշակման վրա: Նրա «Երկրորդ Համաշխարհային պատերազմ» գիրքը կարդալով՝ չես դադարում զարմանալ այն մանրամասնության վրա, որով հեղինակը նկարագրում է բանակցային գործընթացները, իսկ հաջորդ էջում նույն մանրակրկիտությամբ հաջողացնում ներկայացնել մագնիսային ռումբի կառուցվածքը: Որպես առաջնորդ՝ Չերչիլը մասնակցում և հետաքրքրվում էր ամեն ինչով, ինչը ուղիղ կամ անուղղակի կերպով կապված էր երկրի կառավարման հետ:
Չերչլը միշտ ձգտում էր լինել իրադարձությունների կենտրոնում: Դա թերևս նրա անհատականությունն ըմբռնելու համար ամենակարևոր փաստերից մեկն է, որը պետք է հաշվի առնել: Նա միշտ ձգտում էր դեպի վտանգը, սակայն նաև գիտեր կառավարել իրեն:
«Մի բաժակ շամպայնը հրճվանքի զգացողություն է հաղորդում, հաճելիորեն ոգևորում, ավելի վառ դարձում երևակայությունը, իսկ խոսքը՝ համարձակ: Մինչդեռ մի շիշ շամպայնը արդեն հակառակ ազդեցությունն է ունենում՝ անզգայացնելով և թուլացնելով: Նույնը նաև պատերազմի դեպքում է: Երկուսի արժանիքներն էլ կարելի է գնահատել՝ ընդունելով դրանք սահմանափակ չափաբաժիններով»:
Ուինսթոն Չերչիլ
Առանձնահատուկ դեր Չերչիլը խաղաց այն ժամանակ, երբ նրա հայրենիքի գլխին կախված էր Հիտլերի և նրա աջակիցների վտանգը: Ասում են, որ հենց նրա իմաստության ու փորձառության շնորհիվ Անգլիան կարողացավ հավաքել իր ուժերն ու թշնամուն դիմավորել արժանի կերպով: Երբ շատերն էին մտածում հանձնվելու մասին, Չերչիլը այն եզակիներից էր, ով մինչև վերջ հավատում էր հաղթանակին և ոչինչ չէր ուզում լսել պարտության կամ հանձնվելու մասին: Նրան համարում էին արտակարգ իրավիճակների վարչապետ և նա ճշտությամբ կարողանում էր որոշել վտանգի չափը՝ առանց փոքրացնելու կամ չափազանցնելու այն: Չերչիլը հրաշալի կարողանում էր կառավարել ոչ միայն մարդկանց, այլև վտանգները:
«Երբեք մի հանձնվեք, երբեք մի զիջեք, երբեք և ոչ մի բանում, մի զիջեք ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ահռելի և ոչ աննշան հարցերում: Մի զիջեք ոչ մի բանի առաջ՝ բացառությամբ ձեր պատվի և առողջ դատողության»:
Ուինսթոն Չերչիլ
Նա հրաշալի հռետոր էր և պատերազմի տարիներին նրա ելույթները ռադիոյով հսկայական լսարան էին հավաքում՝ մարդկանց հոգում հպարտություն և լավատեսություն սերմանելով Բրիտանիայի համար: Նրա շատ ելույթներ այսօր էլ ուսումնասիրվում են իբրև հռետորական արվեստի դասական նմուշներ, իսկ նրա շատ խոսքեր վաղուց դաձել են թևավոր:
Նա իրեն էր ենթարկում բառերն ու մտքերն այնպես, ինչպես Վիվալդին կառավարում էր իր ջութակը: Նա ճարտար լեզու ուներ, սուր միտք, պետք եղած պահի կոշտ էր, համարձակ, բայց և կշռադատված էր արտաբերում յուրաքանչյուր բառը:
Նրա բոլոր ելույթները գեղարվեստորեն գեղեցիկ էին, սակայն դրանց մեջ կար ավելի կարևոր մի բան՝ խորություն: Ժամանակակիցները պնդում էին, որ երբ խոսում էր Չերչիլը, կյանքը կանգ էր առնում: Մարդիկ՝ մեծերը, երեխաները, երիտասարդներն ու ծերերը, բոլորը քարանում էին ռադիոյի կողքին: Չերչիլին լսելը մարդկանց համար արարողակարգի էր նմանվել: Այդ ելույթներից մի քանիսը խոստանում ենք ներկայացնել մոտ ապագայում: Դրանցից ամենահայտնին, թերևս Չերչիլի վերջին ելույթն է:
Երբ Չերչիլն արդեն 90 տարեկան էր, անգլիական համալսարաններից մեկը խնդրեց նրան մի ոգեշնչող և ուղղորդող ելույթ ունենալ համալսարանի շրջանավարտների և նոր ընդունված ուսանողների համար: Չերչիլը համաձայնեց՝ ասելով, որ ունի հենց այդպիսի մի բան: Երկրի ամենատարբեր անկյուններից մարդիկ հավաքվեցին լսելու մեծ հռետորին՝ կանխատեսելով հզոր մի ելույթ:
Երբ Չերչիլը մոտեցավ բարձրախոսին, նա համարյա գոռաց. «Երբե՛ք մի հանձնվեք»: Դահլիճում քար լռություն տիրեց, իսկ Չերչիլն ակնդետ նայում էր հանդիսատեսին: Ի վերջո նա կրկին գոռաց. «Երբե՛ք մի հանձնվեք»: Եվս մեկ անգամ դադար տալով՝ Չերչիլը հայացքը պտտեց հանդիսատեսի վրայով և ավելի բարձրաձայն գոռաց. «Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հանձնվեք»:
Այլևս չասելով ոչ մի բառ՝ Չերչիլն ուղղվեց դեպի ելքը: Ներկաների համար, որորոնցից շատերը կիլոմետրեր էին կտրել-անցել իրենց կուռքին լսելու համար, ապշած էին: Իսկ ավելի ուշ նրանք հասկացան, որ դա իսկապես քաղաքական գործչի կյանքի ամենակարևոր սկզբունքն էր, և ավելի կարևոր բան, քան դա էր, Չերչիլը չուներ մարդկանց ասելու:
In this article
- ՄԱՐԴԻԿ
- անգլիա
- առաջնորդ
- առաջնորդներ
- Երկրորդ Համաշխարհային պատերազմ
- լիդեր
- լիդերներ
- կոնյակ Դվին
- հայկական կոնյակ
- հայտնի առաջնորդներ
- Մեծ Բրիտանիա
- Ուինսթոն Չերչիլ
- Ուինսթոն Չերչիլի խոսքերը
- Ուինսթոն Չերչիլի կենսագրությունը
- Ուինսթոն Չերչիլի կյանքը
- Ուինսթոն Չերչիլի մասին
- Ուինսթոն Չերչիլի մտքերը
- Ուինսթոն Չերչիլի մտքերից
- Չերչիլ հայկական կոնյակ
- Չերչիլ սիգար
- Չերչիլի խոսքերից
- Չերչիլի մասին
- Չերչիլի մտքերից
- պատերազմ
- պատմության մեջ հայտնի լիդերներ
- պատմություն
- ռազմական առաջնորդ
- ռազմական առաջնորդներ
- սիգար
- սիգարներ
- Ստալին
- վարճապետ
- քաղաքական
- քաղաքական առաջնորդ
- քաղաքական առաջնորդներ
- քաղաքական գործիչ
- քաղաքական լիդեր
- քաղաքական լիդերներ
- քաղաքականություն
Join the Conversation