ԻՆՉՊԵՍ ՖՈՐԵՍԹ ՄԱՐՍԸ ՇՈԿՈԼԱԴԸ ԼՑՈՆԵՑ ԿԱԹՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼՈՎ ՈՒ ՍՏԵՂԾԵՑ «ՔԱՂՑՐ ՄՈԼՈՐԱԿԸ»

Այս համարձակ ու նորարար բիզնեսմենը՝ Ֆորեսթ Մարսը կոտրեց բիզնեսի վարման ավանդական կանոններն ու ստեղծեց աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկը: Առաջարկում ենք ծանոթանալ քաղցրավենիք արտադրող այս խոշորագույն ընկերության ստեղծման պատմությանը:

6060
Ֆորեսթ Մարս

Ֆորեսթ Մարսը ծնվել է 1904 թվականին Մինեսոտայում, ԱՄՆ: Ընտանիքը հարուստ չէր. հայրը` Ֆրենք Մարսը, պատրաստում էր էժան քաղցրավենիք, իսկ մայրը դրանք վաճառում էր: Ընտանիքին փողով օգնելու համար ուսանողական տարիներին Ֆորեսթը սկսեց աշխատել «Camel» (այն ժամանակ դեռ անհայտ) ծխախոտ արտադրող ընկերությունում. նա դարձավ գովազդային գործակալ: Եվ մի անգամ «Camel»-ի գովազդային պաստառներով այնպես սոսնձեց խանութների ցուցափեղկերը, որ ձերբակալվեց և հայտվեց ճաղերի ետևում: Բանտից հետո նրան տեղափոխեցին Յելի համալսարան, որտեղ նա սկսեց ուսումնասիրել տնտեսագիտություն և քիմիա, կարդալ ձեռներեցության մասին գրքեր:

Ֆորեսթ ՄարսՄի անգամ հոր հետ խմելով մայրիկի պատրաստած կաթնային կոկտեյլը` նրա գլխում մի տարօրինակ միտք ծնվեց: Ֆորեսթը որոշեց կաթնային կոկտեյլով լցոնված շոկոլադ պատրաստել, հայրն էլ կոկտեյլի մեջ ավելացրեց մի քիչ կարամել: Ստացվեց «Milky Way»-ը: Նորույթը դուր եկավ հաճախորդներին: Ֆրենք Մարսը նույնիսկ կարիք չունեցավ գովազդել «հրաշք կոնֆետը», առանց այդ էլ այն շատ լավ էր վաճառվում: Առաջին տարում նրանք վաճառեցին 800 հազար դոլարի «Milky Way»: Հայրն արտադրությունը տեղափոխեց Չիկագո` մեծացնելով ծավալները, կառուցեց նոր տուն և սկսեց պատրաստվել անհոգ ու ապահով ծերության: Սակայն Ֆորեսթին դա չէր բավարարում, նա ձգտում էր համաշխարհային հռչակի: Եվ վերջապես եկավ այն պահը, երբ նա որոշեց հիմնել քաղցրավենիքի սեփական արտադրությունը: Դրա համար նա հորից պահանջեց արտադրության 1/3-ը (նա ընտանիքում 3-րդ որդին էր), սակայն հայրը մերժեց: Հարաբերությունները վատացան, և Ֆորեսթը լքեց հայրենի տունը: Նա բնակություն հաստատեց Անգլիայում:

1932-ին երիտասարդ Ֆորեսթն անգլիական մի փոքրիկ քաղաքում վարձակալեց հրուշակեղենի մի խարխուլ արտադրամաս և հիմնեց մի բան, որը հետագայում դարձավ մոլորակի ամենահայտնի շոկոլադ արտադրող կազմակերպությունը` «Mars Confectionery»-ն: Նա ուներ սեփական բիզնեսը վարելու իր և միայն իր սկզբունքները, որոնք հակասում էին այն ժամանակ ընդունված տնտեսվարման բոլոր կանոններին: Այդ նոր մտածելակերպը հետագայում պետք է վերաճեր մենեջմենթի մեջ մի նոր ուղղության (բայց այդ մասին` ավելի ուշ):

