10 ԳԻՐՔ, ՈՐ ՆԱԽՈՐԴ ԴԱՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ ԿԱՐԴԱԼ

20-րդ դարում արգելված գրքերը 21-րդ դարի ընթերցողի սեղանին են՝ առանց խոչընդոտի:

25709
արգելված գիրք

ՕԼԴՈՍ ՀԱՔՍԼԻ,
«ՍՔԱՆՉԵԼԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ», 1932

Պատկերացրե´ք մի աշխարհ, որում սինթետիկ ապրանքների միջոցով լուծված է սովի խնդիրը, բոլորը կուշտ են ու գոհ: Ամուսնության կարիք էլ չկա: Այստեղ էլ բոլորը կուշտ և գոհ են, քանի որ սեռական մերձեցումից հետո երեխայի ծնվելու «վտանգ» չկա: Նոր աշխարհում երեխաները կամ, ավելի ճիշտ է ասել, «նոր միավորները» լույս աշխարհ են գալիս հատուկ ինկուբատորներում:

Հաքսլին իր ստեղծագործությունը համարում էր ապագայի մասին գրված գիրք: Բայց դա ապագա էր 1932 թվականի համար: Օլդոս Հաքսլիի հակաուտոպիստական վեպի վրա առաջինը արգելք դրեց Իռլանդիան: Պատճառը երեխաների ծննդի անբնական մեթոդն էր:

ՋՈՆ ՍԹԱՅՆԲԵՔ,
«ՑԱՍՄԱՆ ՈՂԿՈՒՅԶՆԵՐԸ», 1939

Մեծ դեպրեսիան հետք է թողել ոչ միայն Ամերիկայի պատմության, այլ նաև ամերիկյան գրականության մեջ, և ամենից երևացող վառ կետը Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» վեպն է: Երբեմնի բերրի հողը չորանում է, իսկ բանկը, որը տարիներով վարձով էր տալիս այն բնակիչներին, խստացնում է պայմանները:

Սթայնբեքի զգացմունքայնությունը չափազանց ազդեցիկ է: Նա առաջին հերթին անկեղծ է ընթերցողի հետ: Ու հենց դրա պատճառով էլ արժանացել է գրաքննադատների խիստ գնահատականին: Հրատարակվելուց հետո վեպը հայտնվեց արգելքի տակ` իրականությունը «չափազանցված ցույց տալու» համար:

ՀԵՆՐԻ ՄԻԼԼԵՐ,
«ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԵՎԱԴԱՐՁԸ», 1934

1930-ականների Ֆրանսիան է: Գլխավոր հերոսը հենց հեղինակն է: Առանց կաշկանդվելու ու ամոթի զգացումի` Միլլերը նկարագրում է ընկերների ու գրչակիցների հետ իր սեքսուալ հարաբերությունները:

Երբ գիրքը հրատարակվեց, Փենսիլվանիայի վերաքննիչ դատարանի դատավոր Մայքլ Մուսմանոն հայտարարեց. «Սա գիրք չէ: Սա անդունդ է: Բուլվարային առու է: Փտելու նախապայման է: Լորձային մեկտեղում այն ամենի, ինչ կա մարդկային անբարոյականության նեխած մնացորդներում»: Միլլերը պոռնոգրաֆիա գրելու մեղադրանքով հայտնվեց արգելված հեղինակների ցանկում: Հետագայում նրա բախտակից, նույնպես արգելված Ջորջ Օրուելը «Խեցգետնի արևադարձը» անվանեց 30-ականների ամենակարևոր ստեղծագործությունը:

ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏ,
«ՍՊԱՆԴԱՆՈՑ ՀԱՄԱՐ 5», 1969

