ԿՅԱՆՔ ԱՌԱՆՑ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԻ. ՆԻՔ ՎՈՒՅՉԻՉԻ 12 ՍԽՐԱՆՔՆԵՐԸ

Նիք Վույչիչը ծնվել է առանց ոտքերի ու ձեռքերի, սակայն կարողացել է ոչ միայն գտնել իր տեղը կյանքում, այլև իր օրինակով ոգեշնչել հազարավոր մարդկանց ու ցույց տալ, որ կյանքը հիասքանչ է:

8544
Նիք Վույչիչ

Նիք Վույչիչի կյանքը ավելի շատ լեգենդի է նման: Այսօր 37-ամյա այս երիտասարդը ողջ աշխարհում հայտնի հռետոր է, երջանիկ ամուսին և չորս երեխաների հայր: Նա շրջել է ողջ աշխարհը, ելույթ ունեցել մարզադաշտում, որտեղ նրան լսելու համար հավաքվել էր 110 հազար մարդ: Մի՞թե այսպես հնարավոր է: Այո, եթե Նիքի պես ամեն օր մի փոքրիկ սխրանք գործես:

ԾՆՈՒՆԴԸ

1982 թվականի դեկտեմբերի 4-ին ծնվում էր Վույչիչների՝ սերբ գաղթականների առաջնեկը: Հայրը ներկա էր ծնունդին, և երբ տեսավ փոքրիկի գլուխը, իսկ հետո՝ ուսը, գունատվեց ու դուրս եկավ ծնարանից: Երբ նրան մոտեցավ բժիշկը, նա հարցրեց. «Բժիշկ, իմ որդին ձեռք չունի՞»: «Ոչ: Ձեր որդին չունի ոչ ձեռքեր, ոչ ոտքեր»:

Նիքի ծնողները ոչինչ չգիտեին «Տետրա-Ամելիա» սինդրոմի մասին, չգիտեին՝ ինչպես վարվել առանց ձեռքերի ու ոտքերի ծնված նորածնի հետ: Մայրը 4 ամիս չէր կարողանում նրան կրծքին մոտեցնել: Սակայն աստիճանաբար Նիքի ծնողներն ընտելացան, ընդունեցին և սիրեցին իրենց տղային այնպիսին, ինչպիսին նա կա:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Նիք Վույչիչ

«Փոքրիկ բդիկ». այսպես կոչեց Նիքն իր մարմնի միակ վերջույթը, որը ոտնաթաթ էր հիշեցնում՝ երկու սերտաճած մատներով, որոնք հետագայում վիրաբուժական ճանապարհով բաժանվեցին իրարից: Սակայն այդ վերջույթի միջոցով նա սովորեց գրել, տպել համակարգչի ստեղնաշարի վրա (43 բառ րոպեում), ղեկավարել էլեկտրական սայլակը, սքեյթ վարել և այլն:

Ամեն ինչ, իհարկե, միանգամից չստացվեց, բայց երբ ժամանակը եկավ, Նիքը գնաց դպրոց իր հասակակիցների հետ հավասարը հավասարի պես:

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք ուզում եք թողնել ձեր երազանքը, ստիպեք ձեզ աշխատել ևս մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի: Դուք կապշեք՝ տեսնելով, թե ինչ կլինի, եթե դուք չհանձնվեք:

«Դու ոչինչ չես կարող անել», «Մենք չենք ուզում քեզ հետ ընկերություն անել», «Դու ոչ ոք ես». այս խոսքերը Նիքը դպրոցում լսում էր ամեն օր:

Եվ ահա նա սկսեց ոչ թե հպարտանալ այն բաներով, որ սովորել էր անել, այլ կենտրոնացավ այն ամենի վրա, ինչ ինքը չէր կարողանում և երբեք չէր կարողանա անել:

Մի անգամ 10-ամյա Նիքը խնդրեց մայրիկին իրեն լոգարան տանել և փորձեց ինքն իրեն խեղդել լոգարանում: Իսկ ավելի ուշ որոշեց, որ իր ծնողները դրան արժանի չեն, և որ ինքնասպանությունը անազնիվ քայլ է քեզ սիրող մարդկանց հանդեպ:

