ԿՅԱՆՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՏԱՆԳՈՅՈՒՄ․ 7 ՄԻՏՔ՝ ԿՅԱՆՔԸ ԳԻՏԱԿԻՑ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ի՞նչ կապ ունեն տանգոն և գիտակից կյանքը: Առաջարկում ենք մտորել այս մասին անձնական աճի փորձագետ, քոուչ Արևիկ Հայարպետյանի հետ:

6477
Կյանքը գիտակից ապրելու համար

Ինքնազարգացման մասին մտքեր կարելի է քաղել գրքերից, այս ոլորտի առաջատար մասնագետներից, հետաքրքիր մարդկանց հետ զրույցներից, նույնիսկ բնության երևույթներից։

Վերջերս հասկացա, որ անձնային աճի մասին հրաշալի դասեր կարելի է ստանալ այնպիսի մի միջավայրում, որն առաջին հայացքից գուցե այնքան էլ կապ չունի այս թեմայի հետ։ Բայց դա միայն առաջին հայացքից․․․ 🙂

Ստորև ներկայացնում եմ տանգոյի դասերի հաճախելու արդյունքում ձևավորված մտքերս՝ կյանքում առավել գիտակից ապրելու մասին։

1․ Ներկա՛ եղեք

Եթե պարում ես տանգո, պետք է կենտրոնանաս զուգընկերոջդ և միայն տանգոյի վրա, ուրիշ ոչ մեկի և ոչնչի։ Չպետք է մտածել նրա մասին, թե ինչ ես ուտելու վաղն ընդմիջմանը, ով է հավանել վերջին գրառումդ ֆեյսբուքում, կամ ինչ պատասխան ես տալու կարևոր հաճախորդիդ նամակին և այլն․․․ Եթե պարում ես, ուրեմն պետք է ներկա լինես թե՛ ֆիզիկապես, թե՛ մտովի, թե՛ զգացմունքներիդ ամբողջ ծավալով։ Միայն և միայն այդ դեպքում կզգաք տանգոյի կախարդական էությունը․․․

Հարց՝ ե՞րբ եք վերջին անգամ իսկապես ներկա եղել Ձեր մտերիմի հետ խոսակցության ժամանակ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտովի, և թե՛ հոգեպես։ Եթե նման եք մարդկանց մեծամասնությանը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ Ձեր ընկերոջ հետ զրույցի ընթացքում գոնե մեկ անգամ «շեղվել եք»։ Մինչ նա ոգևորությամբ կիսվում է Ձեզ հետ ապագայի վերաբերյալ իր գաղափարներով, Դուք վերցնում եք հեռախոսը, ստուգում ֆեյսբուքյան անցուդարձը կամ մտքերով տեղափոխվում Ձեր գործնական տիրույթ՝ աշխատանքային խնդիրների մասին խորհելու։ Այս երևույթն այնքան տարածված է մեզանում, որ սովորական ու նորմալ է համարվում։ Մենք պարզապես մոռացել ենք սրտամոտ և խորասուզված զրույցների մասին, երբ գոյություն չունի ոչ մեկ ու ոչինչ, բացի մեր զրուցակցից և նրա արտահայտած մտքերից։ Մեզ գուցե նաև հիշեցում է պետք առ այն, որ հեռախոսի էկրանը, որքան էլ նորաոճ ու smart, երբեք չի դառնա մեր զրուցակցի հոգու հայելին: Այդ դերը վերապահված է աչքերին։ 🙂

2․ Ամու՛ր կանգնեք սեփական ոտքերի վրա

Տանգոյում հավասարակշռության կարելի է հասնել ոչ թե զուգընկերոջից կառչելու հաշվին, այլ հնարավորինս զգալով հատակը և սեփական ծանրությունը կառավարելով։

Կյանքում, սակայն, մենք հաճախ մոռանում ենք այս կարևոր սկզբունքի մասին։ Մենք մոռանում ենք, որ մարդկային հարաբերությունները, լինեն դրանք ընկերների, թե զույգերի միջև, կայուն են և ներդաշնակ միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներից յուրաքանչյուրը գտել է իր տեղն ու դերը կյանքում և ամուր կանգնած է սեփական ոտքերի վրա։ Սեփական «ես»-ի լիարժեք գիտակցումն է, որ աջակցում է մեզ հանդես գալ՝ որպես մի ամբողջություն ցանկացած հարաբերության մեջ, հարգել և ընդունել մեր զուգընկերոջը և նպաստել այդ հարաբերության ներդաշնակությանը և աճին։

3․ Համագործակցե՛ք

Տանգոյում առաջնորդի տեսլականը՝ այն, թե ուր և ինչպես է նա առաջնորդելու իր զուգընկերոջը, կարող է իրականություն դառնալ, եթե երկուսի միջև կա կապ (գրկախառնություն)։ Այդ գրկախառնության մեջ պետք է լինի վստահություն, ապահովություն և համագործակցություն, և այն չպետք է խախտվի՝ անկախ նրանից, թե ուր է զույգը գնում։ Համագործակցության բացակայության պայմաններում պարը պարզապես չի ստացվում։ Այսպիսով՝ որքան շուտ և սահուն կապի մեջ մտնեք Ձեր զուգընկերոջ հետ, այնքան ավելի ներդաշնակ կլինի ամբողջ պարը։

Նույն սկզբունքը լիովին կիրառելի է կյանքում։ Մարդիկ կարող են հաջողել թիմային աշխատանքում և նույնիսկ հասնել սիներգիայի՝ 1+1=3, եթե նրանք սովորում են համագործակցել։

