ՍԻՐՈ ՀԻՆԳ ՓՈՒԼԵՐԸ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԿԱՆԳ ԱՌՆՈՒՄ 3-ՐԴԻ ՎՐԱ

«Երևի մենք իրար համար չենք ստեղծված»,- ասում են մարդիկ բաժանությունից հետո, մինչդեռ բոլորին թվում էր, թե ավելի կատարյալ զույգ հնարավոր չէ գտնել: Շատ հավանական է՝ իրենք էլ էին այդպես կարծում: Այդ դեպքում ինչո՞ւ են ավարտվում այդքան լավ սկսված հարաբերությունները, ո՞ւր է կորչում այդքան մեծ ու իրական թվացող սերը:

14707
Սիրո 5 փուլերը

Հանրահայտ հոգեբան Ջեդ Դեյմոնդը, ավելի քան 40 տարի աշխատելով որպես ընտանեկան հոգեբան-խորհրդատու, եկել է այն եզրակացության, որ մարդկանց մեծ մասն իրականում գտնում է իր կեսին, պարզապես նրանց չի հաջողվում միասին հաղթահարել սիրո 5 փուլերը, և նրանք կանգ են առնում 3-րդի վրա: Նրանք չեն կարողանում հասկանալ, որ այդ 3-րդ փուլը սիրո վերջը չէ, այլ միայն սկիզբը իրական ու հավերժական սիրո:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Սիրահարվածությունն այն շրջանն է, երբ ձեր գիտակցությունը մշուշված է երջանկության հորմոններով: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ձեր բոլոր ցանկություններն ու հույսերը պրոեկտում եք ձեր զուգընկերոջ վրա: Եվ նա՝ զուգընկերը, այս շրջանում պարզապես կատարյալ մի էակ է՝ առանց որևէ թերության: Ձեզ թվում է, որ նա միշտ իրականություն կդարձնի ձեր յուրաքանչյուր ցանկություն, դուք հավատում եք նրա ասած ամեն մի բառին, երազում եք հավերժական սիրո մասին և ուշադրություն չեք դարձնում բոլոր այն հոռետեսներին, ովքեր կհամարձակվեն որևէ կասկած արտահայտել:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ

Սիրո 5 փուլերը

Հարաբերությունների այս փուլում սերն ավելի ամուր է դառնում: Ժամադրություններին գալիս են փոխարինելու պաշտոնական հարաբերությունները, իսկ այնուհետև նշանադրությունն ու ամուսնությունը: Դուք ձեզ ցանկալի ու պաշտպանված եք զգում, սկսում եք իրար ավելի լավ ճանաչել, ազդեցություն եք ունենում միմյանց կյանքի տարբեր ոլորտների վրա, ավելի միաձույլ եք դառնում: Լույս աշխարհ են գալիս երեխաները, և դուք վստահ եք, որ գտել եք հենց ձեր մարդուն ու ձեր ճակատագիրը և որ երբեք չեք կասկածի ձեր ճիշտ ընտրության հարցում:

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Իսկ ահա այս փուլում փշրվում են բոլոր հույսերը: Ձեր զուգընկերն անճանաչելի է դառնում, նրա պահվածքը սկսում է ազդել նյարդերի վրա: Դուք ցանկություն ունեք դադար վերցնելու հարաբերությունների մեջ կամ առհասարակ խոստովանել, որ նա այն մարդը չէ, ում փնտրում էիք ողջ կյանքում: Ամեն ինչ սկսում է սխալ հունով ընթանալ: Մանր խնդիրները սկսում են անհանգստացնել ձեզ, դուք ձեզ զգում եք ավելի պակաս սիրված ու հոգատարությամբ շրջապատված: Բայց այս շրջանը նաև դրական կողմեր ունի, քանի որ ցրում է բոլոր սխալ պատկերացումները ինքներդ ձեր ու ձեր զուգընկերոջ մասին: Այս շրջանում են զույգերից շատերը մտածում հարաբերություններին վերջ տալու մասին:

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՎ ԱՆՑՈՒՄ ԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՍԻՐՈ ՓՈՒԼԻՆ

Բայց եթե դուք կարողանում եք փակել աչքերը, «կոփել» սիրտը ու անցնել այս փուլի միջով, այլ ոչ թե կանգ առնել կամ փոխել ուղղությունը, ապա ստանում եք հետևյալը: Դուք արդեն չունեք գերագնահատված պատկերացումներ ձեր զուգընկերոջ մասին, ձեր առջև ոչ թե այն մարդն է, ում դուք պատկերացրել կամ ցանկացել եք տեսնել ձեր կողքին, այլ իրական մարդ՝ իր թերություններով, ում դուք հասկանում ու ընդունում եք այդ ամենով հանդերձ: Դուք սկսում եք հասկանալ ձեր արարքների սկզբնապատճառները և միմյանց օգնում եք հաղթահարել դրանք, բուժել հին վերքերը: Հասկանալով ու ավելի խորությամբ ճանաչելով ձեր զուգընկերոջը՝ դուք նաև սկսում եք ավելի շատ սիրել ինքներդ ձեզ:

ՁԵՐ ԶՈՒՅԳԻ ԻՐԱԿԱՆ ՈՒԺԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ

Հասկանալով, որ դուք սովորել եք հաղթահարել ձեր տարաձայնությունները և ստեղծել եք ամուր ու կայուն հարաբերություններ, դուք սկսում եք նաև գիտակցել, որ դուք երկուսդ ունեք ուժ՝ աշխարհում ինչ-որ բան փոխելու համար: Ապրել ոչ միայն կողք կողքի գոյատևելու համար, այլև ապրել միասին՝ ընդհանուր գործի համար: Աշխատել երկուսով, գրել, ստեղծել, անել այն, ինչ մտքներովդ կանցնի: Եվ երբ դուք սկսում եք գործել ու մտածել իբրև մի ամբողջություն՝ հաղթահարելով կայնքի այս բոլոր փուլերը, ապա կարող եք արդեն 100%-անոց համոզվածությամբ ասել, որ դուք գտել եք ձեր իրական կեսին:

Աղբյուր

In this article


Join the Conversation