ԷՔՍՏՐՈՎԵ՞ՐՏ, ԹԵ՞ ԻՆՏՐՈՎԵՐՏ. ԻՆՉՊԵ՞Ս ՈՐՈՇԵԼ ՁԵՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԸ

Որոշելով, թե այս հոգեբանական տեսակներից որին եք պատկանում դուք՝ կարող եք ավելի ճիշտ կողմնորոշվել ձեր հետաքրքրությունների ու զբաղմունքների ընտրության հարցում: Պարզեք դա՝ լրացնելով այս ոչ մեծ հարցաշարը:

37957

Էքստրավերսիա և ինտրովերսիա տերմինների հեղինակը Կարլ Յունգն է: Եվ անգամ նա վստահ էր, որ բնության մեջ շատ քիչ են հանդիպում «զտարյուն» ինտրովերտներ և էքստրավերտներ: Ավելի հաճախ մարդու մոտ առկա են հոգեբանական այս երկու տեսակներն էլ, սակայն դրանցից մեկը գերակշռում է՝ կախված տրամադրությունից, տարիքից, շրջապատից և այլն:

Էքստրավերտները շփվող են, ունեն շատ ընկերներ (ծանոթներ, ընկերների ընկերներ, մտերիմներ և այլն): Նրանք իմպուլսիվ են, հուզական, ակտիվ: Հաճախ ապրում են մի օրով ու նետվում են արկածների հետևից:

Ինտրովերտներն ավելի քիչ են շփվում, ունեն մտերիմների նեղ շրջանակ, ավելի փակ են ու զուսպ:

Եթե դեռ չեք կողմնորոշվում, թե որ տեսակն է ձեզ ավելի մոտ, պատասխանեք այս հարցերին և հաշվեք «այո» ու «ոչ» պատասխանների քանակը: Հենց դրանց արդյունքն էլ կորոշի՝ էքստրավերտ եք դուք, թե ինտրովերտ:

ՀԱՐՑԵՐ

1. Ես անհատական զրույցները նախընտրում եմ խմբակային քննարկումներից:
2. Հաճախ ես նախընտրում եմ մտքերս արտահայտել գրավոր տարբերակով:
3. Ես հաճույք եմ ստանում մենակությունից:
4. Ինձ թվում է, որ ես ավելի քիչ եմ մտահոգված իմ սոցիալական կարգավիճակով, ունեցած գումարի ու ճանաչման չափով, քան իմ տարեկիցները:
5. Ես չեմ սիրում մակերեսային զրույցներ, բայց հաճույքով խոսում եմ այն թեմաների շուրջ, որոնք ինձ հետաքրքիր են:
6. Մարդիկ ասում են, որ ես կարողանում եմ լսել նրանց:
7. Ես չեմ սիրում ռիսկի գնալ:
8. Ես սիրում եմ աշխատանք, որը պահանջում է ամբողջությամբ խորանալ գործի մեջ և միայն ժամանակ առ ժամանակ կարճատև ընդմիջումներ անել:
9. Ես սիրում եմ իմ ծննդյան տոները նշել տանը՝ ընտանիքի և մի քանի ընկերների հետ:
10. Մարդիկ ինձ բնորոշում են իբրև «փափուկ» և «հանգիստ» մարդ:
11. Ես նախընտրում եմ ցույց չտալ և չքննարկել իմ աշխատանքն ուրիշների հետ, մինչև գործն ավարտին չհասցնեմ:
12. Ես չեմ սիրում կոնֆլիկտներ:
13. Ամենից լավ ես աշխատում եմ միայնակ:
14. Ինչ-որ բան ասելուց առաջ ես նախևառաջ մտածում եմ:
15. Ես ինձ ամբողջությամբ դատարկված եմ զգում հասարակության հետ շփումներից հետո, անգամ եթե դրանք ինձ դուր են գալիս:
16. Ես հաճախ չեմ պատասխանում հեռախոսազանգերի, փոխարենը ավելի հաճույքով կարդում եմ ուղարկված հաղորդագրությունները:
17. Եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, ապա կընտրեի հանգիստ ու բացարձակապես անգործ հանգստյան օրը, այլ ոչ թե բուռն իրադարձություններով լի ակտիվ հանգստյան օրերը:
18. Ինձ դուր չի գալիս միաժամանակ մի քանի գործ ունենալը:
19. Ես հեշտությամբ եմ կենտրոնանում:
20. Ուսումնական գործընթացի մեջ ես նախընտրում եմ դասախոսությունները սեմինարներից:

Որքան ավելի շատ են ձեր պատասխանների մեջ «այո»-ները, այնքան ավելի մոտ եք դուք ինտրովերտներին: Որքան շատ են «ոչ»-երը, այնքան ավելի մոտ եք էքստրավերտներին: Իսկ եթե պատասխանները հավասարարաչափ են ստացվել, ապա դուք ամբիվերտ եք՝ մարդ, ով ունի միջին ցուցանիշներ:

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ

Պարզելով, թե որ տեսակն է ձեզ ավելի մոտ, դուք կարող եք ավելի ճիշտ զբաղմունք ընտրել ձեզ համար և բացահայտել ձեր ողջ պոտենցիալը: Եվ հակառակը, մշտապես պայքարի մեջ գտնվելով ձեր ներքին «ես»-ի և շրջակա աշխարհի միջև՝ դուք ոչ մի լավ բանի չեք հասնի:

Եթե ինտրովերտը ստիպված է աշխատել անմիջական վաճառքների ոլորտում կամ անընդհատ անձնական շփում ունենալ հաճախորդների հետ, ապա նա դժվար թե կարողանա լուրջ նվաճումների հասնել կամ հաճույք ստանալ իր աշխատանքից: Նույն կերպ էլ էքստրավերտը կտառապի այն աշխատանքից, որը ստիպում է նրան անընդհատ ու անշարժ նստել համակարգչի մոտ և միայն հազվադեպ շփվել հաճախորդների կամ գործընկերների հետ: Անշուշտ ժամանակ առ ժամանակ բոլորս էլ ստիպված ենք անել այնպիսի մի գործ, որն այնքան էլ հաճելի չէ մեզ, սակայն եթե դա կրում է մշտական բնույթ, ապա վերածվում է իսկական տանջանքի ու ի վերջո ձեզ հանգեցնում նյարդային պոռթկման:

Դե ինչ, կողմնորոշվեցի՞ք, թե որ հոգեբանական տեսակին եք պատկանում դուք:

In this article


Join the Conversation