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ

Նիք Վույչիչ

Ուրիշների խոսքերն ու արարքները չեն կարող որոշել իմ անհատականությունը:

«Ի՞նչ է քեզ հետ եղել». այս հարցն ամենից հաճախն էին Նիքին տալիս, քանի դեռ նա չէր դարձել հայտնի ամբողջ աշխարհում:

Տեսնելով առանց ոտքերի ու ձեռքերի երիտասարդին՝ մարդիկ չէին թաքցնում իրենց զարմանքը: Ծածուկ հայացքներ, քչփչոց, քմծիծաղ. այս ամենին Նիքը պատասխանում էր ժպիտով ու հաճախ կատակում. «Ամեն ինչ ծխախոտի պատճառով եղավ»: Իսկ փոքրիկ երեխաներին երբեմն ասում էր. «Ես պարզապես չէի հավաքում իմ սենյակը…»:

ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄ

Նիք Վույչիչ

Ծիծաղեք, որքան հնարավոր է շատ: Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են օրեր, երբ անհաջողություններն ու հոգսերը թափվում են ասես առատության եղջյուրից: Բայց մի անիծեք ամեն ինչ, մի բողոքեք: Շնորհակալ եղեք այն հնարավորության համար, որ կյանքը տալիս է ձեզ սովորելու և աճելու համար: Հումորի զգացումը ձեզ կօգնի այդ հարցում:

Նիքը կատակասեր է. ասում է՝ իբր կյանքն էլ իր հետ է կատակել ու ստեղծել առանց ոտքերի ու ձեռքերի: Մի անգամ ավիաընկերության թույլտվությամբ նա հագել էր օդաչուի հագուստ և դիմավորում էր ուղևորներին ինքնաթիռի մուտքի մոտ՝ ասելով. «Այսօր մենք փորձարկում ենք ինքնաթիռի կառավարման նոր համակարգ… Ես ձեր օդաչուն եմ»:

ՏԱՂԱՆԴ

Եթե դուք խորապես դժբախտ եք, ուրեմն դուք ապրում եք ոչ ձեր կյանքով, և ձեր տաղանդներն օգտագործվում են ոչ իրենց նշանակությամբ:

Նիքը երկու բարձրագույն կրթություն ունի՝ հաշվապահություն և ֆինանսական պլանավորում: Նա հաջողակ մոտիվացիոն հռետոր է և գործարար, բայց նրա ամենամեծ տաղանդը համոզելու կարողությունն է: Նա երկու գրքի հեղինակ է, ինչպես նաև հասցրել է նկարահանվել «Թիթեռնիկների կրկեսը» գեղարվեստական ֆիլմում, որը կյանքի իմաստը գտնելու մասին շատ գեղեցիկ պատմություն է:

ՍՊՈՐՏ

Նիք Վույչիչ

«Խելագար է»,- մտածում են շատերը՝ տեսնելով, թե ինչպես է Նիքը սերֆինգով զբաղվում ալիքոտ ծովում կամ թռչում պարաշյուտով:

«Ես հասկացել եմ, որ ֆիզիկապես նման չլինելը ուրիշներին սահմանափակում է ինձ միայն այն չափով, որ չափով, որ ես ինքս եմ դա թույլ տալիս», – խոստովանում է Նիքը և այլևս ոչ մի բանով ինքն իրեն չի սահմանափակում. խաղում է նաև ֆուտբոլ, թենիս, գոլֆ և հրաշալի լողում է:

ՄՈՏԻՎԱՑԻԱ

Նիք Վույչիչ

Կյանքի հանդեպ վերաբերմունքը հեռակառավարման վահանակ է: Եթե այն հաղորդումը, որը դիտում եք, ձեզ դուր չի գալիս, դուք պարզապես վերցնում եք վահանակն ու փոխում ալիքը: Այդպես է նաև կյանքում. երբ ձեզ դուր չի գալիս արդյունքը, պարզապես փոխեք մոտեցումը անկախ այն բանից, թե ինչ խնդրի հետ եք բախվել:

