Նա այն վառ անհատականություններից մեկն է, ով հավատ ներշնչեց Հայաստանի ազգային հավաքականի հանդեպ, հավատացրեց երկրպագուներին, որ նրանք ականատեսն են լինելու բազմաթիվ հաղթական խաղերի և երջանկանալու են հայկական ֆուտբոլով: Լիոնել Մեսսիի, Քրիստիանու Ռոնալդուի և մյուս հանրահայտ ֆուտբոլիստների հայ երկրպագուները մի կողմ թողեցին իրենց մշտական վեճերն ու սկսեցին հետևել ու երկրպագել միայն այն խաղերին, որոնց մասնակցում է Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները վաղուց արդեն դուրս են եկել Հայաստանի սահմաններից: Նա բազմիցս ճանաչվել է ոչ միայն Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, այլև հասցրել է 21 տարեկանում դառնալ Դոնեցկի Մետալուրգի պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը, նվաճել 7 տիտղոս «Շախտյորում» հանդես գալու ընթացքում, որոնց թվում նաև՝ լիգայի լավագույն ռմբարկուի կոչումը: 2012-2013 մրցաշրջանում, մասնակցելով 29 խաղի, նա խփել էր ռեկորդային 25 գոլ՝ ընդ որում ձևակերպելով 1 հեթ-տրիկ, 6 դուբլ և ընդամենը մեկ 11 մետրանոց հարվածի իրացում։ Երբ դորտմունդյան Բորուսիան ձեռք բերեց Մխիթարյանին ուկրաինական «Շախտյորից»՝ ակումբին վճարելով 27,5 միլիոն եվրո, Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։
Այսօր Հենրիխ Մխիթարյանն արդեն պաշտոնապես անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում է՝ իր նոր, արդեն կարմիր մարզաշապիկով: Եվ քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիային» այս տրանսֆերի համար վճարել է ռեկորդային գումար՝ 42 մլն եվրո, Մխիթարյանը ճանաչվել է նաև հետխորհրդային տարածաշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը:
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Մխիթարյանը ծնվել է Երևանում 1989 թվականի հունվարի 21-ին, սակայն մանկությունն անցկացրել է հարավարևելյան Ֆրանսիայում: Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր: Հենրիխի ծննդից հետո նա ընտանիքով տեղափոխվեց Ֆրանսիա՝ խաղալու տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն: Սակայն ընդամենը 33 տարեկան հասակում Համլետ Մխիթարյանը հրաժեշտ տվեց կյանքին գլխուղեղի ուռուցքի պատճառով, որից հետո 1995թ. Մխիթարյանների ընտանիքը վերադարձավ Երևան:
Հայրենիք գալով՝ Հենրիխն արդեն գիտեր, թե ինչ կարիերայի մասին է երազում: «Երբ ես երեխա էի, դիտում էի հայրիկիս խաղը և միշտ ցանկանում էի նրա հետ մարզվել: Իսկ երբ ինձ իր հետ չէր տանում պարապմունքների, ես նստում էի դռան մոտ և լաց էի լինում: Ես միշտ ցանկացել եմ ֆուտբոլիստ դառնալ և շնորհակալ եմ ծնողներիս, որ օգնել են ինձ իրականություն դարձնել երազանքս»:
Մխիթարյանը 1995 թվականին միացավ «Փյունիկ» ակումբին՝ աճելով ու դառնալով Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: «Չեք էլ կարող պատկերացնել, թե որքան կուզենայի, որ հայրս տեսներ իմ խաղը:Եթե նա իմ կողքին լիներ, շատ բաներ այլ կերպ կլինեին, էլ չեմ խոսում մասնագիտական խորհուրդների մասին, որոնք նա ինձ կտար: Գիտակցաբար, անշուշտ, ես նրանից քիչ բան եմ սովորել, բայց նրա խաղը տեսած մարդիկ ասում են, որ մենք նույն կերպ ենք վազում, նույն կերպ ենք հարվածում: Այն ամենի մեծ մասը, ինչ ես ունեմ, ինձ փոխանցվել է հայրական գեների միջոցով: Ես հայրիկիս անունը պետք է բարձր պահեմ ու իմ անունն էլ: Բայց առաջին հերթին պետք է հայկական ֆուտբոլի անունը բարձր պահեմ»:
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԵՐԻՑ
Երկրպագուները և խաղընկերները Հենրիխին հաճախ անվանում են Միկի կամ MagicTaryan, իսկ ռուսները՝ Самый лучший из армян – это Генрих Мхитарян (լավագույնը հայերից Հենրիխն է Մխիթարյան)։
