Այս գիրքը բիզնեսի կառուցման մանրակարկիտ ուղեցույց չէ և ոչ էլ բիզնեսի գաղտնիքների բացահայտում, այստեղ ներկայացված չեն հնարքներ սկսնակ ձեռնարկատերերի համար, որոնք կհեշտացնեն նրանց կյանքը: Ռոբերտ Կիյոսակին պարզապես խոսում է մարդկանց մտածողության տեսակների մասին՝ հարուստ և աղքատ մարդկանց մտածողության: Եթե կարծում եք, որ դա այնքան էլ կարևոր բան չէ, ապա փորձեք բացատրել, թե ինչու է մարդկանց 95%-ը աղքատ և ընդամենը 5%-ը՝ հարուստ:
Պատճառն այն է, որ մարդկանց առաջին խումբը ծախսում է այնքան, որքան աշխատում է, մյուս խումբը ծախսում է այնքան, որքան թույլ է տալիս իրենց ակտիվը՝ գործը, որը իրենք հիմնել են, և որը եկամուտ է բերում իրենց: Առաջին խումբը աշխատում է ուտելիքի և հագուստի համար, երկրորդ խումբը գոտին ձգած է պահում անգամ եկամուտների աճի դեպքում և դրանք ծախսում է ոչ թե հերթական անպետք իրը ձեռք բերելու, այլ շրջանառության մեջ դնելու համար:
«Կա տարբերություն աղքատ լինելու և սնանկ լինելու միջև: Սնանկացումը ժամանակավոր երևույթ է, աղքատությունը՝ մշտական»:
Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ
«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը ֆինանսական կրթության բացերի մասին է, որոնք փչացնում են մարդու կյանքը, վերածում նրան ստրուկի, որ ողջ կյանքի ընթացքում աշխատում է հանուն փողի, բայց շարունակում է մնալ թաղված պարտքերի մեջ: Գիրքը այն մարդկանց համար է, ովքեր չեն հասկանում, թե ուր է կորչում իրենց աշխատած գումարը:
«Ձեր ապագան ստեղծվում է այն բաներով, որոնք դուք անում եք այսօր, այլ ոչ թե այն բաներով, որոնք դուք անելու եք վաղը»:
Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ
Գիրքը ներկայացված է շատ թեթև ու հետաքրքիր ոճով, այստեղ չկան գերբարդ տերմիններ, թեև որոշները, այնուամենայնիվ, դուք կյուրացնեք՝ գիրքն ընթերցելով:
Կիյոսակին ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ հիշողություններն իր մանկության, «երկու հայրիկների» և նրանցից ստացած դաստիարակության տարբերությունների մասին:
Նա ծնվել էր քաղաքացիական ծառայողի՝ բավական հաջողակ ուսուցչի ընտանիքում, ով վատ չէր վաստակում, սակայն միշտ բախվում էր գումարի չբավականացնելու խնդրի հետ: Այդ մարդը Ռոբերտի հարազատ հայրն էր, սակայն կար ևս մեկ մարդ, ում Կիյոսակին կոչում էր «հարուստ հայրիկ»: Դա նրա ընկերոջ՝ Մայքլի հայրն էր՝ ոչ լավ կրթությամբ մի մարդ, ով որոշել էր զբաղվել բիզնեսով և դարձել էր Հավայան կղզիների ամենահարուստ մարդկանցից մեկը: Ռոբերտի երկու հայրիկներն էլ սովորեցնում էին նրան իրենց կյանքի արժեքները և տալիս էին միանգամայն տարբեր կրթություն և գիտելիքներ:
«Փողի մեծ քանակությունը հազվադեպ է լուծում ինչ-որ մեկի ֆինանսական խնդիրները: Միայն իմաստությունն է լուծում այդ խնդիրները»:
Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ
Աղքատ հայրիկը՝ հարազատ հայրը, ասում էր նրան, որ պետք է լավ սովորել դպրոցում, ստանալ լավ գնահատականներ և լավ կրթություն և այդ դեպքում գուցե կկարողանաս գտնել բարձր աշխատավարձով աշխատանք: Հարուստ հայրիկն ընդհակառակը, կոտրում էր բոլոր կարծրատիպերն ու գործող մեխանիզմները տղայի հոգեբանության մեջ:
«Մի հայրիկը խորհուրդ էր տալիս՝ շատ սովորիր, որպեսի գտնես լավ ընկերություն, որտեղ կարող ես աշխատել: Մյուս հայրիկը խորհուրդ էր տալիս՝ շատ սովորիր, որպեսզի գտնես լավ ընկերություն, որը կարող ես գնել»:
Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ
Նա գտնում էր, որ մարդկանց 95%-ը սովորում է կանոններ դպրոցում և հետևում դրանց ողջ կյանքի ընթացքում, հենց դրա պատճառով էլ աղքատ է: Իսկ ահա մարդկության 5%-ը սովորում է այլ կանոններ, կյանքի կանոններ: Հենց այդ կանոններն է բացահայտում Կիյոսակին այս գրքի էջերում: Ահա դրանցից մի քանիսը:
Կարիք չկա աշխատավարձի բարձրացման դեպքում տեղափոխվել 5-սենյականոց բնակարան, որովհետև վարձի չափը կավելանա ձեր աշխատավարձի չափին զուգահեռ: Պաշտոնի բարձրացում ստանալով՝ պետք չէ նոր մեքենա գնել կամ թանկարժեք տեխնիկա: Պետք չէ տանջամահ լինել՝ աշխատելով հանուն այն բանի, որ թանկարժեք ծխախոտ ծխեք և ընթրեք ռեստորաններում: Եթե ունեք մեծ գումար, մի ծախսեք դա ձեր հաճույքի համար: Ներդրեք դա գործի մեջ, ստեղծեք մշտական եկամուտ և միայն այդ դեպքում ձեզ թույլ տվեք ընթրել թանկարժեք ռեստորանում:
Աշխատավարձից ավելի բարձր դուք չեք կարողանա թռչել, քանի որ այդ դուք եք աշխատում փողի համար, այլ ոչ թե փողը՝ ձեզ համար: Դուք պարզապես վատնում եք այն գումարը, որն աշխատում եք: Աշխատավարձի չափը երբեք մեծ չի լինում: Այն միշտ չի հերիքելու: Միշտ ձեզ թվալու է, որ ձեր ղեկավարը հիմարի մեկն է, ով չի գնահատում ձեզ ըստ արժանվույն:
«Անցկացնել ողջ կյանքը վախի մեջ՝ այդպես էլ չիրականացնելով և ոչ մի երազանք. դա դաժան է: Քրտնաջան աշխատել փողի դիմաց և մտածել, որ դրանք քեզ թույլ կտան գնել այն իրերը, որոնք քեզ կդարձնեն երջանիկ. դա սարսափելի է»:
Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ
«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը հրաշալի տեսական հիմք կարող է դառնալ ձեզ համար ձեր ֆինանսական մտածելակերպը փոխելու համար: Այն հատկապես կարևոր դեր կարող է խաղալ այն ընթերցողների համար, ովքեր նոր են մուտք գործում հասուն կյանք և նոր են որդեգրում իրենց կյանքի հիմնական սկզբունքները: Բայց կա ևս մի բան, որ արժե նշել: Կան մարդիկ, ովքեր ունեն բավականաչափ ֆինանսական գրագիտություն, սակայն, միևնույն է, ունեն քիչ գումար:
Կիյոսակին վերլուծում է նաև այն, թե ինչն է մարդկանց կանգնեցնում իրենց ֆինանսական անկախության ճանապարհին: Դրանք են վախը, ծուլությունը, վատ սովորությունները, թեթևամտությունը և մեծամտությունը: Այս խնդիրներից յուրաքանչյուրը հեղինակը մանրամասն վերլուծում է և առաջարկում իր դատողությունները այդ պատնեշները հաղթահարելու համար:
Գիրքը միանշանակ խորհուրդ ենք տալիս կարդալ այն մարդկանց, ովքեր ցանկանում են ազատություն ձեռք բերել ֆինանսական առումով, և նրանց, ովքեր դեռ շարունակում են երազել աշխատավարձի մասին: Գիրքը բավական ուժեղ ազդակ է տալիս՝ կյանքը և ֆինանասական մտածելակերպը կտրականապես փոխելու համար:
«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը այն գրքերի ցանկում է, որը միանշանակ արժե ունենալ անձնական գրադարանում:
In this article
- ԳՐՔԵՐ
- աշխատանքի մասին
- ինչպես հարստանալ
- հայտնի մարդկանց մտքեր
- հաջողակ մարդիկ
- հաջողություն
- Հարուստ հայրիկ աղքատ հայրիկ
- ներդրումներ
- պարտքեր
- Ռոբերտ Կիյոսակի
- Ռոբերտ Կիյոսակի գրքերը
- Ռոբերտ Կիյոսակի խաղ
- Ռոբերտ Կիյոսակի խորհուրդներ
- Ռոբերտ Կիյոսակիի կյանքը
- Ռոբերտ Կիյոսակիի մասին
- Ռոբերտ Կիյոսակիի մտքերը
- փողի մասին
- ֆինանսական բարեկեցություն
- ֆինանսական գրագիտություն
- ֆինանսական դժվարություններ
- ֆինանսական խորհուրդներ
- ֆինանսական հաջողություն
- ֆինանսական միջոցներ
Join the Conversation