7 ՀԱՐՑ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԶՐՈՒՅՑ ՍԿՍԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ

Դուք նստած եք նոր ծանոթների, գործընկերների միջավայրում կամ նույնիսկ ձեր երկրորդ կեսի ծնողների ընկերակցությամբ, և քար լռություն է տիրում. ոչ ոք չգիտի, թե ինչպես սկսել զրույցը: Լռությունն անտանելի է դառնում, և լսելի է անգամ ժամացույցի թկթկոցը:

19812
Ինչպես զրույց սկսել

Այս իրավիճակը հեշտությամբ կարող եք փոխել, եթե կարողանաք ճիշտ հարցեր տալ և սկսեք թեթև ու հետաքրքիր զրույց:

ՀԱՐՑ 1. Որտեղի՞ց գիտեք Х-ին:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ի՞նչն է ձեզ բերել այստեղ:

Եթե դուք երեկույթի կամ միջոցառման մանսակից եք, ապա այսպես կկարողանաք ընդհանուր թեմա գտնել զրուցակցի հետ: Սա թերևս ամենահեշտ տարբերակն է ձեր միջև ինչ-որ կապ և խոսակցության թեմա գտնելու համար: Իսկ եթե ոչ մի ընդհանրություն չհայտնաբերեք, ապա կարող եք զարմանալ այն հանգամանքի վրա, թե որքան տարբեր մարդիկ կարող են հանդիպել միևնույն տեղում: Այսպես նաև առիթ կունենաք նոր հարցեր տալու համար:

ՀԱՐՑ 2. Իսկ ի՞նչ նկատի ունեք՝ դա ասելով:
ՏԱՐԲԵՐԱԿ. Երբեք չեմ լսել այդ մասին: Ինչպե՞ս է դա արվում:

Սովորաբար մենք չենք սիրում ինչ-որ բան ճշտելու համար կրկին հարց տալ, քանի որ կարծում ենք, որ այդպես հիմար վիճակում կհայտնվենք ու ցույց կտանք մեր անտեղյակությունը կամ անկրթությունը ինչ-որ հարցում: Մեզ թվում է, թե մենք ինչ-որ բան բաց ենք թողել մեր անուշադրության պատճառով, իսկ մնացած բոլորը տեղյակ են այդ մասին: Մինչդեռ այստեղ կարելի է բոլորովին այլ՝ հետաքրքրսեր և էնտուզիազմով լի «սկսնակի» մոտեցում ցուցաբերել ու հաճույքով, հետաքրքրությամբ հարցեր ուղղել զրուցակցին: Այդպես ձեր հարցերը հաճելի կլինեն զրուցակցի համար: Բացի այդ դուք կհնչեցնեք այն հարցերը, որոնց պատասխանները հավանաբար շատերը կցանկանային լսել, սակայն վերը նշվածի պես ամաչում են:

Ինչպես զրույց սկսել

ՀԱՐՑ 3. Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այդ գործով:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ինչպե՞ս եք ներգրավվել այս ոլորտում:

Մարդիկ սիրում են խոսել իրենք իրենց մասին: Այսպիսի հարցը մղում է զրուցակցին մի ամբողջ պատմություն պատմելու, իսկ այդ պատմության շուրջ հարցեր տալն ու հետաքրքիր զրույց կառուցելը արդեն շատ ավելի հեշտ է: Հանկարծակի կարող է պարզվել, որ դուք նույն համալսարանում եք սովորել կամ աշխատել եք նույն ընկերությունում տարբեր ժամանակահատվածներում և այլն, և այլն: Այս ամենից հետո զրույցը, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կընթանա իր բնական հունով:

ՀԱՐՑ 4. Ի՞նչն է ձեզ դուր գալիս …-ի մեջ:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ինձ շատ դուր եկավ (այս խոսնակը, սրահի ձևավորումը…), իսկ ձե՞զ:

Ինչպես և նախորդ տարբերակում, այս հարցն էլ զրուցակցին մղում է պատմել իր մասին կամ արտահայտել կարծիք այս կամ այն բանի մասին: Շատ հետաքրքիր է ստացվում, եթե ձեր կարծիքները չեն համընկնում, և դուք սկսում եք ոգևորված բանավիճել ու քննարկել այդ փաստը: Հիշեք՝ մարդիկ կարող են անվերջ խոսել իրենց նախընտրությունների մասին:

ՀԱՐՑ 5. Ո՞րն է այս քաղաքի ամենալավ ռեստորանը:
ՏԱՐԲԵՐԱԿ. Որտե՞ղ կարելի է հետաքրքիր ու հանգիստ ժամանակ անցկացնել:

Մարդիկ սիրում են հանդես գալ խորհրդատուի դերում: Եթե քաղաքում առաջին անգամ եք և զրուցում եք տեղացու հետ, ապա վստահ եղեք, որ նա մեծագույն հաճույքով կպատմի և անգամ ցույց կտա իր բնակավայրի ամենահետաքրքիր վայրերն ու կբացահայտի բոլոր գաղտնիքները: Խորհուրդ կտա, թե ուր գնալ, ինչ ուտել, ինչ տեսնել և այլն: Այդպես ոչ միայն հետաքրքիր կզրուցեք, այլև ձեզ համար կարևոր ու օգտակար տեղեկություններ կիմանաք:

ՀԱՐՑ 6. Ինչո՞ւ եք դուք այդպես մտածում:
ՏԱՐԲԵՐԱԿ. Հետաքրքիր է, նախկինում ինձ թվում էր…., բայց հիմա դուք ասում եք, որ իրականում բոլորովին այլ կերպ է:

Սովորաբար մարդիկ կարող են միանշանակ պնդել ինչ-որ բան իրենց քաղաքի, երկրի տնտեսության վիճակի, կրթական համակարգի կամ մեկ այլ բանի մասին, ինչպես, օրինակ, «Այդ ոլորտում բիզնես սկսելը հիմա բոլորովին իմաստ չունի»: Եթե դուք թույլ չտաք նրան սահմանափակվել միայն այդ արտահայտությամբ, այլ հարցեր ուղղեք պատճառների կամ մանրամասների մասին, ապա ցույց կտաք, որ մեծ հետաքրքրությամբ եք լսում նրան:

ՀԱՐՑ 7. Ի՞նչն էր ամենադժվար բանը այդ ճանապարհին:
ՏԱՐԲԵՐԱԿ. Եթե կարողանայիք ամեն ինչ նորից սկսել, ի՞նչը այլ կերպ կանեիք:

Մարդիկ սիրում են պատմել այն մասին, թե ինչպես են հաղթահարել դժվարությունները այս կամ այն նպատակին հասնելիս: Այսպիսի զրույցը սովորաբար հուզական է լինում: Հարցը հատկապես լավ է աշխատում, եթե դուք զրուցում եք ինչ-որ մեկի հետ, ում խորապես հարգում եք, օրինակ, գրքի հեղինակի, ոլորտի առաջատարի հետ և այլն: Այսպիսի հարցով դուք նաև կարևոր խորհուրդ կամ դաս եք ձեռք բերում:

Հարցեր տվեք ձեր զրուցակցին, հետևեք նրա արձագանքին, հայացքին, հասկացեք արդյոք նրան հետաքրքիր է զրույցը, մի մոռացեք նաև ինքներդ խոսել, արտահայտել սեփական կարծիքը հարցի շուրջ, որպեսզի զրույցը հարցաքննություն չհիշեցնի: Իսկ եթե զրույցի ընթացքում նրբանկատ հաճոյախոսություններ անեք՝ զրույցից ելնելով, դա միանշանակ հաճույք կպատճառի ձեր զրուցակցին, չէ՞ որ բոլորս ենք սիրում մեր մասին ինչ-որ լավ բան լսել դիմացինից:

In this article


Join the Conversation