Իսկ ի՞նչ եք անում, երբ գոհ կամ դժգոհ վերադառնում եք այցելությունից: Հավանաբար փորձում եք կիսվել բժշկի մասնագիտական լավ կամ վատ կարողությունների մասին ձեր կարծիքով: Եվ որոշ մարդկանց իսկապես կարող են օգնել ձեր խորհուրդները: Իսկ ի՞նչ կասեք այն մասին, եթե ձեր կարծիքը, գումարվելով այլ մարդկանց տեսակետներին, ստեղծի հասարակական կարծիք տվյալ բժշկի մասին: Եվ հաջորդ անգամ մեկ այլ մարդ, ով ձեզ պես կարիք կունենա բժշկի դիմելու, կկարողանա հիմնվել այդ կարծիքի վրա և ավելի վստահ քայլերով կգնա տվյալ բժշկի մոտ:
Հենց այս նպատակով է 2015 թվականին հիմնվել topdoctors.am կայքը: Նախագծի առաքելությունը բժշկության բոլոր ճյուղերի մասնագետների ու հաստատությունների մասին իրական կարծիքներ հավաքագրելն ու տրամադրելն է այցելուներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ և հարմար ընտրություն անել իրենց առողջության վերականգնման համար:
Կայքում դուք ոչ միայն կարող եք որոնել ձեզ հետաքրքրող բժշկին և նրա մասին կարծիքներ կարդալ, այլև կարող եք ինքներդ անանուն տարբերակով ավելացնել բժիշկ և կարծիք այդ բժշկի մասին: Եթե բժիշկը կայքում գրանցված է, ապա կարող եք նրան ուղղել նաև ձեր հարցերը: Այս պահին կայքում արդեն կա ավելի քան 1000 բժիշկ և 700 կարծիք:
Կայքի հիմնադիրները երկու Էնտուզիաստ ծրագրավորողներ են՝ Հայկ Մանթաշյանն ու Նորայր Ամիրխանյանը:
Հենց նրանց հետ է զրուցել Internest.am-ն այս անգամ և փորձել պարզել ամեն ինչ նախագծի հիմնադրման պատմության, առանձնահատկությունների և հետագա ծրագրերի մասին:
Ամեն բան սկսվեց նրանից, որ Նորայրին անհրաժեշտ էր ակնաբույժ, սակայն նա չգիտեր՝ ում դիմել, ինչպես ընտրել բժիշկ: Ոլորտը համացանցում ուսումասիրելով՝ նա գտավ բժշկական այլ կայքեր։ Բայց, միևնույնն է, հնարավոր չէր կողմնորոշվել, որոշում կայացնել, որովհետև այնտեղ բացակայում էին մարդկանց կարծիքները։ Խնդիրը փաստացի լուծում չգտավ: Եվ, ինչպես կարող է լինել գրեթե ցանկացած ծրագրավորողի հետ, նա որոշեց լրացնել բացը, պատմեց այդ մասին ինձ, և միասին սկսեցինք գործել։
Հայ մարդը դժվար է վստահում ինչ-որ բանի, եթե դա իրեն իր ընկերը կամ բարեկամը խորհուրդ չի տվել: Կարծում եք՝ topdoctors.am-ը արդեն հաղթահարե՞լ է այդ խնդիրը:
Չեմ կարծում, որ մեզ հաջողվել է ամբողջությամբ հաղթահարել այդ խնդիրը: Սակայն իրենց փորձով կիսվելու ցանկություն հետզհետե հայտնում են ավելի ու ավելի շատ օգտատերեր: Հաջորդ փուլը պետք է որ լինի Ձեր նշած խնդրի հաղթահարումը: Մենք ունենք հստակ տեսլական այդ խնդիրը լուծելու ճանապարհին. ընդամենը ժամանակի հարց է:
Ի՞նչ արձագանքներ է ստացել կայքը բժիշկների կողմից: Հետևո՞ւմ են նրանք իրենց մասին կարծիքներին և ինչպե՞ս են արձագանքում բացասականներին:
Ինչպես կարելի է ենթադրել, կարծիքները շատ բազմազան են, բայց, կարևորը, որ անտարբեր չեն մեր նկատմամբ: Բժիշկների մի մասը դրական է գնահատում կայքը, մյուս մասը այն դիտարկում է անձնական PR անելու հարմարանք, ոմանք էլ ցանկանում են, որ իրենց մասին կարծիքներ չլինեն: Վերջիններս ցանկանում են, որ մենք հեռացնենք իրենց պսևդո-պրոֆիլները (պսևդո, քանի որ կայքում բացակայում են անձնական բնույթի տեղեկատվություն՝ հեռախոսահամար, նկար և այլն): Բացասական կարծիք ստացած բժիշկները, ցանկանում են, որ իրենց հեռացնենք համակարգից: Սակայն համակարգի սկզբունքներից է հենց այն, որ բժիշկի պսևդո-պրոֆիլ կարող է ավելացնել ցանկացած մարդ, ցանկացած պահի:
Մենք հիվանդին ազատ արտահայտվելու հնարավորություն ենք տալիս, բայց նաև չենք մոռանում բժիշկների մասին. նրանք կարող են գրանցվել և պատասխանել իրենց մասին կարծիքներին։ Բժիշկների և հիվանդների ազատ արտահայտվելու հնարավորությունը հավասար է մեզ մոտ։
