ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ. ՄԵՂՎԻ ԵՎ ՃԱՆՃԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մեզ ամեն օր շրջապատում են հսկայական թվով մարդիկ՝ փողոցում, աշխատավայրում, երթուղայինի մեջ: Նրանց մի մասը շատ լավ տրամադրություն ունի, կիսվում է լավ նորություններով ու փորձում իր կողքի մարդկանց էլ ոգևորել, եթե նրանք այդ օրն այնքան էլ ուրախ չեն:

9964
Աշխարհայացք

Մինչդեռ մարդկանց մյուս մասը մշտապես բողոքում է, պատմում ոչ միայն իր խնդիրների մասին, այլև նրանց մասին, որոնք կարդացել է թերթերում ու լսել հեռուստատեսությամբ: Վստահ եղեք՝ նա բոլորին կպատմի այդ նորությունների մասին օրվա ընթացքում, որպեսզի միայն իր տրամադրությունը վատ չլինի:

ՃԱՆՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ՄԵՂՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Եթե հարցնեք ճանճին, թե մոտակայքում որտեղ կան ծաղիկներ, նա կպատասխանի.

– Ես ոչ մի ծաղիկ չեմ տեսել: Փոխարենը այստեղ այնքա՜ն թրիք ու աղբ կա:

Եվ ճանճը կսկսի թվարկել ու մանրամասն նկարագրել բոլոր աղբանոցները, որ հանդիպել են իր ճանապարհին: 

Իսկ եթե հարցնեք մեղվին, թե արդյոք նա աղտոտությունների հանդիպել է շրջակա տարածքում, մեղուն միայն կզարմանա.

– Ա՞ղբ: Ոչ, ոչ մի տեղ չեմ տեսել: Բայց փոխարենը այստեղ այնքա՜ն ծաղիկներ են աճում՝ կակաչներ, տերեփուկներ, երիցուկներ…

Ինչո՞ւմ է մեղվի ու ճանճի տարբերությունը: Նրանք երկուսն էլ պետք են բնությանը: Երկուսն էլ սիրում են քաղցր բաներ: Ապրում են նույն տարածության մեջ, բայց… բոլորովին տարբեր կյանքերով:

Մեղուն նպատակաուղղված թռչում է դեպի ծաղիկներն ու նեկտար հավաքում, որոնցից հետո մեղր է ստանալու: Ճանճը նույնպես թռչում է դեպի ծաղիկները, բայց ճանապարհին անընդհատ շեղվում է՝ տեսնելով կովերի թողած թրիքը՝ խոտերի արանքում: Եվ իջնում է ցած պարզելու համար, թե դա ինչ է… Արդյունքում նա այնպես է խորանում իր «ուսումնասիրությունների» մեջ, որ բոլորովին մոռանում է, որ ինքը թռչում էր դեպի ծաղիկները:

Այդպես է նաև մարդկանց դեպքում: Մեզնից յուրաքանչյուրը տեղեկատվական դաշտերի մեջ ընտրում է ճանճի կամ մեղվի ճանապարհը: Մեղուն, անգամ աղբանոցում հայտնվելով, ելք է փնտրում դեպի ծաղիկները, որ դրանցից նեկտար ու ծաղկափոշի հավաքի, մինչդեռ ճանճը, մարգագետնում հայտնվելով, շարունակում է աղբ փնտրել:

ՃԱՆՃԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՂՎԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ճանճը միշտ ուզում է հասկանալ՝ ով է թողել այդ կեղտը, երբ, ինչու է բաժանվում հարևանը իր կնոջից, ինչու է երկրում տնտեսական ճգնաժամ, ով է մեղավոր և այլն: Ամեն կեղտոտ բան նա ուզում է վերլուծել, քննարկել, ենթադրել, հետաքննել և այլն:

Այսպիսի մարդիկ միշտ իրենց շուրջը նկատում են բացասականը, միշտ ինչ-որ բանից դժգոհ են: Դուրս են գալիս տնից ու առաջին բանը, որ նկատում են, ոչ թե շողացող արևն ու լավ եղանակն է, այլ այն, որ աղբատարը լավ չի մաքրել իրենց մուտքի մոտ: Եթե նրանց առջև ընտրություն լինի ֆիլմ դիտել, թե քնչական հաղորդում, ապա նրանք նախընտրությունն անպայման երկրորդին կտան:

Քանի որ դա հենց ճանճի մտածողությունն է՝ գտնել բացասականն ու փորփրել այն:

Մինչդեռ մեղվի մտածողությամբ մարդը գիտի, որ աշխարհում կա և՛ բարին, և՛ չարը, և՛ գեղեցիկը, և՛ աղտոտությունը, և՛ բարձրը, և՛ ցածրը: Գիտի և հասկանում է, որ դրական կամ բացասական տեղեկությունների վրա կենտրոնանալը իր իսկ ընտրությունն է:

Այսպիսի մարդը չի փաթաթում իր խնդիրներն ուրիշի վզին, չի փնթփնթում ու չի քննադատում, այլ փորձում է ամեն ինչում դրականը գտնել, ձգտել դրական մտածողության և, անտեսելով աղբը, շարժվում է դեպի նեկտարը:

Մեղվին հետաքրքիր չէ ուրիշի թողած կեղտը, նրան ձգում են դրական, օգտակար ու գեղեցիկ բաները: Ահա սա էլ մեղվի մտածողությունն է՝ գտնել դրականն ու երջանկանալ դրանով:

ԻՍԿ ԴՈ՞ՒՔ ՈՎ ԵՔ՝ ՄԵՂՈՒ, ԹԵ ՃԱՆՃ

Կարծում ենք՝ այս ընթացքում հասցրիք մտածել, թե որ մտածողությունն ու կենսակերպն են ձեզ բնորոշ: Արդյոք ձեր նպատակի ճանապարհին շեղվում եք՝ ամեն անպետք բանի հանդիպելով:

Մեկ անգամ հասնելով ձեր «նեկտարին», շփվելով գեղեցիկի, դրականի հետ, փորձեք այդուհետ միշտ ձգտել այդ ուղղությամբ: Եվ երբ ճանապարհին ձեզ ամեն տեսակի աղբ հանդիպի, հիշեք այն բաների մասին, որոնք ձեզ ամենից շատ են ուրախություն պատճառում, էներգիա ու դրական մտքեր փոխանցում և կանգ մի առեք, շարունակեք առաջ «թռչել»:

Մենք բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել: Բայց մենք դեպի մեզ ենք ձգում այն իրականությունը, դեպի որն ուղղված է մեր ուշադրությունը: Մենք այն ենք, ինչ մտածում ենք: Այնպես որ լավ մտածեք ճանճի կամ մեղվի աշխարհայացք ընտրելուց առաջ:

Եվ դրանից հետո արդեն գիտակցաբար ընտրեք ձեր ճանապարհը: Մաղթում ենք ձեզ բարի թռիչք:

In this article


Join the Conversation