2011 թվականին Ռուդոլֆ Դյութելն ընդունվեց աշխատանքի Google-ում.
«Իմ առաջին աշխատանքային օրը Google-ում նման էր Հարրի Փոթերի ժամանմանը Հոգվարթս. սարսափելի հուզվում էի, ինչպես դպրոցականն իր առաջին ժամադրությանը, ու չգիտեի, թե ինչ անեի: Այդ պատճառով մեծ ուրախությամբ սկսեցի անել յուրաքանչյուր գործ, որն ինձ վստահում էին, և փորձում էի հնարավորինս շատ բան սովորել այդ ամենից», – հիշում է Ռուդոլֆը:
Հետագա երկու տարիներին Ռուդոլֆը զբաղվում էր Gmail ծառայության կորպորատիվ վաճառքներով, ինչպես նաև աշխատակիցներին սովորեցնելով՝ ինչպես ավելի արդյունավետ աշխատել Gmail-ով:
Այսօր Ռուդոլֆ Դյութելը Google-ի աշխատակից չէ: Նա աշխատում է Buffer ընկերությունում, ինչպես նաև Remotive նախագծի հիմնադիրն է, որը էլեկտրոնային շաբաթաթերթ է հեռավորության վրա աշխատող մարդկանց համար: Սակայն Ռուդոլֆը առ այսօր շարունակում է կիրառել այն հմտությունները, որոնք ինքը սովորեցնում էր իր աշխատակիցներին Google ընկերությունում:
Հիմնվելով իր փորձի վրա՝ Դյութելն առանձնացրել է 7 օգտակար խորհուրդ, որոնց շնորհիվ դուք հնարավորինս կկրճատեք էլ. փոստի նամակների վրա ծախսվող ձեր ժամանակը:
ՕԳՏՎԵՔ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Շատ հաճախ նամակն ուղարկելուց հետո ենք միայն նկատում նամակի մեջ առկա սխալները կամ այն, որ մոռացել ենք կցել անհրաժեշտ փաստաթուղթը: Այսուհետ կարելի է կանգնեցնել նամակի «ընթացքը»՝ անգամ «ուղարկել» կոճակը սեղմելուց հետո: Այս ֆունկցիան կարելի է գործարկել՝ մուտք գործելով էլ. փոստի կարգավորումներ և ընդհանուր կարգավորումներում ակտիվացնելով նամակը հետ կանչելու ֆունկցիան: Ցանկության դեպքում կարելի է նաև սահմանել ֆունկցիայի գործողության ժամկետը` 5, 10, 20 կամ 30 վայրկյան: Այս հնարավորությունը երբեմն իսկապես կարող է փրկել «հուսահատ իրավիճակներից»:
ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐ
Մենք շատ հաճախ գրում ենք նմանատիպ նամակներ: Երբեմն ամբողջությամբ կրկնում ենք այլ հասցեատերերին ուղարկված նամակները: Մի քանի այսպիսի ձևանմուշ պատրաստելով՝ կարելի է էական ժամանակ խնայել, չէ՞ որ ավելի հեշտ է մի քանի բառ փոխել, քան գրել նոր նամակ՝ գրեթե նույն բովանդակությամբ: Իհարկե, վերջում նամակը պետք է ուշադրությամբ կարդալ: Սա հատկապես օգտակար կլինի վաճառքի ոլորտում աշխատող մարդկանց համար: Ձևանմուշներն ակտիվացնելու համար մուտք գործեք կարգավորումներ, վերևի տողում ընտրեք «Լաբորատորիա» բաժինը և ակտիվացրեք Шаблоны ответов/ Canned Responses ֆունկցիան: Հենց այս ֆունկցիան օգտագործելով է Ռուդոլֆը իր Remotive նախագծի առաջին 1500 բաժանորդներին ուղարկել իր կոնտակտային տվյալները:
ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՕՖԼԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպե՞ս աշխատել Gmail-ում՝ չունենալով ինտերնետ: Մուտքային նամակներին հասանելիություն չունենալով՝ երբեմն խելագարության կարելի է հասնել: Ինտերնետի սահմանափակ կամ ոչ մշտական հասանելիության դեպքում կարելի է օգտվել Gmail-ի օֆլայն ֆունկցիայից: Օֆլայն Gmail-Ի շնորհիվ կարելի է կարդալ, պատասխանել, փնտրել և արխիվացնել նամակները՝ առանց ինտերնետի: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն աշխատել էլ փոստի, այլև Google Drive ու Google Docs-ի հետ:
ՍԵՂՄԵՔ «ԴԱԴԱՐ» ԿՈՃԱԿԸ
Երբ կենտրոնացած աշխատում եք, իսկ նամակները մեկը մյուսի հետևից գալիս են ձեր էլ. փոստին, աճում է նաև անհանգստությունը՝ իսկ գուցե որևէ շտապ բա՞ն կա: Արդյունքում կրկին շեղվում եք աշխատանքից: Ռուդոլֆ Դյութելն առաջարկում է օգտվել Пауза входящих/Inbox Pause կոճակից: Երբ անհետաձգելի գործերն ավարտեք, կարող եք կրկին գործարկել նամակներ ստանալու ֆունկցիան և ստանալ դրանք ասես հենց այդ պահին:
ՀՐԱԺԱՐՎԵՔ ՈՉ ՊԵՏՔԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻՑ
Ամբողջությամբ զերծ մնալ էլ. փոստին ամենատարբեր ծանուցումներ ստանալուց անհնար է, բայց դրանցից ազատվելն այնքան էլ դժվար չէ: Ռուդոլֆ Դյութելը գտնում է, որ ավելորդ ծանուցումներից ազատագրվելու ամենալավ ու հարմար միջոցներից մեկը unroll.me-ն է: Բավական է գրանցվել, բաց անել ծանուցումների ցանկը և հրաժարվել նրանցից, որոնք ձեզ պետք չեն:
ՄԻԱՑՐԵՔ ԷԼ. ՓՈՍՏԻ ԿՐԿՆԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Քանի որ Google-ը մեր մասին ամեն ինչ գիտի, առավել քան կարևոր է ուշադրություն դարձնել անվտանգությանը: Միացրեք two-factor authentication-ը, որի շնորհիվ ձեր էլ. փոստ մուտք գործելու համար հարկավոր կլինի ոչ միայն ձեր գաղտնաբառը, այլև այն կոդը, որը տվյալ պահին կուղարկվի ձեր հեռախոսի վրա՝ sms հաղորդագրության տեսքով: Այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպես Dropbox-ը, Facebook-ը և Twitter-ն են, նույնպես օգտագործում են կրկնակի գաղտնաբառի տարբերակը: Ռուդոլֆն առաջարկում է ուշադրություն դարձնել նաև 1Password սերվիսի վրա: Ինչպես նաև ապահովության համար խորհուրդ է տալիս նույն էլ. փոստը չօգտագործել երկու և ավելի սարքերի վրա միաժամանակ:
ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՆ
Facebook-ում նամակ գրելով՝ դուք կարող եք իմանալ, երբ Է նամակն ընթերցվել: Gmail-ի համար նույնպես կա այդպիսի լուծում, որը կոչվում է Sidekick: Այն կարող է շատ օգտակար լինել աշխատանք փնտրող մարդկանց կամ վաճառքի մենեջերների համար, չէ՞ որ հետաքրքիր է իմանալ, թե ով է բացել ձեր նամակը, երբ, սեղմել է արդյոք հղման վրա և այլն:
Հիմա դուք մի փոքր ավելի եք տեղեկացված Gmail-ի հնարավորությունների, ինչպես նաև անվտանգության մասին: Հուսով ենք՝ այս խորհուրդները կօգնեն ձեզ ավելի արդյունավետ գտագործել ձեր ժամանակը:
Join the Conversation