Դուք ստանում եք կարծիքներ բժշկության ոլորտի մասին: Արդյո՞ք կարող եք ներկայացնել ոլորտի ընդհանուր պատկերը և նշել հիմնական խնդիրները:
Ոլորտի ընդհանուր պատկերը դեռևս չենք կարող ներկայացնել, գուցե մի քանի տարի անց, երբ ինֆորմացիայի կուտակումը շատ մեծ լինի, հնարավոր կլինի ճիշտ պատկեր ստանալ։ Կարող ենք նշել, որ կան մասնագետներ, ովքեր ունեն միայն դրական և բավականին մեծ թվով վարկանիշային գնահատականներ, և կան մասնագետներ, ովքեր ունեն և՛ դրական, և՛ բացասական վարկանիշային գնահատականներ:
Կա տպավորություն, որ որոշ մասնագետներ առաջնային չեն համարում հիվանդի հետ շփման կարևորությունը, կարող են նույնիսկ լինել կոպիտ և համարել դա նորմալ:
Ամենաշատ բացերը թերևս առկա են մարզային հիվանդանոցներում: topdoctors.am-ում ուշադրություն հատկացվո՞ւմ է այդ խնդրին:
Համակարգը օնլայն է: Ցանկացած մարդ, ցանկացած մարզից հնարավորություն ունի կիսվելու իր փորձով: Սակայն այս պահին մենք ունենք ճանաչելիության խնդիր անգամ Երևանում:
Նպատակներ ունե՞ք կայքի գործառույթներն ավելի ընդլայնելու:
Մեր նպատակները ծավալով գերազանցում են մեր ազատ ժամանակի տված հնարավորությունները։ Մեր աշխատանքային խումբը գործում է զուտ կամավորական սկզբունքով։ Երկուսս էլ ունենք մեր հիմնական աշխատանքը, իսկ այս կայքի վրա աշխատելու համար մեր քնի և հանգստի ժամերից ենք խլում։ Սակայն ունենք հոյակապ մտքեր, որոնք անպայման կյանքի կկոչենք ապագայում, գուցե մի քիչ դանդաղ կստացվի, բայց օգտատերերին էլ ավելի մեծ հնարավորություններ կտրվեն։
Ի՞նչ կարող են փոխել նորարարությունները բժշկության ոլորտում: Ինչպիսի՞ փոփոխությունների կարիք է առավել սուր զգացվում այսօր:
Թե՛ բժշկության ոլորտում, թե՛ մեկ այլ, նորարարությունները մեծ փոփոխություններ են բերում հենց այսօր։ ՏՏ–ի միջոցով կարելի է հասնել և՛ հիվանդի, և՛ բժիշկի ժամանակի խնայման, խուսափել թղթաբանական ավելորդ քաշքշուկից, խուսափել հերթագոյացումներից։ Երբ բոլոր հիվանդանոցները ունենան իրենց կայքերը, որեղ հնարավոր կլինի օնլայն օպերատորից ստանալ անհրաժեշտ տեղեկությունները, մարդկանց ժամանակի, նյարդերի և էներգիայի մեծ խնայողություն կլինի։
Մեր առօրյա կյանքի ո՞ր ոլորտներն ամենից շատ ունեն նորարարության կարիք: Հատկապես ո՞ր խնդրի դեպքում տեխնոլոգիաները կարող են հեշտացնել կյանքը մեր երկրում:
Նորարարությունների կարիք կա ամենուր, չնայած նրանք արդեն այս կամ այն չափով ներխուժել են այս պահին հնարավոր բոլոր ոլորտներ։ Շուտով ՏՏ–ն կլուծի նույնիսկ այնպիսի հարցեր, որոնք առաջին հայացքից ոչ մի կապ չունեն այս ոլորտի հետ։
Տեխնոլոգիաները կարող են հեշտացնել ցանկացած խնդիր մեր երկրում: Իսկ մեր ՏՏ ներկայացուցիչները իրոք մեծ ներուժ են ներկայացնում: Բոլոր խնդիրներն էլ, կամա թե ակամա, ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումները: Դրան կարելի է նպաստել կամ խանգարել, բայց դա այլ հարց է: Ամեն դեպքում Հայաստանին սպասվում է պայծառ ապագա:
In this article
- ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- ՍՏԱՐՏԱՓ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
- topdoctors.am
- ակնաբույժ
- առողջապահություն
- առողջություն
- Ատամնաբույժ
- Բժիշկ
- բժիշկների մասին
- բժշկական ոլորտ
- գինեկոլոգ
- լավ բժիշկ
- Ծրագրավորող
- ծրագրավորողներ
- կարծիքներ բժիշկների մասին
- Հայկ Մանթաշյան
- հայկական նախագիծ
- հայկական ստարտափ
- հիվանդանոց
- Հոգեբան
- Նորայր Ամիրխանյան
- տեխնոլոգիաներ
- տեղեկատվական տեխնոլոգիաներ
Join the Conversation