ԱՎԻԱԷԹԻԿԵՏ. ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ԹՌՉԵԼԻՍ

Ինքնաթիռով ճամփորդելիս այս կանոները հաշվի առնելու դեպքում թռիչքը հաճելի կլինի ոչ միայն ձեր, այլև ձեզ հետ թռչող մյուս ուղևորների համար:

10115
Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

Ճամփորդությունից վերադառնալիս շատերն են իրենց պատմությունը սկսում ինքնաթիռի զվարճալի, տարօրինակ և շատ հաճախ նաև տհաճ միջադեպերի մասին հիշելով՝ սարսափելի աղմկարար երեխաներ, ձեր ուսին խռմփացնող հարևան, ամենատարբեր բույրեր, ձայներ… Փակ տարածությունում մարդիկ ավելի նյարդային են դառնում, և ամեն մանրուքը կարող է փչացնել թռիչքը:

Երկրի մակերևույթից հազարավոր կիլոմետրեր բարձր, ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների համար ինքնաթիռով թռչելու ընթացքում գործում է մեկ ընդհանուր էթիկետ՝ պարզ կանոններ, որոնց հետևելու համար նշանակություն չունի, թե ինչ լեզվով եք դուք խոսում: 

ՄԻՆՉԵՎ ԹՌԻՉՔԸ

1. Հետևեք անձնական հիգիենային: Լոգանք ընդունեք ու թարմ հագուստ հագեք: Մի շահարկեք օծանելիքը: Duty-free-ում ամենատարբեր օծանելիքների փորձարկումը դժվար թե դուր գա ինքնաթիռի մյուս ուղևորներին: Եթե ձեզ երկար թռիչք է սպասվում, և կարծում եք, որ կոշիկները հանելու անհրաժեշտություն կլինի, վերցրեք ձեզ հետ հարմար կոշիկ (հողաթափեր) կամ գուլպաներ:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս2. Օդանավակայան ներկայացեք թռիչքից 2-3 ժամ շուտ` ձեր ուղեբեռը հաշվառելու և բոլոր ընթացակարգերն անցնելու բավարար ժամանակ ունենալու համար:

3. Ուշադրություն դարձրեք ցուցանակներին ձեր և մյուս ուղևորների ժամանակը խնայելու համար: Եթե դուք հաշվառվել եք առցանց և տպել եք ձեր տոմսը. բայց ունեք հանձնման ենթակա ուղեբեռ, ապա drop-off ցուցանակը ձեզ համար է: Եթե գրանցվել եք առցանց, բայց տոմսը ձեզ մոտ չէ, մոտեցեք online check-in պատուհանին: Եվ վերջապես, եթե նախապես գրանցում չեք անցել, ապա հարկավոր է մոտենալ Բիզնես կամ էկոնոմ կարգի պատուհաններին՝ կախված նրանից, թե որ տարբերակով եք թռչում:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

4. Մետաղափնտրիչ կամրջակի տակով անցնելուց առաջ ձեզ մոտ առկա մետաղյա փոքրիկ իրերը՝ բանալի, գոտի, հեռախոս և այլն, դրեք պայուսակի մեջ նախքան այն ժապավենային կոնվեյերի վրա դնելը: Անվտանգության աշխատակիցը խնդրելու է դա անել: Նախապես իրերը տեղավորելու դեպքում կխնայեք ձեր ժամանակը: Դետեկտորի միջով անցնելուց հետո ձեր իրերը դասավորելիս այնպես կանգնեք, որ չխանգարեք մյուս ուղևորներին:

ԻՆՔՆԱԹԻՌ ՆՍՏԵԼԻՍ

5. Մի հրեք մյուսներին և մի փորձեք գտնել ձեր տեղն ինքնուրույն, երբ վերջապես հայտնվեք ինքնաթիռում: Բորտուղեկցորդն ինքը կխնդրի ներկայացնել տոմսը ու ցույց կտա համապատասխան ուղղությունը:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

