ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒՏԻ ՉԱՍՎԱԾ ՃԱՌԻՑ

Համացանցը նորից «կենդանություն» է տվել Կուրտ Վոննեգուտի հռչակավոր ելույթին, որն «ընթերցվել էր» Միչիգանի համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը` 1997-ին:

6997
Կուրտ Վոննեգուտ

Իրականում Վոննեգուտն այդ տեքստի հետ կապ չունի: Միչիգանում չհնչած տեքստի հեղինակը ըստ ամենայնի Chicago Triubune-ի սյունակագիր Մերի Սմիչն է: Թեպետ սա էլ զուտ վարկած:

Ինչևէ: Դրանից ելույթի բովանդակությունը չի փոխվում: Իսկ բովանդակային առումով Վոննեգուտի չհնչեցրած ելույթը կատարյալ է, որովհետև շատ կենսական է ու պարզ:

Համեցե՛ք, պարոն Վոննեգուտ, կամ տիկին Սմիչ, կամ ով որ է:

«Հարգելի՛ շրջանավարտներ.

Արևայրուքի դեմ պաշտպանիչ քսուք օգտագործեք:

Եթե ես հնարավորություն ունենայի Ձեզ միայն մեկ խորհրուրդ տալ, այն կլիներ հենց արևայրուքի դեմ պաշտպանիչ քսուքի մասին: Այդ քսուքի օգտակարությունն ապացուցել են գիտնականները, մինչդեռ իմ խորհուրդը միայն իմ փորձից է բխում: Հիմա շարադրեմ այն.

Վայելե՛ք ձեր եռանդն ու գեղեցկությունը: Քանի երիտասարդ եք ու մտածում եք` կյանքը ձեզ դուր չի գալիս, այն անցնում է ձեր կողքով: Հավատացե´ք ինձ, 20 տարի անց կնայեք ձեր հին լուսանկարներն ու այդ պահերը կհիշեք այն զգացումով, որն այս պահին չեք կարող հասկանալ: Որքա՜ն հնարավորութուններ են բաց եղել ձեր առջև: Եվ ի՜նչ հիանալի տեսք ունեիք: Դուք այնքան գեր չէիք, որքան կարծում էիք:

Մի´ անհանգստացեք ապագայի համար: Կամ էլ` լավ, անհանգստացեք: Բայց իմացե՛ք, որ այդ անհանգստությունը նույնքան արդյունավետ կարող է լինել, որքան, օրինակ, հանրահաշվական հավասարումը մաստակ ծամելով լուծելու փորձը:

Իրական անհաջողությունը ձեր կյանքում կարող է լինել միայն այն, որ, օրինակ, ինչ-որ սովորական երեքշաբթի ձեզ արթնացնում են գիշերվա 4-ին` ինչ-որ անհեթեթ բանի համար: Այ, դա իրոք մեծ տհաճություն է:

Ամեն օր արեք այն, ինչը ձեզ վախեցնում է:

Երգե´ք:

Հոգատար եղեք ուրիշների սրտերի նկատմամբ:

Մի´ շփվեք այն մարդկանց հետ, որոնք թքած ունեն ձեր զգացմունքների վրա:

Մի´ մոռացեք լվանալ ատամները:

Ժամանակ մի´ ծախսեք նախանձի վրա: Երբեմն դուք առջևում կլինեք, երբեմն` հետևում: Մրցուղին երկար է: Եվ, վերջ ի վերջո, դուք մրցավազքի մեջ եք միայն ինքներդ ձեզ հետ:

Մտապահե´ք հաճոյախոսություններ, որ ստանում եք: Մտքից հանե´ք վիրավորանքերը: Ու, եթե այստեղ հաջողություն ունենաք, խնդրում եմ` ասեք ինձ` ինչպե՞ս կարողացաք:

Պահե´ք հին սիրային նամակները: Դե´ն շպրտեք հին բանկային չեքերը:

Ձեզ ձիգ պահեք:

Մեղավոր մի´ զգացեք, երբ չգիտեք` ի՞նչ անել ձեր կյանքի հետ: Ամենահետաքրքիր մարդիկ նրանցից, ում ճանաչում եմ, 22 տարեկանում գաղափար անգամ չունեին, թե ինչպես են անցկացնելու իրենց կյանքը: Ընդ որում` նրանցից առավել հետաքրքիր 40-ամյա մարդիկ դա չգիտեն առայսօր:

Կալցիում օգտագործեք:

Խնամքով վերաբերվեք ձեր ծնկներին: Դրանց կարիքը շատ կզգաք, երբ շարքից դուրս գան:

Հնարավոր է` ամուսնանաք: Հնարավոր է` ոչ: Հնարավոր է` երեխաներ ունենաք: Հնարավոր է` ոչ: Հնարավոր է ապահարզան տաք 40 տարեկանում, իսկ հնարավոր է` 75 տարեկանում «Փոքրիկ բադիկների պարը» պարեք ձեր ամուսնության տարելիցի օրը: Ինչ էլ անելիս լինեք, շատ մի´ գովեք ինքներդ ձեզ, և ոչ էլ քննադատեք: Ձեր ընտրությունը, ինչպես մեր բոլորինը, պատահականության ձեռքին է:

Վայելե´ք Ձեր մարմինը: Օգտագործե´ք այն, երբ կարող եք: Ու մի´ վախեցեք, թե ինչ կասեն ուրիշները: Մարմինն ամենահիասքանչ գործիքն է, որը դուք երբևէ կունենաք:

Պարե´ք: Նույնիսկ այն ժամանակ, երբ հարմար տեղ չկա, հյուրասենյակն էլ նեղ է:

Եվ, խնդրում եմ, մի´ կարդացեք լավ կյանքի մասին պատմող ամսագրեր: Դրանից շատ վատ կզգաք:

Բարեսիրտ եղեք ձեր եղբայրների ու քույրերի հանդեպ: Նրանք ձեր լավագույն կապն են անցյալի ու նրանց հետ, ովքեր ապագայում են գալու:

Հասկացե´ք, որ ընկերները գալիս են ու գնում, բայց նրանցից մի քանիսի համար արժե պայքարել: Ջանացեք, որ ձեզ ու ձեր ջահեության ընկերներին չբաժանեն հեռավորությունը կամ զբաղվածությունը, որովհետև որքան մեծանաք, այդքան շատ են ձեզ պետք լինելու նրանք:

Որոշ ժամանակ ապրեք Նյու Յորքում (կամ էլ` Մոսկվայում): Բայց հեռացե´ք այնտեղից, նախքան այդ քաղաքը ձեզ ամբարտավան կդարձնի: Ապրեք Բալիում: Բայց լքեք այն, նախքան այդ կղզին ձեզ փափկասուն կդարձնի: Եվ, ընդհանրապես, ճանապարհորդեք:

Հաշվի առեք հետևյալ անխուսափելի ճշմարտությունները. գները շարունակելու են բարձրանալ, քաղաքական գործիչները` դավաճանել իրենց կանանց: Դուք էլ եք ծերանալու: Ու, երբ զառամյալ դառնաք` երևակայելու եք, որ, երբ երիտասարդ էիք` գները ցածր էին, քաղաքական գործիչները` առաքինի, իսկ երեխաներն էլ հարգում էին մեծերին:

Ի դեպ, հարգեք ձեր ծնողներերին: Չէ՞ որ չգիտեք, թե երբ են նրանք ընդմիշտ հեռանալու:

Հույս մի´ ունեցեք, որ ինչ-որ մեկը ձեզ կապահովի ֆինանսապես: Գուցե ներդրումային ֆոնդ ունեք, գուցե` հարուստ ամուսին կամ կին: Բայց դուք չեք կարող իմանալ` նրանք երբ կլքեն ձեզ:

Շատ փորձեր մի´ արեք ձեր մազերի հետ: Հակառակ դեպքում` 40 տարեկանում 85-ի տեսք կունենաք:

Մենք բոլորս մի օր կգնանք: Բայց կարևոր է մինչև վերջ ապրել` ինչ-որ բանի հավատալով: Ամենադժվար բանը սա է: Որովհետև թվում է` չկա, գրողը տանի, որևէ բան, որին կարելի է հավատալ:

Ահա, այսպիսի խորհուրդներ, սիրելի շրջանավարտներ: Զգուշավոր ու համբերատար եղեք նրանց հետ, ովքեր դրանք տալիս են: Խորհուրդը նոստալգիայի ձև է, անցյալի փայլը աղբանոցից հանելու միջոց: Խորհուրդ տալը տհաճ պահերը թարմ գույներով ներկելու և այն ավելի թանկ բանի վերածելու հնարք է:

Բայց այն, որ արևայրուքի դեմ պաշտպանիչ քսուքը ձեր մաշկն իրոք փրկում է արևայրուցքից, գիտականորեն ապացուցված փաստ է: Այնպես որ` համարձակ քսե՛ք»:

Աղբյուր

In this article


Join the Conversation