Երբ 19 տարեկանում Նիքին առաջարկեցին ելույթ ունենալ այն համալսարանում, որտեղ ինքը սովորում էր, նա բեմ բարձրացավ ու կարճ պատմեց իր մասին: Հանդիսատեսի շարքում շատերը սկսեցին լաց լինել, իսկ մի աղջիկ բեմ վազեց ու գրկեց նրան: Նիքը հասկացավ, որ հռետորությունը իր առաքեկությունն է:

Այսօր նա հասցրել է լինել ավելի քան 50 երկրում, հանդիպել 7 նախագահների հետ, ելույթ ունենալ հարյուր հազարավոր մարդկանց առջև: Ամեն օր նա ստանում է հարցազրույցների ու ելույթների հրավերներ: Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում նրան լսել: Նիքը հասկանում է, որ տառապանքները չի կարելի համեմատել, և որ յուրաքանչյուրն իր ցավն ունի, նա չի փորձում մարդկանց ոգևորել՝ ասելով, թե իր հետ համեմատած մարդկանց մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Նիքը պարզապես զրուցում է մարդկանց հետ:

ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիք Վույչիչ

Ես չունեմ ձեռքեր, և երբ գրկում եմ ինչ-որ մեկին, սեղմվում եմ անմիջապես սրտով: Դա հրաշալի է:

Նիքը խոստովանում է՝ քանի որ ինքն առանց ձեռքերի է ծնվել, հետևաբար երբեք էլ չի կարոտել նրանց: Միակ բանը, որի պակասը նա զգում է, ձեքռսեղմումն է և այն, որ ինքը չի կարող ոչ ոքի ձեռք մեկնել: Բայց նա այդ խնդրի լուծումն էլ է գտել: Նա գրկում է մարդկանց… սրտով: Մի անգամ նույնիսկ գրկախառնությունների մարաթոն էր կազմակերպել: 1749 մարդ մեկ օրում, ում ինքը գրկել էր սրտով:

ՍԵՐ

Նիք Վույչիչ

Եթե դուք բաց եք սիրո համար, այն կգա: Եթե ձեր սիրտը սահմանազատել եք պատով, ապա սերը այնտեղ բույն չի կարող դնել:

Նրանք ծանոթացան 2010 թվականի ապրիլի 11-ին: Գեղեցկուհի Քանաեն ընկեր ուներ, Նիքը չուներ ոտքեր ու ձեռքեր, բայց ծնվեց իրական, խորը զգացմունքը: 2012 թվականի փետրվարի 12-ին Նիքն ու Քանաեն ամուսնացան. ամեն ինչ՝ ինչպես հարկն էր՝ ճերմակ զգեստ, սմոքինգ, մեղրամիս Հավայան կղզիներում:

ԸՆՏԱՆԻՔ

Նիք Վույչիչ

Անհնար է ապրել լիարժեք կյանքով, եթե ձեր ամեն որոշումը պետք է որոշի վախը: Վախը ձեզ թույլ չի տա առաջ շարժվել և կխանգարի դառնալ այն, ինչ ցանկանում եք: Բայց վախն իրական չէ, այն ընդամենը տրամադրություն է, զգացողություն և վերջ:

«Տետրա-Ամելիա» սինդրոմը ժառանգական է, սակայն Նիքը չվախեցավ: 2013 թվականի փետրվարի 14-ին ծնվեց Նիքի ու Քանաեի տղան՝ Կիյոշի Ջեյմս Վույչիչը, 2015-ի օգոստոսի 7-ին՝ երկրորդ տղան՝ Դեժան Լեվի Վույչիչը:

ՀՈՒՅՍ

Նիք Վույչիչ

Ամեն լավ բան կյանքում սկսվում է հույսից:

Նիք Վույչիչը մարդ է, ով չունի ոտքեր ու ձեռքեր: Նիք Վույչիչը մարդ է, ով հավատում է հրաշքներին: Նրա պահարանի մեջ միշտ դրված է մի զույգ կոշիկ: Հենց այնպես… Ուղղակի… Չէ՞որ կյանքում միշտ պետք է տեղ լինի ավելի մեծ ու լավ ինչ-որ բանի համար…

In this article


Join the Conversation