Մարսը հմտորեն փոփոխեց «Milky Way»-ի բաղադրությունն ու ստացավ «Mars» շոկոլադե բատոնը: Սակայն հասկանալով, որ ցրտաշունչ Անգլիայում մարդիկ այնքան էլ հեշտ չեն բաժանվի իրենց գումարից ինչ-որ շոկոլադի համար, այն էլ զանգվածային արտադրությամբ թողարկվող` նա դիմեց մարքետինգային խորամանկության: Նա հայտարարեց, որ «Mars»-ը սոսկ քաղցրավենիք չէ, այլ սննդատեսակ, որը մարդուն ապահովում է էներգետիկ լիցքերով, ձերբազատում է հոգնածությունից և նյարդային գերլարվածությունից: Անգլիացիները հավատացին դրան, և սկսվեց «Mars»-ի տիեզերական հաղթարշավը:

Ֆորեսթ Մարս

Սկզբում շոկոլադն ամռան ամիսներին հիմնականում սպառվում էր նույն տեղում, որտեղ արտադրվում էր, քանի որ դրա տեղափոխումը գրեթե անհնար էր շոգի պատճառով (այն հալչում էր նույնիսկ միջին ջերմաստիճանում): Մարսը գտավ ելքը, նա շոկոլադե կտորը շաքարապատեց (ինչպես շաքարաքլորը), որպեսզի այն հալչեր ոչ թե ձեռքերի մեջ, գրպանում կամ խանութի դարակներում, այլ բերանում: Սա նախատիպն էր հռչակավոր M&Ms-ներրի, որոնց անվան մեջ մեկտեղվել են 2 ամենախոշոր հրուշակագործերի անունների առաջին տառերը. Մարս և Մյուրի («Hershy’s» ընկերության նախագահը, որը ֆինանսավորեց գունավոր գնդիկների արտադրությունը): Նորույթը թողարկվեց տեխնիկական կարգախոսով. «Շոկոլադ, որը չի ապականում ձեռքերը»: Շուտով դրանք այնպիսի տարածում գտան, որ շուկայում ակնթարթորեն հայտվեցին դրանց տասնյակ էժան փոխարինողները: Երկար մտորումներից հետո որոշվեց «m» տառը դաջել նրանցից յուրաքանչյուրի վրա: M&M’s հայտնի կերպարները՝ դեղին և կարմիր «գնդիկները», իրենց կեսդարյա պատմության ընթացքում իսկապես վերածվեցին աշխարհի ամենաճանաչելի և հայտնի գովազդային կերպարների: Իսկ 1984-ին հենց նրանք էին, որ առաջինը ճամփորդեցին դեպի տիեզերք: Ամերիկյան «Շաթլը» նրանց «կտրեց» երկրի ձգողականության դաշտից, և այդ օրից նրանք տիեզերագնացների սննդի անբաժանելի «գունավոր» մասն են:

Պատերազմը, որպես օրենք, կործանարար է տնտեսության և բիզնեսի համար, բայց ոչ` «Մարսի» դեպքում: Ռազմական գործողությունները նրան ստիպեցին շտապ հայտնաբերել արագ եփվող բրնձատեսակ, որը մշակվում էր ուժեղ գոլորշու ներքո: «Մարսն» ԱՄՆ զինված ուժերից ստացավ մեծ պատվերներ: Բրնձի ապրանքանիշն անվանակոչվեց «Uncle Ben’s», իսկ որպես բրենդի դեմք՝ ընտրվեց լայն ժպտացող սևամորթը: Սակայն «Մարսը» դրանով չսահմանափակվեց, հերթը հասավ ընտանի կենդանիներին: Մարսն ամեն ինչ հստակ հաշվարկել էր. մսի կոմբինատները մնացորդները վաճառում էին գրեթե անվճար, իսկ տնային տնտեսուհիները ոչինչ չէին խնայի իրենց սիրելիների և սեփական հարմարության համար: Երկու հասարակ փաստի համադրում և, խնդրեմ, «Pedigree», «Whiskas», «Kitekat»:

