ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

Մանֆրեդ Քեթս դե Վրիսը հայտնի է որպես հոգեբան բիզնեսի կառավարման ոլորտում և խորհրդատու այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են՝ Lego, Nokia, Shell, Volvo և այլն:

2144
երջանկության հավասարում

Մեջբերումներ Մանֆրեդ Քեթս դե Վրիսի «Երջանկության հավասարում» գրքից

  • Շատերը կհամաձայնեն, որ երջանկության հասնելն այնքան էլ հեշտ չէ: Երբ ես հարցնում էի մարդկանց արդյոք երջանիկ են, հաճախ ստանում էի խուսափողական ու հակասական պատասխաններ: Սակայն մեծամասնությունն իրեն դժբախտ է համարում:
  • Ըստ փիլիսոփա Ժան դե լյա Բրյուերի՝ մարդիկ իրենց կյանքի մեծ մասը կորցնում են մնացած տարիները դժբախտացնելու համար:
  • Հոգեբույժ Թոմաս Զացի կարծիքով երջանկությունը երևակայական վիճակ է, որն անցյալում ողջերը վերագրում էին մահացածներին, այժմ՝ երեխաները ծնողներին, իսկ ծնողները՝ երեխաներին:
  • Կինոռեժիսոր և գրող Վուդի Ալենի կարծիքով մարդիկ մշտապես գտնվում են հուսահատության կամ ամբողջական ոչնչացման խաչմերուկում, որից ազատվելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար իմաստություն կարող են ձեռք բերել միայն աղոթքի շնորհիվ:
  • Ուսումնասիրությունների արդյունքում հարցվողների մեծամասնությունը կյանքից հաճույք ստանալը գնահատել են զրոյից բարձր, այսինքն՝ մարդիկ իրենց համարում են երջանիկ, քան դժբախտ: Իհարկե, այս հարցումների արդյունքներով առաջնորդվելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դրանք հիմնված են սուբյեկտիվ գնահատակնների վրա:
  • Երբ մարդիկ իրենք են սկսում գնահատականներ տալ, այդ դեպքում ներգործում են նաև գիտակցական ու անգիտակցական գործոնները, որոնց արդյունքում տալիս են նման պատասխաններ: Օրինակ՝ մյուսներից տարբերվելու վախը մարդկանց տանում է դեպի ստանդարտացում: Դրանով նրանք փորձում են համապատասխանել հասարակական ստանդարտներին ու բարձրացնում են իրենց երջանկության աստիճանը: Սա երկմտանք է առաջ բերում. արդյոք մարդիկ երջանիկ են, թե՞ ձևացնում են: Հնարավոր է՝ սա ապրելու մեխանիզմ է:
  • Երբ մարդիկ միասնական են, աշխարհը կատարյալ է թվում: Այդ է պատճառը, որ խմբերի, ցեղերի ու ազգերի արդյունավետությունն ավելի բարձր է, քան մեկ մարդունը:
  • Երբ ես Կենտրոնական Աֆրիկայի արևադարձային անտառներում էի, պարզեցի, որ պիգմեյների հաջողությունը պայմանավորված է նրանց լավատեսությամբ: Նրանք միասին են որսում, միրգ հավաքում, կացարան կառուցում: Նրանք երջանիկ են, քանի որ ամեն ինչում փնտրում են դրականը, կարողանում են երգել ու ծիծաղել:
  • Ֆրանսիացի գրող Ֆրանսուա դե Լառոշֆուկոն առանց գիտական ուսումնասիրությունների եկել է հետևյալ եզրակացությանը. «Երջանկությունն ու դժբախտությունը կախված են թե՛ խառնվածքից, թե՛ հաջողությունից »:
  • Այս հարցով զբաղվող շատ ուսումնասիրողներ պարզել են, որ մեր զգացմունքները, մտքերը, վարքագիծն ու արարքները կախված են մեր դաստիարակությունից և պայմանավորված են մշակութային ու սոցիալական գործոնով: Ճիշտ է, ժառանգականությունը ևս իր դերն ունի, սակայն երջանկությունն ու դժբախտությունը ձեռք բերվող հմտություններ են:
  • Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ձգտում են երջանկության, բայց այդ երջանկության միակ ուղին գումարով ապահովված լինելը չէ:

Պետք չէ լինել հարուստ ու հայտնի երջանիկ լինելու համար:

  • Երջանկությունը այն դեպքում կախված չէ եկամուտից, երբ կենսական բոլոր պահանջները բավարարված են:
  • Սոցիալապես անապահով մարդկանց համար գումարն ու երջանկությունը անքակտելիորեն կապված են մեկը մյուսի հետ: Որպեսզի ինքներս մեզ հարուստ պատկերացնենք, պետք է երազենք այն բաների մասին, որոնք կարող ենք գնել: Մենք բոլորս հարուստ ենք, եթե ուզում ենք այն, ինչ ունենք և աղքատ ենք, եթե ուզում ենք ունենալ այն, ինչ երազում ենք:
  • Երջանկությունը երբեմն պայմանավորված է լինում սոցիալական դիրքով և կրթության աստիճանով, քանի որ հենց  այս գործոններից է կախված բարձր եկամուտով աշխատանք ունենալու հավանականությունը:
  • Գործազուրկները մի քանի անգամ ավելի դժբախտ են, քան աշխատանք ունեցողները, քանի որ մեծ է սթրեսային ու դեպրեսիվ վիճակներում հայտնվելու հավանականությունը:
  • Տարիքը որևէ դեր չի ունենում երջանկության հավասարման մեջ: Չնայած ժառանգականության գործոնին՝ երջանիկ մանկությունը չի ապահովում հետագայում երջանիկ կամ դժբախտ լինելը:
  • Երջանկությունը կախված չէ սեռից. նշանակություն չունի՝ կին եք, թե՞ տղամարդ:
  • Կրոնը շատ մեծ կապ ունի երջանկության հետ: Աստծուն ու հավատին մոտ լինելը օգնում են իմաստավորել կյանքն ու լավատեսորեն նայել կյանքին: Բացի այդ, կրոնը նաև դրական ազդեցություն է ունենում մարդու հոգեբանության վրա:
  • Մարդկանց դեպի երջանկության է տանում նաև այն, ինչով զբաղվում են ազատ ժամանակ:
  • Երջանիկ են այն մարդիկ, ովքեր քիչ են նկատում բացասականը, այսինքն՝ լավատես են և կարողանում են հասնել իրենց նպատակներին:
  • Երջանկությունն առաջին հերթին մարդու հոգեվիճակն է ու այն, թե ինչպես ենք տեսնում աշխարհը:

 

In this article


Join the Conversation