ԽՆԴԻՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ՀԱՍԿԱՆԱՆՔ՝ ԽՆԴԻՐԸ ՈՐՆ Է
Մինչև խնդրի լուծմանը ձեռնամուխ լինելը հարկավոր է մի քայլ հետ անել և գործադրել բոլոր ջանքերը ավելի լավ հասկանալու համար, թե ինչի հետ եք պատրաստվում գործ ունենալ: Այդպես անում էր Ալբերտ Էյնշտեյնը:
«Եթե ես ունենայի 1 ժամ աշխարհը փրկելու համար, ապա 55 րոպեն կծախսեի խնդիրը որոշելու վրա և միայն 5 րոպեն՝ լուծում գտնելու վրա»,– ասում էր նա:
Մինչդեռ երբ մեր առջև որևէ խնդիր է ծագում, մենք այնքան ենք ցանկանում դրան արագ լուծում տալ, որ առհասարակ ժամանակ չենք ցանկանում տրամադրել խնդրի բուն էությունը հասկանալու համար:
Էյնշտեյնը վստահ էր, որ խնդրին տված լուծման որակը անմիջականորեն կապված է խնդրին տրված մեր նկարագրության որակի հետ: Որքան ավելի լավ մենք հասկանանք խնդրի էությունը, այնքան ընդգրկուն և արժեքավոր կլինի մեր տված լուծումը, բացի այդ մենք կկարողանանք այդ լուծումը գտնել շատ ավելի հեշտ ու արագ:
Internest.am-ը ներկայացնում է 8 հրաշալի տարբերակ խնդիրը ճիշտ որոշելու և լավագույն լուծումները հայտնաբերելու համար:
ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵՔ ԽՆԴԻՐԸ
Երբ Toyota ընկերության ղեկավարը խնդրեց իր աշխատակիցներին «տարբերակներ գտնել իրենց աշխատանքի արդյունավետությունը» բարձրացնելու համար, տեսավ միայն աշխատակիցների չհասկացող հայացքները: Իսկ երբ փորձեց վերաձևակերպել խնդիրը և ասաց՝ «Փորձեք գտնել տարբերակներ ձեր աշխատանքը հեշտացնելու համար», ստացավ առաջարկների իսկական հեղեղ:
Բառերը շատ մեծ դեր կարող են խաղալ խնդրի էությունը ընկալելու համար, այնպես որ, մանրակրկիտ աշխատեք խնդիրը ձևակերպելու վրա:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԽՆԴԻՐԸ ՎԵՐԵՎԻՑ
Մի ցածր կամուրջի տակ լռվել էր բեռնատար մեքենա: Հրշեջները, ոստիկանությունը և այլ ծառայություններ երկար ժամանակ փորձում էին դուրս բերել մեքենան՝ փորձելով բոլոր հնարավոր և անհնար միջոցները: Բեռնատարի վարորդն արդեն չգիտեր, թե ինչ անել, երբ մի դպրոցական առաջարկեց մի շատ պարզ տարբերակ՝ իջեցնել մեքենայի անիվները:
Ամեն նոր առաջադրանք կամ խնդիր ինչ-որ ավելի մեծ բանի փոքր մասն է: Ճիշտ այնպես, ինչպես կարելի է խնդիրն ուսումնասիրել՝ կողքից դիտելով, այնպես էլ կարելի է դիտել այն տարբեր բարձրություններից: Եթե կարծում ենք, որ գերծանրաբեռնված եք մանրամասներով և խնդրին նայում եք շատ նեղ տեսանկյունից, ապա փորձեք դրան նայել ավելի ընդհանուր դիտակետից:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԽՆԴԻՐԸ ՆԵՐՍԻՑ
Խնդիրը ավելի նեղ մասերի բաժանելը և ընդհանուր շարքի մեջ դրանցից յուրաքանչյուրը ուսումնասիրելը նույնպես կարող է դառնալ լավ միջոց իրավիճակը հասկանալու և լուծում գտնելու համար: Օրինակ, եթե ընտանիքում քաոս է տիրում կամ աշխատավայրում լարված մթնոլորտ է, փորձեք հատ-հատ հասկանալ այն խնդիրները, որոնք ստեղծել են այդ իրավիճակը: Գուցե կան կոնֆլիկտներ մի քանի աշխատակիցների միջև և դրանք իրենց հետևից բերում են նոր խնդիրներ: Եթե կարողանաք լուծում տալ յուրաքանչյուր միջանձնային կոնֆլիկտին, լարված մթնոլորտը գուցե և անհետանա:
ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ ՓՆՏՐԵՔ
Մինչև խնդրի լուծմանն անցնելը համոզվեք, որ դուք հաշվի եք առել իրադարձությունների զարգացման տարբեր ճանապարհներ: Հետևանքները մի քանի տարբերակով պատկերացնելը հրաշալի միջոց է անսպասելի, նոր ու ամենալավ լուծումը հայտնաբերելու համար:
ԿԻՐԱՌԵՔ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼԵԶՎԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Հաստատական ձևակերպումներ տվեք:
Հաստատական նախադասությունները ավելի շատ են մոտիվացնում և օգնում են տեսնել այն իրական օգուտը, որը թաքնված է խնդրի լուծման հետևում: Համաձայնեք, որ կա էական տարբերություն «ծխելը թողնելու» և «երկար ապրելու» կամ «էներգիայի մակարդակը բարձրացնելու» միջև:
Խնդիրը հարցական նախադասության ձևով դրեք:
Մեր ուղեղը սիրում է հարցեր: Եթե հարցը հետաքրքիր է, ապա ուղեղը կսկսի պատասխան որոնել, անգամ այն ժամանակ, երբ մենք դրա մասին չենք կասկածում:
ՁԵՐ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՐԵՔ
Շատ կարևոր է, որ դուք լավ տրամադրության մեջ լինեք, երբ կփորձեք խնդիրը որոշել և լուծում փնտրել: Դուք պետք է ոգևորված ու հետաքրքրված լինեք անմիջապես գործի անցնելու մեջ: Բոլորովին այլ բան է «վաճառքները մեծացնել», և այլ բան է «ցնցել ու հիացնել հաճախորդներին»: Այլ բան է «բլոգ բացել», և այլ բան է «օգնել մարդկանց ապրել ավելի լիարժեք կյանքով»:
ԱՄԵՆ ԻՆՉ ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋԵՔ
Մի օգտակար հնարք էլ այն է, որ մտածեք խնդրի վատթարագույն արդյունքի մասին: Եթե ուզում եք հաղթել, փորձեք պատկերացնել, թե ինչը կարող է դառնալ պարտության պատճառ: Այն ամենը, ինչ ձեզ հարկավոր կլինի անել, ստացած պատասխանը ճիշտ հակառակով փոխարինելն է:
Օրինակ, վաճառքները մեծացնելու համար փորձեք մտածել, թե ինչը կարող է դառնալ դրանց նվազման պատճառ: Արդյունքում դուք այնքան ակնհայտ պատասխաններ կգտնեք, որ ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպես մինչև այդ չէիք մտածել դրանց մասին:
ՀԱՎԱՔԵՔ ՓԱՍՏԵՐ
Ուսումնասիրեք ձեր խնդրի պատճառներն ու հանգամանքները: Եթե այն բավականաչափ պարզ չէ, փաստերի ուսումնասիրությունը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան այն անմիջապես լուծելը: Միգուցե խնդրի բուն պատճառը թաքնված է այնտեղ, որտեղ դուք չեք էլ մտածել նայել:
Այսպես, ավտոարտադրող բազմաթիվ ընկերություններ ստիպված էին փոխել իրենց մոդելների անվանումները մի շարք երկրներում, քանի որ, ինչպես ավելի ուշ պարզվում էր, իրենց կողմից ընտրված անվանումները նշանակում էին որևէ վատ կամ զվարճալի բան տվյալ լեզվում: Մինչդեռ սկզբնական շրջանում չիմանալով այդ հանգամանքի մասին՝ նրանք ցածր վաճառքների պատճառները փորձում էին այլ տեղ փնտրել:
Երբ դուք սկսեք ավելի շատ ժամանակ հատկացնել խնդրի բուն էությունը հասկանալու և այն ճիշտ ձևակերպելու վրա, ապա կհասկանաք, որ դա բոլորովին էլ ավելի բարդ չէ, քան լուծում որոնելը: Եվ իհարկե, ստացած արդյունքը կարդարացնի ձեր գործադրած ջանքերը:
Join the Conversation