Ֆորեսթ ՄարսԱյս և մնացած` իրար հետ գրեթե կապ չունեցող բոլոր նոր ճյուղերը հիանալի ղեկավարում էր միևնույն մարմինը: Իսկ դա, առաջին հերթին, կապված էր նոր և արդյունավետ մենեջմենթի հետ: Մարսն աշխատանքի էր ընդունում ամենատաղանդավոր մարդկանց, նրանց տալիս էր ազատ արտահայտվելու և գործելու բոլոր հնարավորությունները: Իսկ դրա համար պետք էր վերացնել ղեկավարների և իրագործողների միջև եղած բոլոր «պատերը»: Պետք էր վերացնել բոլոր անջրպետները, այս բառի ուղիղ և անուղղակի իմաստներով: Ընկերության գրասենյակը հենց գործարանի տարածքում էր: Այստեղ բացարձակապես չկային ներքին պատեր, չկային առանձին գրասենյակներ, նույնիսկ բարձրաստիճան ղեկավարները միջնորմներ չունեին: Բոլորն աշխատում էին միասին, չկային հատուկ տեղեր մեքենաների կայանավայրում, աշխատողներն իրենք էին պատասխանում բոլոր զանգերին, պաշտոնական հանդիպումներ չէին անցկացվում սկզբունքորեն, եթե որևէ մեկն ուզում էր մյուսին որևէ բան ասել, ուղղակի մոտենում էր և ասում` հաշվի չառնելով դիմացինի պաշտոնը, բոլորը միմյանց դիմում էին «դու»-ով` խուսափելով պաշտոնական մթնոլորտից: Սակայն, այս ամենով հանդերձ` տիրում էր կատարյալ կարգապահություն, բոլոր աշխատակիցները պարտավոր էին ժամանակին լինել աշխատավայրում և անվերապահորեն պահպանել ներքին կանոնակարգը: Աշխատանքը կազմակերպելու այս մոդելն արդեն մոտ 70 տարի արդյունավետ է և նույնիսկ այսօր համարվում է լավագույններից մեկը:

Ֆորեսթ ՄարսՖորեսթի մոտեցումն, ընդհանուր առմամբ, մեծ շրջադարձ էր բիզնեսի մասին հնացած պատկերացումների և բյուրոկրատական ավանդույթների կողքին: Անողոք և դաժան բիզնեսի մեջ նա մտցրեց ժողովրդավարություն և արժեքային համակարգ:

Հաջողության հասնելու համար, ըստ Մարսի, պետք է պահպանել հետևյալ 5 սկզբունքները.

Որակ: Սպառողը մեր գերագույն հրամանատարն է և մեր «բոսսը»:Անթերի որակը մեր ռազմավարական նպատակն է:

Պատասխանատվություն: Մենք պատասխանատու ենք սեփական խղճի, մեր գործընկերների և ընկերության առջև:

Փոխշահավետություն: Գործնական հարաբերություններն արդյունավետ են, երբ դրանք փոխշահավետ են երկու կողմի համար: Փոխադարձ շահը միշտ գրավում է մարդկանց:

Արդյունավետություն: Մենք ամբողջությամբ օգտագործում ենք մեր ռեսուրսները, չենք վատնում միջոցները և զբաղվում ենք միայն նրանով, ինչը կարողանում ենք անել բոլորից լավ:

Ազատություն: Կայուն շահույթի ստացումն է «Մարս» ընկերությանը հնարավորություն տալիս տնօրինել սեփական ճակատագիրը: Մեզ հարկավոր է ազատություն, որ կառուցենք ապագան, բայց մեզ հարկավոր է շահույթ, որ պահպանենք մեր ազատությունը:

Ֆորեսթ ՄարսԸնկերության ներքին ազատականությունը պահպանելով հանդերձ` Մարսը չէր սիրում բացահայտել գաղտնիքները: Ընկերության կենտրոնական գրասենյակում անցկացվող ստրատեգիական հավաքները մինչև այժմ անցնում են հատուկ ծառայություններին բնորոշ հույժ գաղտնի պայմաններում:

Ֆորեսթ ՄարսԸնկերության կառավարման լծակները 1973 թվականից անցան նրա որդիներին, բայց Ֆորեսթի գաղափարական ազդեցությունը շարունակում էր մնալ վճռորոշ: Նա այնպես արեց, որ իր որդիները չկարողանային վաճառել ընկերությունը… Եվ ճիշտ էլ արեց, քանի որ այժմ «Մարսն» աշխարհի ամենախոշոր սեփական ընկերությունն է: Ֆորեսթի մահից հետո (1999թ.) նրա ժառանգները` երկու որդիները և դուստրը, ստացան 7-ական միլիարդ դոլար:

Ֆորեսթ ՄարսՖորեսթ Մարսի «շոկոլադե կայսրության» սահմանները տարածվում են ողջ երկրագնդով մեկ և նույնիսկ հասնում են տիեզերք: Նրա հիմնած ընկերության արտադրացանկի մեջ են “Mars”, “Snickers”, “Bounty՛՛, “Twix”, “Milky Way”, “Starburst”, “M&M’s”, “Skitles”, “Pedigree”, “Whiskas”, “Kitekat”, “Chappi” և տասնյակ այլ անվանումներ:

Աղբյուր

In this article


Join the Conversation