ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՑՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ. 10 ՀՐԱՇԱԼԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Դուք էլ ե՞ք հաճախակի զայրանում ժամացույցի սլաքների վրա, երբ դրանք, ասես ձեր դեմ տրամադրված, չեն ենթարկվում ձեր վերահսկողությանն ու պպտվում են խելագարի պես, իսկ կուտակված գործերը ոչ մի կերպ չեն հասցնում դրանց հետևից: Եթե այո, ապա այս հոդվածը ձեզ համար է:

7261
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՑՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ. 10 ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Ինչպե՞ս կարող է դավաճան ժամանակն այդքան դանդաղ առաջ գնալ, երբ մենք նստած ենք ուսանողական նստարանին ու ձանձրալի դասախոսություն ենք լսում, և ինչպես կարող է այդքան արագ թռչել-հեռանալ, երբ այն մեզ այդպես անհրաժեշտ է:

Այս խորհուրդները չափազանց արդյունավետ են, բայց հարմար չեն ամենօրյա կիրառման համար, որովհետև այդ դեպքում դուք պարզապես ուշագնաց կլինեք գերհոգնածությունից: Իսկ ահա իրար գլխի հավաքված գործերի կույտից գլուխ հանելու համար հրաշալի միջոց են: Ահա և դրանք:

1. ԹԱՔՆՎԵՔ ԲՈԼՈՐԻՑ

Իհարկե, խոսքը փոխաբերական իմաստով թաքնվելու մասին է, սակայն եթե ունեք գաղտնի վայր, որի մասին ոչ ոք չգիտի, ապա դա պարզապես հրաշալի է այնտեղ թաքնվելու և աշխատելու համար: Տեղյակ պահեք հարազատներին և գործընկերներին, որ հասանելի չեք լինելու այդ օրը: Արգելեք նրանց զանգահարել և գրել ձեզ: Անջատեք հեռախոսը կամ անձայն ռեժիմի վրա դրեք և մինչև գործերը չավարտեք, հեռախոսին անգամ ուշադրություն մի դարձրեք: Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային փոստին և այլ կապի միջոցներին:

2. ԿԱԶՄԵՔ ԱՅՆ ԳՈՐԾԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՔ

Գրանցեք գործերը ձեր նոթատետրում կամ տեքստային ֆայլ ստեղծեք համակարգչի մեջ: Եթե կարիք կա, դասավորեք գործերը նաև ըստ ենթատեսակների: Նշեք նաև կատարման ցանկալի ժամկետները: Երբ որևէ առաջադրանք կատարված լինի, անպայման ջնջեք այն: Ջնջվող տողերը անասելի մեծ մոտիվացնող ուժ ունեն:

3. ՈՐՈՇԱԿԻԱՑՐԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ

«Կաշխատեմ ամբողջ օրը» կամ «Կաշխատեմ, մինչև ամեն ինչ չվերջացնեմ» տեսակի արտահայտությունները չեն գործում: Մոռացեք դրանց մասին: Դուք պետք է մոտավորապես այսպիսի «հրաման» տաք ինքներդ ձեզ՝ «Կաշխատեմ 12 ժամ՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը»:

Պետք չէ հուսալ, որ դուք Նապոլեոն կկարողանաք դառնալ ու աշխատել օրական 20 ժամ՝ քնելով ընդամենը 4 ժամ: Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: Իրատեսորեն գնահատեք ձեր ուժերը:

4. ՊԱՀՊԱՆԵՔ ՁԵՐ ՈՐՈՇԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ

Հիշո՞ւմ եք «Գուշակիր մեղեդին» հաղորդումը, որտեղ մասնակիցները ասում էին «Ես կգուշակեմ մեղեդին հինգ նոտայից», «Իսկ ես երեքից» և այլն: Դուք էլ փորձեք գործել նույն կերպ: Որոշեք, օրինակ. «Ես այս հոդվածը կգրեմ 2 ժամում»: Եվ փորձեք տեղավորվել այդ ժամանակահատվածում՝ չշեղվելով ոչ մի բանի վրա: Փորձված է՝ որքան մոտենում է վերջնաժամկետը, ուղեղն այնքան ավելի ակտիվ է սկսում աշխատել:

5. ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ

Գերարդյունավետ օրը պետք է տարբերվի սովորական աշխատանքային օրվանից: Ենթադրենք դուք «բու» եք և սովորաբար առավոտյան 10-ից շուտ չեք արթնանում, հետո սուրճ եք խմում, թափառում համացանցում, նախաճաշում և աշխատանքային օրը սկսում ոչ ավելի վաղ, քան 12:00 է: Զարմացրեք ձեր օրգանիզմին: Զարթուցիչը լարեք առավոտյան 6-ին կամ 7-ին: Սուրճի, նախաճաշի, լվացվելու և հագնվելու համար հատկացրեք առավելագույնը 30 րոպե և անցեք գործի: Իսկ ժամը 18.00-ին դուք արդեն ամեն ինչ արած-վերջացրած կլինեք:

6. ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽԹԱՆՆԵՐ

Դուք սովորաբար աշխատելու ընթացքում երաժշտությո՞ւն եք լսում կամ ռադիո՞: Հրաժարվեք այդ «փոքրիկ հաճույքից» ևս: Ասացեք ինքներդ ձեզ. «Ես կմիացնեմ երաժշտությունը, հենց որ անեմ իմ ցանկի առաջին չորս գործը»: Այդպես դուք կունենաք լրացուցիչ խթան գործերն արագ անելու համար:

7. ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՕՐԳԱՆԻԶՄԻՆ ՀՅՈՒԾՎԵԼ

Հիշեք ոսկե կանոնը, ջուր պետք է խմել այնքան, որ չհասցնեք ծարավել: Եթե դուք ծարավում եք, ուրեմն ձեր ուղեղն արդեն «տանջվում» է հեղուկի պակասից: Նույնը վերաբերում է նաև քաղցին, հոգնած մեջքին, «բռնված» մկաններին և այլն:
Եթե ֆիզիկական աշխատանք եք կատարում, ապա ընդմիջումներ արեք ավելի վաղ, քան ձեր մկանները կասեն ձեզ. «Վերջ, էլ չենք կարողանում»: Եթե նստած եք համակարգչի առաջ, պարբերաբար վեր կացեք տեղից և թույլ մի տվեք, որ մեջքն ու ուսերը սկսեն ցավել:

8. ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵԶ ՇԵՂՎԵԼ

Ոչ մի դեպքում: Մոռացեք սոց. ցանցերի, սիրելի սերիալի և անգամ Internest.am-ի հոդվածների մասին: Մոռացեք մեկժամանոց ընմիջումների մասին: Նախապես պատրաստեք ձեր ուտելիքը, որպեսզի աշխատանքի ընթացքում երկար ժամանակով չընդհատվեք: Ձեր օրվա հիմնական բաղադրիչը մեկն է՝ աշխատանք, աշխատանք և նորից աշխատանք:

9. ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՁԵԶ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ, ՍԱԿԱՅՆ, ՉԵՆ ԹՈՒԼԱՑՆԻ ՁԵԶ

Ֆիլմ դիտելը, գիրք կարդալը, սոց. ցանցերում թափառելը այնպիսի ընդմիջումներ են, որոնք ձեզ կթուլացնեն ու կփչացնեն աշխատանքային տրամադրությունը: Թույլատրելի ընդմիջումների շարքում են՝ թեթև նախավարժանքը, կոնֆետով սուրճը, վաղվա գործերի պլանավորումը, պատշգամբ դուրս գալը կամ 15 րոպեով մաքուր օդի դուրս գալը և այլն: Մի խոսքով այն գործերը, որոնք շատ ժամանակ չեն խլի, օգտակար կլինեն և թույլ չեն տա փոխել տրամադրվածությունը:

10. ԿԱՆԳ ՄԻ ԱՌԵՔ

Գերարդյունավետ օրը հենց նրա համար է կոչվում գերարդյունավետ, որ թույլ չի տալիս ձեզ անգամ մտքի ծայրով անցկացնել «Վաղը կվերջացնեմ» արտահայտությունը:

Անգամ եթե չեք հասցրել տեղավորվել ձեր կողմից նախապես որոշված ժամանակամիջոցում, մի թուլացեք, մինչև գործը ավարտին չհասցնեք: Կիսատ կթողնեք անավարտ գործը և դա ձեզ մոտ սովորություն կդառնա: Պարզապես հաջորդ անգամ ավելի խելամիտ կազմեք օրվա պլանը:

Փորձեք կիրառել այս ամենը գեթ մեկ անգամ և ձեզ այլևս չի տանջի «Ինչպե՞ս ամեն ինչ հասցնել» հարցը:

In this article


Join the Conversation