ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻԻ ԿՅԱՆՔԻ 30 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Պատմությունը իսկապես փոխած անհատներն այնքան էլ շատ չեն: Մահաթմա Գանդին նրանցից մեկն էր՝ Հնդկաստանի ժողովրդի առաջնորդը, երկրի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը:

24904
Մահաթմա Գանդիի սկզբունքները

Ալբերտ Էնշտեյնը ասում էր. «Հնարավոր է՝ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդ` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»: BBC հեռուստաընկերության անցկացրած հարցումների համաձայն Մահաթմա Գանդին ճանաչվել էր «հազարամյակի մարդ»: Երկրորդ և երրորդ տեղերում Լեոնարդո Դա Վինչին ու Հիսուս Քրիստոսն էին:

Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքար` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Գանդին ասում է, որ աշխարհում պայքարը ոչ թե լավ ու վատ մարդկանց միջև է, այլ ամեն մարդու հոգում՝ կյանքի և մահվան, բարու և չարի միջև: Յուրաքանչյուր ոք ընդունակ է մերժել չարը, և չարն արդեն անզոր կլինի նման որոշման դեմ: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ:

Ֆիզիկապես շատ թույլ այս մարդու մեջ, ով ընդամենը 45 կգ էր կշռում, կար անհավանական ներքին մի ուժ, որին անհնար էր հաղթել որևէ ճանապարհով:

«Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը»,– ասում էր Գանդին:

«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել, և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:

Մահաթմա Գանդիի ծնդյան օրը` հոկտեմբերի 2-ը, ամբողջ աշխարհը տոնում է որպես «Ոչ բռնության» օր: Առաջարկում ենք ծանոթանալ այս մեծ անհատի կարևորագույն սկզբունքների հետ:

  1. Սկզբում քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում են քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես:
  2. Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:
  3. «Ակն ընդ ական» սկզունքը ամբողջ աշխարհին դարձրել է կույր:
  4. Աշխարհը բավականաչափ մեծ է, որպեսզի բավարարի յուրաքանչյուր մարդու պահանջները, բայց չափազանց փոքր է, որպեսզի բավարարի մարդկային ագահությունը:
  5. Եթե դուք ուզում եք փոփոխություն ապագայում, դուք պետք է դառնաք այդ փոփոխությունը այսօր:
  6. Ներելն առավել արիություն է, քան պատժելը: Թույլը չի կարող ներել: Ներելն ուժեղի հատկանիշ է:
  7. Ամենալավ միջոցը ինքդ քեզ գտնելու համար ուրիշներին օգտակար լինելն է:
  8. Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք:
  9. Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն իր մեջ չի պարունակում սխալվելու ազատություն:
  10. Ես միայն մեկ բռնակալ գիտեմ, և դա իմ խղճի կամացուկ ձայնն է:
  11. Ազգի մեծության և նրա բարոյական առաջընթացի մասին կարելի է դատել ըստ այն բանի, թե ինչպես է նա վերաբերվում կենդանիներին:
  12. Ինձ համար միշտ գաղտնիք է եղել, թե ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենց իրենց՝ ստորացնելով իրենց պես այլ մարդկանց:
  13. Փոքր մարմինը, որի ներսում կա ամուր ոգի և հավատ սեփական առաքելության հանդեպ, կարող է փոխել պատմության ընթացքը:
  14. Սերը երբեք չի պահանջում, այն միշտ տալիս է: Սերը երբեք չի բողոքում և վրեժ չի լուծում:
  15. Գտիր նպատակ, և ռեսուրսները կգտնվեն:
  16. Ապրելու միակ միջոցը ուրիշներին կյանք տալն է:
  17. Ես ուշադրություն եմ դարձնում մարդկանց միայն լավ կողմերի վրա: Ես ինքս էլ անմեղ չեմ և ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս սևեռել ուրիշների սխալների վրա:
  18. Այնքան էլ իմաստուն բան չէ սեփական իմաստնության մեջ համոզված լինելը: Պետք է հիշել, որ ուժեղագույնը կարող է թուլություն դրսևորել, իսկ իմաստնագույնը կարող է սխալվել:
  19. Խղճի հարցերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ:
  20. Հաղթահարեք ատելությունը սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ:
  21. Այն, ինչ հնարավոր է մեկ մարդու համար, հնարավոր է նաև բոլորի համար:
  22. Աստված սեր է: Դա միակ ճշմարտությունն է, որը ես ընդունում եմ: Սերը հավասարազոր է Աստծուն:
  23. Ի՞նչ տարբերություն մահացածների, որբացածների ու անտուն մնացածների համար՝ ինչի համար են տեղի ունենում ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն, թե՞ հանուն ժողովրդավարության:
  24. Իմ համոզմունքն այսպիսին է. ոչ մի մարդ չի կորցնում իր ազատությունը այլ կերպ, քան սեփական թուլության պատճառով:
  25. Մարդը իր սեփական մտքերի արդյունքն է: Այն, ինչի մասին նա մտածում է, դա էլ դառնում է:
  26. «Ոչը»՝ ասված խորը համոզվածությամբ, ավելի լավ է քան «այո»-ն, որն ասվել է միայն ինչ-ո մեկին ուրախացնելու կամ, որ ավելի վատ է, խնդիրներից խուսափելու համար:
  27. Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:
  28. Ուժը վախի բացակայության մեջ է, այլ ոչ թե մարմնի մկանների:
  29. Իրական գեղեցկությունը մարդու սրտի մաքրության մեջ է:
  30. Դուք ոչնչի չեք հասնի, եթե չսկսեք որևէ բան:
In this article


Join the Conversation