Որտեղ էլ որ լինի Մխիթարյանը, նա ձգտում է լավագույնս ներկայացնել հայկական ֆուտբոլն ու Հայաստանը: «Շախտյորում» խաղալու շրջանում նրա խփած յուրաքանչյուր գոլից հետո «Դոնբաս Արենայում» հնչում էր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»: «Ինձ համար շատ հաճելի էր, որ 50 հազարանոց մարզադաշտում հնչում է այս երաժշտությունը: Ինձ համար դա մեծ պատիվ էր: Ես գտնում եմ, որ ցանկացած մարդ պետք է ծանոթ լինի հայկական մշակույթին ու հայ ժողովրդին»:
«Փյունիկի», իսկ այնուհետև նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ ինքը Հենրիխին՝ իր լավագույն խաղացողին, կցանկանար տեսնել ավելի ուժեղ թիմերում խաղալիս։ «Նա լեգենդ դառնալու համար լավ ուղի է անցել։ Նա միայնակ կարող է հաղթել խաղը։ Նա որսում է ճիշտ պահը և հաճույքով հարվածում»։
Մխիթարյանը հավատում է Հայաստանի ազգային հավաքականի ապագային, հայ երիտասարդ ֆուտբոլիստների մեծ ներուժին և իր ամենամեծ նպատակներից մեկը համարում է ազգային հավաքականի կազմում հաղթանակներ գրանցելը:
Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ այսօր հարյուր հազարավոր մարդիկ ճանաչում ու հետաքրքրվում են Հայաստանով և մեծագույն հաճույքով արտասանում են հայ ֆուտբոլիստի ոչ այնքան հեշտ ազգանունը:
ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ցանկացած մարդ պետք է պայքարի՝ աշխարհում իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը։ Պետք է հավատալ սեփական ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից»,- ասում է Մխիթարյանը։
Նա շատ կազմակերպված է և երբեք չի մոռանում մարզումների մասին, իսկ խփած գոլերից անմիջապես հետո չի ձգտում բուռն կերպով արտահայտել ուրախությունը, քանի որ գտնում է, որ մեկ խփած գոլը կարող է դեռևս հաղթական ելք չապահովել: «Իսկ պարտության մեջ մեղավորներ չեմ փնտրում, միայն ինձ եմ մեղադրում, իմ մեջ եմ սխալներ փնտրում և ուղղում, չնայած լինում են դեպքեր, երբ հակառակորդի կամ թիմակցի սխալների վրա եմ սովորում»:
«Իմ նպատակը խաղից խաղ զարգանալն է»,– նշում է Մխիթարյանը, այդ պատճառով էլ «Շախտյորում» իր ելույթների տարիներին նա որոշեց ոչ թե առանձին բնակարանում ապրել, այլ ակումբի մարզաբազայում: «Երբ ես սկսեցի հայտնի դառնալ, նախընտրեցի կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Իմ խաղընկերները երբեմն կատակում էին՝ անվանելով ինձ «Մարզաբազայի նախագահ»: Դորտմունդում, այնուամենայնիվ, նա համաձայնեց ապրել սեփական բնակարանում:
«Եթե գործին նվիրվում ես ոչ թե 100, այլ 200%-ով, ուրեմն հաստատ ինչ-որ բան կստացվի: Երբ մարդ չի սիրում իր գործը, չի կարող հաջողության հասնել: Ես միշտ երազել եմ խաղալ ֆուտբոլ և մեծ քայլերով առաջ գնալ: Լինում են դեպքեր, երբ ֆուտբոլիստի մոտ աճ է նկատվում, բայց լինում են նաև պահեր, երբ չես կարողանում առաջ գնալ, և դրանից երկրպագուները կարող են եզրակացնել, որ ֆուտբոլիստը հետընթաց է ապրում: Բայց տեղում դոփելուց հետո ֆուտբոլիստը կարող է մի քանի աստիճանով աճել: Նման դեպքերում պետք է համբերություն, ինչը ես սովորել եմ սեփական մաշկիս վրա: Եղել է ժամանակ, որ ես էլ տեղում եմ մնացել, առաջ չեմ գնացել, բայց համբերատար եմ եղել ու կարողացել եմ առաջ գնալ»:
«Պետք է քչից սկսել, հավատալ սեփական ուժերին, ընտրել այն ճանապարհը, որով կկարողանաս հաջողության հասնել, ոչ թե ժամանակը վատնել ոչինչ չանելու վրա: Իսկ դրա համար պետք է ոչ թե տանը նստել, այլ ձգտել ու իրականացնելու քո նպատակը»:
Հենրիխ Մխիթարյան