4․ Ստեղծագործե՛ք․հնարավորություններն անսպառ են

Յուրաքանչյուր պահը տանգոյում մի նոր հնարավորություն է Ձեզ համար՝ յուրօրինակ գաղափարներ իրականացնելու։ Նույնիսկ մարտահրավերները (օրինակ՝ միլոնգայի ժամանակ, երբ պարահրապարահում ազատ տեղ գրեթե չկա կամ Ձեր առջև գտնվող զույգը չգիտես ինչու շարունակում է մնալ նույն տեղում) կարելի է օգտագործել Ձեր պարն առավել գեղեցիկ դարձնելու համար։

Յուրաքանչյուր օր մեր կյանքում առաջ են գալիս մարտահրավերներ։ Շատերը միայն բողոքում են․․․ մյուսները գործի են դնում իրենց ստեղծագործական միտքը և, նորովի մոտեցում ցուցաբերելով, գեղեցիկ լուծումների հասնում։ Նրանք հասկացել են՝ երջանկությունը ոչ թե մարտահրավերների բացակայության, այլ առաջ եկած մարտահրավերներին առողջ մոտեցում ցույց տալու մեջ է։ Յուրաքանչյուր առաջ եկած մարտահրավեր ծառայեցրե՛ք կյանքում Ձեր պարը գեղեցկացնելուն և առավել բովանդակալից դարձնելուն։

5․ Չափից շատ մի՛ մտածեք, գործե՛ք

Տանգոյում՝ մասնավորապես ֆոլոուերի (follower-ի) դերում շատ կարևոր է մեր զգացողություններին վստահելը՝ առանց երկար-բարակ մտածելու։ Տանգոյում ամեն բան շատ ավելի հարթ է ընթանում, երբ մենք չենք փորձում մեծամեծ վերլուծություններ անել ամեն մի շարժումից առաջ, այլ պարզապես հետևում ենք մեր զգացողություններին։

Կյանքում առանց մտածելու ապրել խորհուրդ չեմ տա։ Բայց հարկ է նշել, որ կան իրավիճակներ, երբ որևէ որոշում կայացնելուց առաջ չափից շատ մտածելը խանգարում է․ մենք լիովին խճճվում ենք ինքներս մեր սարքած կծիկի մեջ և դոփում տեղում։ Նման իրավիճակներում առաջնորդվե՛նք Nike-ի նշանաբանով՝ Just do it!

6․ Հաճու՛յք ստացեք

Տանգոյում, իհարկե, կարևոր է վերը նշված բոլոր սկզբունքներին հետևելը, տեխնիկապես ճիշտ պարելը։ Սակայն լինելու են դեպքեր, երբ որևէ շարժում գուցե ճիշտ չստացվի։ Պետք է պարզապես առաջ շարժվել և ամենակարևորը վայելել պարը։

Նույնն է նաև կյանքում։ Մեր կյանքի յուրաքանչյուր պահի մենք ասես պարում ենք՝ քայլը քայլի հետևից։ Եվ մեր բոլոր քայլերը չէ, որ անսխալ են կամ անթերի, բայց դա ոչ մի կերպ չպետք է խանգարի մեզ վայելելու կյանքն իր բոլոր դրսևորումներով։

Չէ՞ որ երջանկությունն ամեն վայրկյանի կատարելության մեջ չէ, այլ ամեն ինչում՝ նույնիսկ մեր սխալներում, գեղեցիկը տեսնելու և մեր իսկ սխալների վրա ծիծաղելու ունակություն։

7․ Գործե՛ք․ իմանալ դեռ չի նշանակում անել

Կարծում եմ՝ շատ սկսնակ տանգո պարողներ գիտակցաբար հասկանում են վերը նշված և տանգոյի մնացած շատ սկզբունքները։ Օրինակ՝ մենք հրաշալի հասկանում ենք, թե ինչ կեցվածք պետք է ընդունել կամ ինչպես է պետք դնել ոտքը հատակին։ Բայց միշտ չէ, որ պարելիս մենք կարողանում ենք այդ ամենը կիրառել։ Պատճա՞ռը։

Իմանալ, դեռ չի նշանակում անել։

Կյանքում ևս մենք հրաշալի գիտակցում ենք ֆիզիկական ակտիվության կարևորությունը, սակայն օրվա մեծ մասը անցկացնում ենք համակարգչի առաջ։ Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է հենց ներկայով ապրելը, սակայն շատերս մեր ժամանակի մեծ մասը վատնում ենք՝ կա՛մ անցյալի իրադարձությունները հիշելով, կա՛մ էլ ապագայի մասին չափից շատ խորհելով։

Այսպիսով, ամենակարևորը թե՛ տանգոյում և թե՛ կյանքում ոչ թե պարելու շատ տեխնիկաներ կամ կյանքը հրաշալի ապրելու բազմաթիվ սկզբունքներ իմանալն է, այլ այդ տեխնիկաներն ու սկզբունքները, թեկուզ դրանցից ընդամենը մի քանիսը, հրաշալիորեն կյանքի կոչելն է։

_________________________________

Արևիկ Հայրապետյանը Kaizen Mastery-ի համահիմնադիրն է: Արևիկը խորապես ուսումնասիրել է անհատական աճին և կազմակերպություններում աշխատակիցների զարգացմանը վերաբերող մի շարք թեմաներ և եկել է այն համոզմանը, որ յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի ապրել այնպիսի մի կյանք, որն արժանի է «Գլուխգործոց» կոչվելու:

Աղբյուր

In this article


Join the Conversation