Սթենֆորդի համալսարանի Կորպորատիվ կառավարման կենտրոնի անդամ Վիվեկ Վադխվան նշում է, որ երկրագնդի տնտեսությունն ու արտադրությունը հսկայական փոփոխությունների են ենթարկվելու, և աշխարհի առաջատար ընկերություններից շատերը 15-20 տարուց ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը: Ահա այն հիմնական 5 բնագավառները, որոնց ներկայացուցիչները պարզապես պարտավոր են հետևել ժամանակի զարկերակին:
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Շնորհիվ ռոբոտաշինության և 3D տպագրության՝ ապրանքներ արտադրելը ԱՄՆ-ում և Եվրոպայում շուտով ավելի մատչելի կդառնա, քան Չինաստանում: Շաբաթական 7 օր և օրական 24 ժամ աշխատող ռոբոտները որոշ ժամանակ անց կսկսեն բազմաթիվ գործողություններ կատարել մարդկանց փոխարեն, քանի որ դրանց պատրաստումն ու շահագործումը ավելի քիչ ռեսուրս են պահանջում, քան մարդու աշխատանքը:
Իսկ ահա ռոբոտներին կգան փոխարինելու 3D պրինտերները, որոնց շնորհիվ մենք կկարողանանք սեփական iPhone ստեղծել՝ տանը նստած:
ՖԻՆԱՆՍՆԵՐ
Էլեկտրոնային դրամական միավորներն արդեն վաղուց իրականություն են: Համակարգչի մեկ հպումով դրամական փոխանցումներ անելով՝ մոտ ապագայում մենք այլևս կարիք չենք զգա բանկերի և ֆինանսական հաստատությունների այն տեսքով, ինչպիսին նրանք հիմա են:
Քրաուդֆանդինգն էլ ֆինանսական պատկերացումները փոխելու մեկ այլ տարբերակ է, որի շնորհիվ մարդիկ կկարողանան հասարակական ֆինանսավորմամբ ձեռք բերել ավտոմեքենաներ, տներ և այլ ապրանքներ:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Apple-ի, Google-ի, Samsung-ի ու Microsoft-ի աչքից չի վրիպել նաև այս ոլորտը: Նրանց արտադրած նորագույն տեխնոլոգիաները արդեն իսկ կարողանում են հետևել իրենց օգտատերերի առողջությանը՝ չափել ճնշումը, արյան մեջ թթվածնի քանակը, մարմնի ջերմաստիճանը, ֆիզիկական ակտիվությունը և այլն:
Այս ամենի շնորհիվ սարքերը նախազգուշացնում են մարդկանց սպառնացող հիվանդությունների մասին, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք արժե ձեռք առնել դրանց կանխարգելման համար: Բժիշկները շուտով կունենան մրցակիցներ նաև բժիշկ-ռոբոտների տեսքով, որոնք ի վիճակի կլինեն անգամ ամենաբարդ վիրահատությունները կատարելու:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Թեև կրաքարից նավթ ու գազ ստանալը բնապահպանությանը էական վնասներ է հասցնում, ինչպես նաև հրահրում երկրաշարժեր, ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ կանգ չեն առնում այս հարցում, ինչի արդյունքում բնական գազի գները շարունակում են կտրուկ նվազել: Կրաքարից գազի արտադրությունը վերջին 50 տարվա ամենաէական փոփոխությունն է էներգետիկայի ոլորտում, և սկսվել է այն ընդամենը 2012 թվականից:
Էներգետիկայի ոլորտի մեկ այլ հեղափոխություն էլ արևային էներգիան է, որի շնորհիվ շուտով ավելի հեշտ ու մատչելի կլինի էներգիա ստանալ տնային պայմաններում՝ արևային մարտկոցների շնորհիվ, քան գնել այն էլեկտրաէներգիա մատուցող ընկերություններից:
Էներգիայի անսպառ պաշար ունենալով՝ մարդիկ հնարավորություն կունենան ամբարել նաև ջուր՝ օվկիանոսից ջրի անհրաժեշտ քանակություն աղազատելով, կկարողանան ուղղահայաց ջերմոցներում աճեցնել մրգեր ու բանջարեղեններ, որոնք 100% օրգանիկ կլինեն և առանց պարարտանյութերի: Չմոռանանք նաև այն մասին, որ կկարողանանք 3D տպիչների միջոցով միս տպել՝ կենդանիներին հանուն մսի սպանելու փոխարեն: Այս ամենը, իհարկե, ամբողջությամբ կփոխի գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտը:
ԿԱՊ
Եվ անգամ այս ոլորտին են փոփոխություններ սպասում: Ֆիքսված հեռախոսակապին փոխարինել է մոբայլ կապը, միջազգային զանգերի անհրաժեշտություն նույնպես չկա, երբ Skype-ը գոյություն ունի: Շնորհիվ ստեղծված մրցակցության՝ շուտով ողջ երկրագունդը պատված կլինի wifi ցանցով, և մենք ամենուրեք կկարողանանք անվճար զանգեր կատարել:
«15-20 տարվա ընթացքում լրջագույն փոփոխություններ են սպասվում գրեթե բոլոր ոլորտներում: Հսկա ընկերությունների մեծ մասը դա չի գիտակցում, և հենց այդ պատճառով նրանք շատ շուտով կդադարեն գոյություն ունենալ: Նորամուծությունների տեսքով ներդրումներ անելու փոխարեն նրանք ընկած են կարճաժամկետ եկամուտների հետևից», – գրում է Վիվեկ Վադխվան:
Համաշխարհային շուկայում, սակայն, շատ շուտով կհայտնվեն նոր ընկերություններ, որոնք կքայլեն ժամանակին համընթաց և կզբաղեցնեն երբեմնի հսկաների տեղը: Դա է ապագան, և երկրագունդը շարժվում է հենց այդ ուղղությամբ:
Join the Conversation