ԱՌԱԿ. ՊԱՏՈՒՀԱՆՆ ՈՒ ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԸ

Ի՞նչ պատուհանից եք դուք նայում աշխարհին, ի՞նչ եք նկատում ձեր շուրջը: Արդյոք ուրիշներին քննադատելուց առաջ համոզվում եք, որ դուք ինքներդ չունեք նույն թերությունը: Այս հրաշալի առակը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ժողովրդական ճշմարտությունը՝ «Քո աչքի գերանը տես, նախքան ուրիշի աչքի փուշը տեսնելը»:

7449
Առակ պատուհանը և կեղտոտ լվացքը

Մի ամուսնական զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։

– Նայի՛ր՝ ինչ կեղտոտ է նրա լվացքը,- ասում է նա ամուսնուն։

Բայց ամուսինը կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։

– Երևի լվացքի փոշին է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել,- ինքն իրեն որոշում է կինը։

Ու այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր, թե որքան կեղտոտ է այն։

Իսկ մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչեց.

– Օ՜, այսօր մեր հարևանուհու լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։

– Ո՛չ,- պատասխանեց ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել պատուհանը։

Մեր կյանքում էլ է այսպես: Ամեն ինչ կախված է այն պատուհանից, որի միջով մենք նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։ Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ, պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։

In this article


Join the Conversation