6. Ձեր նստատեղը գտնելուն պես ձեռքի ուղեբեռը տեղավորեք նստատեղի վերևում գտնվող դարակում: Դարակում կարելի է դնել միայն մեկ ուղեբեռ, իսկ մյուսը հարկավոր է տեղավորել ձեր ոտքերի դիմաց՝ առջևի նստարանի տակ: Երբ բոլորը ուղևորները տեղավորեն իրենց ուղեբեռը, և դարակում ազատ տեղ մնա, կարող եք երկրորդ պայուսակը նույնպես դնել դարակում: Չմոռանաք օգնել նաև այն ուղևորներին, ովքեր կդժվարանան ուղեբեռը տեղավորել ինքնուրույն:

ՁԵՐ ՆՍՏԱՏԵՂԸ

7. Նստեք հենց ձեր տոմսում նշված տեղում: Երբ ինքնաթիռն օդ բարձրանա, և ինքնաթիռում ազատ նստատեղեր մնան, կարող եք բորտուղեկցորդների թույտվությամբ տեղափոխվել:

8. Եթե ձեզ բաժին է հասել պատուհանի մոտ գտնվող նստատեղը, ապա դա չի նշանակում, որ դուք ձեր շարքի տերն ու տիրակալն եք: Իջեցրեք պատուհանի ծածկող շերտը, եթե ձեր հարևանը ֆիլմ է դիտում կամ փորձում է ննջել:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

9. Փորձեք տեղավորվել ձեզ հատկացված տարածքում և ոտքերով չհենվել դիմացի նստարանին: Երեխաներին էլ, իհարկե, զգուշացրեք, որ չի կարելի ոտքերով թակել կամ հարվածել:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

10. Եթե ուզում եք ձեր նստատեղը հետ իջեցնել, նայեք հետ և համոզվեք, որ դրանով չեք խանգարի հետևի շարքում նստած ուղևորին: Հակառակ դեպքում դուք կարող եք, օրինակ, վնասել նրա նորթբուքը կամ թափել սեղանիկի վրա դրված ըմպելիքն ու սնունդը:

11. Մեջտեղի նստատեղում նստած ուղևորի գործն ամենադժվարն է, և չգրված օրենքով հարկավոր է նրան զիջել գոնե արմնկակալները, որոնց հենվելով նա կկարողանա ձգվել ու փոքր-ինչ հանգստանալ: Որոշ ավիաընկերություններ այժմ փորձում են օգտագործել երկթևանի՝ բացվող, արմնկակալներ:

ԹՌԻՉՔԻ ԺԱՄԱՆԱԿ

12. Խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից: Օդում այդ կոնֆլիկտները հատկապես սուր կարող են ստացվել: Այնպես որ, հնարավորինս հանգիստ ու հանդուրժող եղեք:


Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

13. Եթե թռչում եք միայնակ, հոգ տարեք ձեր ժամանցի մասին նախապես: Չկա ավելի սարսափելի բան, քան ձանձրացող ու ամեն գնով զրուցակից փնտրող ուղևորը: Զրույցը պետք է հաճելի լինի երկու կողմի համար: Եթե զգում եք, որ ձեր հարևանը դժկամությամբ է հաղորդակցվում, ապա հարգեք լռության նրա իրավունքը: Իսկ եթե ձեզ է շատախոս հարևան բաժին ընկել, ապա կարող եք գիրք կարդալ կամ ականջակալներ դնել: Ձեր հարևանը անմիջապես կհասկանա, որ զրույցի տրամադրված չեք: Չմոռանաք, իհարկե, որ ականջակալներով հնչող երաժշտության ձայնը պետք է շատ ցածր միացնել:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

14. Ձեր կարիքները հոգալու համար ընտրեք հարմար պահ: Երբ բորտուղեկցորուհին սայլակով անցնում է միջանցքով, շատ երկար ստիպված կլինեք սպասել, չէ՞ որ արանքով խցկվել ոչ բոլորիս է հաջողվում:

15. Զուգարանում երկար մի մնացեք, որպեսզի հերթ չառաջացնեք: Չմոռանաք, իհարկե, հարգել մյուս ուղևորների՝ մաքուր զուգարանից օգտվելու իրավունքը:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