Նշենք նաև, որ Մխիթարյանը պոլիգլոտ է: Դեռ վաղ մանկությունից նա հակում է ունեցել նոր լեզուներ սովորելու և այսօր արդեն հրաշալի տիրապետում է 6 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն և գերմաներեն:
ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ
«Նա լավ ընկեր է իր ընկերների համար, շատ համեստ է, խելացի, շատ նրբանկատ ու զուսպ։ Նա նույն համեստ և լավ ֆուտբոլիստն է։ Հիմա էլ ավելի փորձառու է դարձել։ Ոչինչ չի կարողացել իրեն փոխել. ոչ այն, որ նա լավ ակումբում է խաղում, ոչ այն, որ ավելի շատ գումար է վաստակում։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես միշտ եղել է և դա շատ ուրախալի է։ Ես Հենրիխին միշտ համեստ եմ հիշում։ Նա շատ է սիրում կատակներ անել և հասկանում է ուրիշների արած կատակները։ Ինչպես նրան տեսնում եք խաղադաշտում, նա այդպիսին է նաև խաղադաշտից դուրս։ Դա շատ լավ է, որովհետև բազմաթիվ ֆուտբոլիստներ գիտեմ, ում խաղադաշտում բոլորը սիրում են, բայց կյանքում այդքան էլ սիրված անձինք չեն»:
Սարգիս Հովսեփյան
Խոսելով անձնական որակների մասին՝ Հենրիխը նշում է, որ իր գործը ֆուտբոլ խաղալն է: Չի սիրում առանձնահատուկ աչքի ընկնել: «Ես չեմ փոխվել ու չեմ էլ պատրաստվում փոխվել: Ես հրաշալի հասկանում եմ, որ աստղային հիվանդությունը ուղիղ ճանապարհ է դեպի կտրուկ վայրէջք: Խաղի մեջ, այո, ֆուտբոլիստը պետք է հանդուգն լինի, սակայն կյանքում չպետք է փորձի առանձնանալ այն մարդկանց մեջ, ում հետ նա ապրում է՝ նույն ակումբում, նույն քաղաքում ու երկրում:
Ինձ շրջապատում են հրաշալի մարդիկ, ովքեր սատարում են ինձ անհաջողությունների ժամանակ և թույլ չեն տալիս մեծամտանալ հաջողությունների դեպքում:Ես փորձում եմ խուսափել բոլոր տեսակի կոնֆլիկտներից և բոլորին՝ թե մարզիչներին, թե խաղընկերներին, հարգանքով եմ վերաբերվում և նույնը ակնկալում եմ իմ հանդեպ:
Ես չեմ ապրում այն բանի համար, որ փող աշխատեմ, այլ աշխատում եմ գումար ապրելու համար:Իսկ իմ կյանքում ամենաշատը ուրախացել եմ «Փյունիկում» իմ ստացած առաջին աշխատավարձի համար, երբ ընդամենը 15 տարեկան էի»:
Դեռ 2013 թվականին շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ Փեթ Նևինը ասել է Հենրիխի մասին.
«Առաջնության 8 խաղում 11 գոլ խփելը արդեն ֆանտաստիկ է, բայց երբ այդ ամենին ավելանում է այն փաստը, որ նա կիսապաշտպան է, դա արդեն ֆենոմենալ է։ Եթե դուք նրա մասին դեռ չեք լսել, եթե անգամ Եվրոպայի գերակումբների գործակալները նույնպես չեն լսել նրա մասին, ապա դուք շուտով կիմանաք նրան։ Նա ունի արագություն, թնդանոթային հարված և արագ խաղի մեջ մտնելու կարողություն։ Այս բոլոր հատկանիշների շնորհիվ նա պետք է հաճախ աչքի ընկնի»:
Իսկ ահա Հենրիխի արդեն նախկին մարզիչ Թոմաս Տուխելն ասում է.
«Նման ֆուտբոլիստը իսկական երազանք է։ Նրան մարզելուց հաճույք եմ ստանում։ Ամեն օր ես ինչ-որ նոր բան եմ սովորում նրանից։ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա պոտենցիալը դեռ մինչև վերջ չի բացահայտվել»:
In this article
- ՄԱՐԴԻԿ
- ազգային հավաքական
- Բորուսիա
- Բորուսիա Հենրիխ Մխիթարյան
- Թոմաս Տուխել
- հայաստանի ազգային հավաքական
- հաջողություն
- Հենրիխ Մխիթարյան
- Հենրիխ Մխիթարյան Մանչեսթեր Յունայթեդ
- Հենրիխ Մխիթարյան տրանսֆեր
- Հենրիխ Մխիթարյանի կյանքը
- Հենրիխ Մխիթարյանի հայրը
- Հենրիխ Մխիթարյանի մանկությունը
- Հենրիխ Մխիթարյանի մասին
- Մանչեսթեր Յունայթեդ
- Մխիթարյան
- Մխիթարյան հաջողության պատմություն
- Մխիթարյան տրանսֆեր
- Վարդան Մինասյան
- ֆուտբոլ
- ֆուտբոլի մասին
- ֆուտբոլիստ
Join the Conversation