Գրքի հերոսը` Բիլի Պիլիգրիմը, հեղինակի ալտեր էգոն է: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արդենների ճակատամարտի ընթացքում ապակողմնորոշվում է և հայտնվում գերմանական գերության մեջ: Նրան պահում են Դրեզդենի հին` 5-րդ սպանդանոցում: Քաղաքի հրետակոծման ժամանակ Բիլին, բախտակից ընկերներն ու պահակները թաքնվում են սպանդանոցի խորը նկուղում, որտեղ գրքի հերոսն ականատես է լինում իր իսկ մահվանը:

ԱՄՆ-ում գիրքը արգելվել է պատճառաբանությամբ, որ մռայլ պատկերները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա: «Սպանդանոց համար 5»-ը մինչև այսօր այն 100 ստեղծագործությունների մեջ է, որոնք ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան թույլ չի տալիս տրամադրել հանրությանը:

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ,
«ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ», 1915

Գրեգոր Զամզան, որի ուսերին էր ծնողներին ու քրոջը պահելու հոգսը, մի օր արթնանում է ու հասկանում, որ վերածվել է մի հսկայական, զարհուրելի միջատի: Ժամանակի ընթացքում հարազատները մոռանում են սենյակում փակված Գրեգորի մասին, որը երբևէ մարդ էր եղել:

Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը հնարավոր չէր գտնել ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային միության գրադարաններում գաղափարական նկատառումով: Կաֆկայի վեպի վրա արգելքի պիտակ էր դրել նաև Չեխոսլովակիան, քանի որ Կաֆկան հրաժարվում էր գրել չեխերեն` նախընտրելով գերմաներենը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԲՈԿՈՎ,
«ԼՈԼԻՏԱ», 1955

Հյումբերտը սեռական մղում ունի Նոր Անգլիայի մի բնակչուհու 12-ամյա դստեր նկատմամբ: Ամուսնանում է մոր հետ, որպեսզի քողարկի աղջկա հանդեպ ունեցած զգացմունքները:

Երբ «Սանդեյ էսքպրես»-ի խմբագիրը կարդաց Նաբոկովի «Լոլիտա»-ի մասին, այն անվանեց ամենակեղտոտ գիրքը, որ երբևէ ընթերցել էր: Հրատարակչությունը գրքի բոլոր օրինակները հանեց վաճառքից պոռնոգրաֆիկ բնույթի համար: Լույս տեսնելուց մեկ տարի անց Ֆրանսիան նույնպես Նաբոկովի ստեղծագործությունը համարեց զազրելի ու արգելքի նշան դրեց վրան: Սակայն «Լոլիտա»-ն առանց որևէ խոչընդոտի հայտնվեց ամերիկյան գրախանութներում:

ՍԹԻՎԵՆ ՉԲՈՍԿԻ,
«ԼՈՒՌՈՒՄՈՒՆՋ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ», 1999

Հեղինակը ոգեշնչվել է Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում» վեպից: Չբոսկին պատմում է Չարլի անունով տղայի մասին, որը նամակներ է գրում իր անոնիմ ընկերոջը և նկարագրում է իր կյանքը` թմրանյութեր, սեռական ոտնձգություններ, բռնություն:

Ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան էպիստոլյար ժանրի այս վեպը սեռական ակտերի և բռնության տեսարանների համար արգելել է ազատ վաճառքի դնել գրախանութներում:

ՉԻՆՈՒԱ ԱՉԵԲԵ,
«ԿՈՐԾԱՆՈՒՄ», 1958

Նույնիսկ Բուքերյան մրցանակը Աչեբեին չպաշտպանեց ցենզուրայի արգելքից: Աֆրիկյան գրականության ամենահայտնի ներկայացուցիչը պատմում է ցեղապետ և ըմբշամարտի չեմպիոն Օկոնկվոյի մասին: Դեպքերը ծավալվում են Նիգերիայի 9-րդ (հորինված) նահանգում: Աչեբեն անխնա ճշտությամբ նկարագրում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի բրիտանական գաղութատիրության և քրիստոնյա միսիոներների կործանարար ազդեցությունը ավանդապահ աֆրիկյան հասարակության վրա:

Չինոա Աչեբեն հանդգնել էր իրերն իրենց անունով կոչել, այդ պատճառով նրա վեպը չէր կարելի ընթերցել Բրիտանիայում: «Կործանում»-ը մինչև այսօր չի կարելի գնել Մալայզիայում:

ԲՐԵԹ ԻՍԹՈՆ ԷԼԻՍ,
«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ», 1991


Այս գիրքը խորհուրդ չի տրվում թույլ նյարդեր ունեցող մարդկանց: Հաջողակ բիզնեսմեն ու սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմանը ապրում է 80-ականների Նյու Յորքում: Հենց այնտեղ, որտեղ 7 կին մահացել էին երկար ու տանջալից, 7 տղամարդ` արագ ու գրեթե առանց ցավի: Մեկին մաշկազերծել էին, մյուսին` գամել, երրորդին` գլխատել, մյուսին էլ` մասնատել: «Ամերիկյան խելագարությունը» քառորդ մասով բախկացած է բռնության տեսարաններից: «Սայմոն և Շուստեր» հրատարկչությունը, որն Էլիսին գրքի համար 300 հազար դոլար ավանս էր վճարել, 1991-ին հրաժարվեց հրատարակել գիրքը, քանի որ աշխատակցուհիները սպառնացել էին բողոքի ակցիաներ անցկացնել: Եվ երբ գրական քննադատները «Ամերիկյան խելագարություն»-ը միաբերան հայտարարեցին քստմնելի գրվածք, Հոլիվուդը դրա հիման վրա ֆիլմ նկարեց:

Կինոժապավենն ավելի թույլ էր, քան գիրքը, այդ պատճառով խելագար մարդասպանի տպագիր պատմությունը ավելի երկար մնաց արգելքի տակ ու չհայտնվեց գրախանութներում: Գլխավոր դերում Քրիստիան Բեյլն էր: Ճիշտ է, կինոժապավենն ավելի թույլ էր, քան գիրքը, այդ պատճառով խելագար մարդասպանի տպագիր պատմությունն ավելի երկար մնաց արգելքի տակ ու չհայտնվեց գրախանութներում: Փոխարենը Էլիսի «խելագարը» կանադացի սերիական մարդասպան Փոլ Բերնարդոյի ոգեշնչման աղբյուրն էր:

ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ,
«ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 1988


Գիրքը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում: Այն ժամանակակից հընդիկ ներգաղթյալի մասին է: Ավիավթարից հետո նա փորձում է նոր կյանք սկսել Անգլիայում: Դրան զուգահեռ` Սալադին Չամչիի կյանքում ամեն ինչ փշուր-փշուր է լինում մահմեդական ճնշիչ բարքերի ներքո: Հրատարակվելուց մի քանի ամիս անց Իրանի ղեկավար Իմամ Հոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց աստվածանարգության համար և նրա հետքերով ուղարկեց վարձու մարդասպանների: Նույնիսկ իսլամական ֆետվան վերացնելուց հետո` վերջերս, երբ Անգլիայի թագուհին Ռուշդիին ասպետի կոչում շնորհեց, իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ Երկրորդի խրտվիլակները: Ծայրահեղականները 150000 դոլար են խոստացել՝ գրողին կյանքից զրկելու համար:

Եթե Վենեսուելայում Ձեզ տեսնեն այս գիրքը կարդալիս, 15 ամսվա ազատազրկումից դժվար թե խուսափեք: Ճապոնիայում օրենքով տուգանք է սահմանված «Սատանայական բանաստեղծություններ»-ը վաճառողների համար: ԱՄՆ-ոմ մի քանի հայտնի գրախանութներ անանուն սպառնալիքների տարափի ներքո ստիպված էին հրաժարվել վաճառել Ռուշդիի գիրքը: Այս գրքում չկա իսլամը վիրավորող որևէ բառ: Պարզապես, ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի վեպն էլ ամենից շատ քննարկվածն է ու ամենից քիչ ընթերցվածը:

Աղբյուր

In this article


Join the Conversation