16. Եթե որոշել եք ննջել, այնպես տեղավորվեք նստարանին, որպեսզի ձեր հարևանները կարողանան հարկ եղած դեպքում դուրս գալ առանց ձեզ արթնացնելու: Բացի այդ, ձեզ հետ փչովի բարձ վերցրեք կամ խնդրեք այն բորտուղեկցորդներից: Դա ձեզ կօգնի խուսափել հարևանի ուսին քնելու տհաճ իրավիճակից:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

ԲՈՐՏՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐ

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

17. Մեկընդմիշտ հիշեք, ուղեկցորդները մատուցողներ չեն և չի կարելի նրանց կանչել ամեն չնչին առիթով: Եվ թռիչքի ժամանակ գործող կանոններն էլ նրանք չեն հորինել: Նրանց առաքելությունը ձեր անվտանգության և հարմարավետության մասին հոգ տանելն է:

18. Բորտուղեկցորդները ձեզ կզգուշացնեն այն բոլոր կանոնների մասին, որոնց հարկավոր է հետևել թռիչքի ժամանակ, և եթե չեք ուզում հայտնվել ուղևորների «սև ցուցակում», կամ, որ ավելի վատ է, իջեցվել ինքնաթիռից, տուգանքների ենթարկվել և անգամ ձերբակալվել, մի կոպտեք նրանց և վեճեր մի հրահրեք:

ՍՆՈՒՆԴ

19. Ինքնաթիռ նստելուց առաջ և առավել ևս ինքնաթիռում մի օգտագործեք ալկոհոլ:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

20. Մի վերցրեք ձեզ հետ սնունդ տանից, եթե չեք թռչում այնպիսի ավիաուղիներով, որը «չի կերակրում» իր ուղևորներին, ինչպես օրինակ՝ Air Arabia-ն: Ինքնաթիռների սնունդը, իհարկե, գերազանց չես համարի,   բայց դա շատ ավելի լավ է, քան հարևանի հավով, իսկ երբեմն էլ ձվով բուրտերբրոդները, այնպես չէ՞: Հակառակ դեպքում, փորձեք բավարարվել թխվածքաբլիթներով կամ բժշկական երշիկով բուտերբրոդով, որը արտահայտված հոտ չունի:

ԵՐԵԽԱՆԵՐ

21. Փոքրիկ ուղևորների մասին պատասխանատվությունը դրված է նրանց ուղեկցող մեծահասակների վրա: Ձանձրացող երեխան կարող է փչացնել անգամ նույն ինքնաթիռով թռչող ուղևորների տրամադրությունը: Վերցրեք ձեզ հետ գրքեր, խաղալիքներ, խաղերով պլանշետ, գունավոր մատիտներ ու թղթեր, մի խոսքով, այն ամենը ինչ կհետաքրքիր ձեր փոքրիկին ու կզբաղեցնի մի քանի ժամով:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

22. Եթե ձեր կողքին է հայտնվել չարաճճի ճանապարհորդ, ապա հիշեք, որ ինքնաթիռն ամենահարմար տեղը չէ ուրիշի երեխային դաստիարակելու համար: Միայն ավելորդ նյարդեր կփչացնեք: Դուք երկու տարբերակ ունեք. կամ լեզու գտնել երեխայի հետ ու հետաքրքրել նրան, կամ հանգիստ տեղյակ պահել ծնողին, որ երեխան խանգարում է ձեզ:

ԻՆՔՆԱԹԻՌԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

23. Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, բոլորը ցանկանում են հնարավորինս շուտ դուրս գալ՝ արդյունքում երկար ու անիմաստ խցանում առաջացնելով: Թույլ տվեք առջևի շարքում նստած ուղևորներին առաջինը դուրս գալ ինքնաթիռից:

Ինչ պետք է իմանալ ինքնաթիռով թռչելիս

24. Մի շտապեք զանգահարել՝ դեռ ինքնաթիռից դուրս չեկած: Մյուս ուղևորները պարտավոր չեն լսել ձեր ընտանեկան և անգամ գործնական խոսակցությունները:

Ահա այսքանը: Ավիաէթիկետի պարզ կանոններին հետևելով՝ դուք ոչ միայն քաղաքակիրթ և ուշադիր ուղևորի հեղինակություն կստեղծեք ձեզ համար, այլև օրինակ կծառայեք ինքնաթիռով թռչող մյուս ուղևորներին:

In this article


Join the Conversation