Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե որքան ժամանակ եք ծախսում առավոտյան՝ որոշելով ինչ հագուստ հագնել: Գուցե չեք էլ նկատել, բայց միայն այդ պատճառով շատ անգամներ ուշացել եք համալսարանից կամ աշխատանքից: Մենք հսկայական քանակությամբ ժամանակ ենք ծախսում այնպիսի բաների վրա, որոնք չեն կարող փոխել աշխարհը և անգամ մեր օրը չեն կարող փոխել: Մինչդեռ հաջողակ մարդիկ գտնում են, որ պետք է կյանքը հնարավորինս պարզեցնել և կենտրոնանալ այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատանքը հեշտ չես համարի: Նա չափից շատ բան ունի մտածելու, որպեսզի անհանգստանա նաև իր զգեստապահարանի մասին: Սովորաբար Օբաման կրում է մոխրագույն կամ կապույտ կոստյում:
«Ես փորձում եմ հնարավորինս կրճատել տարբերակները: Ես չեմ ցանկանում որոշումներ կայացնել այն մասին, թե ինչ եմ ուզում ուտել կամ կրել: Ես չափից շատ այլ խնդիրներ ունեմ»:
Եվ իսկապես, հետազոտությունները ցույց են տալիս, որ մանր, ոչ էական որոշումներ ընդունելը վատ է ազդում մարդու՝ երկարաժամկետ ու գլոբալ որոշումներ կայացնելու ունակության վրա: Հենց այդ պատճառով է Օբամայի զգեստապահարանը այնպես կրճատված, որպեսզի նա զբաղվի ոչ թե հագուստ ընտրելով, այլ երկրի և աշխարհի մասին որոշումներ կայացնելով:
Ավելի հայտնի է Սթիվ Ջոբսի օրինակը, ով միշտ կրում էր իր սև բլուզը ջինսերի ու մարզակոշիկների հետ: Մարկ Ցուկերբերգը նույնպես հասարակության առջև միշտ երևում է միևնույն հագուստով՝ մոխրագույն շապիկ, գլխանոցով սև բաճկոն և ջինսեր: Ալբերտ Էյնշտեյնն էլ իր մոխրագույն կոստյումից գնում էր մի քանի հատ, որպեսզի առավոտյան չմտահոգվի հագուստի ընտրության համար:
Որոշելով, թե ինչ հագուստ կրել, մարդիկ պակաս արդյունավետ են լինում աշխատանքում: Միագույն զգեստապահարան ընտրելով՝ Օբաման, Սթիվ Ջոբսը, Ցուկերբերգը և Էյնշտեյնը պարզեցրել են իրենց կյանքը: Իսկ այն, որ նրանք մարդկության պատմության ամենահաջողակ գործիչներից են, ժխտել ոչ ոք չի կարող:
ԴԱՐՁՐԵՔ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ
Չափից շատ հագուստ ունենալը ոչ միայն գումարի, այլև ժամանակի ավելորդ վատնում է: Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հրաժարվում է փողկապ կրել:
«Փողկապը ավելորդ հանգույց է, որը խանգարում է ձեր վզին: Ես սպառողական ապրելակերպի թշնամին եմ: Դրա պատճառով մենք մոռանում ենք իսկապես կարևոր հարցերի մասին և ժամանակը վատնում ենք այնպիսի բաների վրա, որոնք մեզ երջանկություն չեն բերում»:
Իհարկե, կյանքը ձանձրալի կլիներ, եթե բոլորը կրեին միևնույն հագուստը, բայց, ինչպես ասում է սիրելի ֆիլմի հերոսը, միթե կոստյումն է, որ պետք է գեղեցկացնի ձեզ: Միշտ հիշեք, որ նոր կոշիկը կամ հագուստը ձեզ կերջանկացնեն կարճ ժամանակով միայն:
Թույլ մի տվեք փոքրիկ բաներին ղեկավարել ձեր երջանկությունը: Պարզեցրեք կյանքը և կհայտնաբերեք շատ ավելի կարևոր բաներ:
Ըստ՝ Ջոն Հալթիվինգերի
The Science Of Simplicity հոդվածի
Join the Conversation