8 ԴՈԿՈՒՄԵՆՏԱԼ ՖԻԼՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գիտնականների ճակատագրեր, առանց ում հայտնագործությունների անհնար կլիներ պատկերացնել այսօրվա մեր կյանքը: Նրանց մի մասը հասցրեց գնահատվել կենդանության օրոք, մյուսների բախտն ավելի քիչ բերեց, և նրանց աշխատանքի ու մտքի իրական արժեքը մարդիկ կարողացան գնահատել միայն ժամանակի հեռավորության վրա:

10075
Դոկումենտալ ֆիլմեր

Այս ընտրանու մեջ ներկայացնում ենք 8 ֆիլմ հանճարեղ գյուտարարների և նրանց հայտնագործությունների մասին:

ԱՐՔԻՄԵԴ. ԹՎԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

Архимед. Повелитель чисел / Archimedes. The master of numbers

Դոկումենտալ ֆիլմերՏարեթիվ: 2013
Դիտել օնլայն

«Արքիմեդ. Թվերի տիրակալը» ֆիլմը «Մեծ երազողներ» դոկումենտալ ֆիլմաշարի թողարկումներից մեկն է: Այս մարդկանց գաղափարները խելահեղություն էին թվում իրենց ժամանակակիցներին: Արքիմեդի հանճարը Սիրակուզայի արքա Հիերոն 2-րդը ուղղեց ռազմական ծառայության ոլորտին, սակայն Արքիմեդն այդքանով չբավարարվեց: Թեև այսօր ավելի շատ հիշում են նրա ռազմական հայտնագործությունները, բայց մինչև բոլորովին վերջերս տնային տնտեսուհիները շարունակում էին մսաղացների մեջ կիրառել հենց Արքիմեդի հայտնագործած պտուտակը: Նա ֆիզիկայի օրենքները սկսեց աշխատեցնել հօգուտ մարդկության, հիմք դրեց մեխանիկային ու բազմաթիվ մաթեմատիկական բացահայտումներ արեց:

ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ. ՀԵՐՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՑԻ

Технологии древних цивилизаций. Герон Александрийский / Heron of Alexandria: Ancient Discoveries

Դոկումենտալ ֆիլմերՏարեթիվ: 2002
Դիտել օնլայն 

Դեռ դպրոցական տարիներից մեզ քաջ հայտնի են Արքիմեդի, Արիստոտելի, Էվկլիդեսի անունները, սակայն քչերն են լսել հին ժամանակների ինժեներների մասին: Ժամանակին հայտնի Հերոն Ալեքսանդրիացին այնպիսի մեխանիզմների հեղինակ է, որոնք մենք համարում ենք ընդամենը վերջին տարիների հայտնագործություններ: Դրանց թվում են ավտոմատ աշխատող դռները, հակահրդեհային համակարգերը, պոմպը, ներարկիչը, տարածաչափը և անգամ ժամանակակից կինոյի և շոգեշարժիչի նախատիպերը:

ԳԱԼԻԼԵՈ ԳԱԼԻԼԵՅ. ՊԱՅՔԱՐ ԵՐԿՆՔԻ ՀԱՄԱՐ

Галилео Галилей – борьба за небо / Galileos Battle for the Heaven

Դոկումենտալ ֆիլմերՏարեթիվ: 2002
Դիտել օնլայն 

Քրիստոնեական աշխարհը խառը ժամանակներ էր ապրում, և Հռոմի կաթոլիկ եկեղեցին խստորեն պահանջում էր անվերապահ ենթարկվել իր դոգմաներին՝ այլակարծության դեմ պայքարելով ինկվիզիցիայի դաժան մեթոդներով: Հենց այս անհանգիստ ժամանակներում էր վիճակված Գալիլեո Գալիլեյին դառնալ Եվրոպայի մեծագույն գիտնականը: Նա հրաշալի գիտեր, թե ինչ էր անում, նրա միտքն արթուն էր, պայծառ, և հենց նա էր, որ ծանրագույն պայմաններում ստեղծում էր ժամանակակից գիտությունը: Նրան են վերագրում մանրադիտակի, ջերմաչափի և անգամ կարկինի հայտնագործությունները:

ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆ. ՄՌԱՅԼ ՀԵՐԵՏԻԿՈՍԸ

Исаак Ньютон – Мрачный еретик / Newton – The Dark Heretic

Դոկումենտալ ֆիլմերՏարեթիվ: 2003
Դիտել օնլայն 

Ֆիլմը ներկայացնում է Իսահակ Նյուտոնին բոլորովին այլ կերպարանքով՝ միանգամայն տարբեր կեղծամ կրող բարձրաշխարհիկ այն երիտասարդից, ում մենք սովոր ենք տեսնել դպրոցական դասագրքերում: Այստեղ վեր են հանվում այնպիսի փաստեր ու հանգամանքներ, որ ներկայացնում են Նյուտոնի իրական դրամատիկ ու ողբերգական պատմությունը: Ֆիլմը նվիրված է Նյուտոնի գաղտնի հետաքրքրությանը՝ ալքիմիային և փիլիսփայական քարի նրա համառ որոնումներին:

ԼՈՄՈՆՈՍՈՎ. ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿԻՉԸ

Ломоносов. Спаситель человечества

Դոկումենտալ ֆիլմերՏարեթիվ: 2015
Դիտել օնլայն 

Նա ձևակերպել է բնության մեջ մատերիայի և շարժման պահպանման սկզբունքը, բացատրել նավթի, գազի, քարածխի առաջացումը, նախագծել և պատրաստել մի շարք օպտիկական սարքեր, հայտնաբերել գիշերային դիտարկման աստղադիտակը, սակայն նրա մեծագույն հայտնագործությունը ժամանակակիցների ու սերունդների համար այդպես էլ գաղտնիք մնաց: Հնագույն ձեռագրի վերծանման համար նա վճարեց սեփական կյանքով, սակայն կարողացավ փրկել ողջ մարդկությանը:

ՆԻԿՈԼԱ ՏԵՍԼԱ. ԱԶԱՏ ԷՆԵՐԳԻԱ

Никола Тесла. Свободная энергия / Free energy of Tesla

Դոկումենտալ ֆիլմերՏարեթիվ: 2015
Դիտել օնլայն

Դեռ մանուկ հասակում՝ լինելով մահացու հիվանդ, Տեսլան խոստացավ ծնողներին, որ կապաքինվի միայն այն դեպքում, եթե իրեն թույլ տան ինժեներ դառնալ: Եվ նա պահեց իր խոստումը: Նրա երևակայության ծնունդն էին ռենտգենը, հոսանքի անլար տեղափոխումը, ռոբոտները և տասնյակ այլ՝ ժամանակին անիրական թվացող գաղափարներ: Ձգտումը գիտելիքների, գիտական հետազոտությունների հանդեպ, խելահեղ գաղափարները, որոնք տակնուվրա արեցին մարդկության պատկերացումներն էլեկտրականության մասին, անհավանական համարձակությունն ու քաջությունը Նիկոլա Տեսլային դարձրեցին մարդ, գիտնական, ում կյանքն առավել նման է լեգենդի, քան իրականության:

ՑԻՈԼԿՈՎՍԿՈՒ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇԽԱՐՀԸ

Удивительные миры Циолковского / Tsiolkovsky’s worlds of miracle

Դոկումենտալ ֆիլմերՏարեթիվ: 2011
Դիտել օնլայն

Ֆիլմը նվիրված է հանճարեղ գիտնականի կյանքին ու գիտական գործունեությանը, ում շնորհիվ մարդկությունն արեց իր առաջին քայլերը Տիեզերքի ճանաչման և ուսումնասիրման ոլորտում: Այս ինքնուս գիտնականն էր, որ հիմնավորեց հրթիռների կիրառումը Տիեզերք թռչելու համար: Նրան են պատկանում մթնոլորտից զուրկ մոլորակների մակերևույթին տիեզերական սարքերի իջեցման և օդային բարձի միջոցով տեղաշարժման գաղափարները:

ԷՅՆՇԵՏՅՆԻ ՀԱՆՃԱՐԵՂ ԳԱՂԱՓԱՐԸ

Великая идея Эйнштейна / Einstein’s Big Idea

Դոկումենտալ ֆիլմերՏարեթիվ: 2005
Դիտել օնլայն 

Այս ֆիլմը պատմում է երիտասարդ, էներգիայով լի ու սիրառատ Էյնշտեյնի մասին, ներկայացնում նրան այնպիսին, ինչպիսին ոչ ոք չէր կարող պատկերացնել, չէ՞ որ մենք նրան գիտենք իբրև սպիտակամազ խելահեղ մի ծերուկի, ով հայտնաբերել է զանգվածի և էներգիայի համարժեքության բանաձևը՝ E=mc2: Սակայն ի՞նչ էր նախորդել այդ հայտնագործությանը: Էյնշտեյնն առաջինը չէր ֆիզիկայի ոլորտում, և նրա հայտնի նախորդները՝ Ջեյմս Մաքսվելը, Մայքլ Ֆարադեյը, Անտուան Լավուազյեն և այլ գիտնականներ, ստեղծել էին բավարար գիտական հիմք այս հայտնագործության համար:

In this article


Join the Conversation