Այս մեքենայի մասին խոսում էին դեռ 2012 թվականից, սակայն վաճառքների մեկնարկը շարունակ հետաձգվում էր: Եվ ահա երեկ Tesla ընկերության հիմնադիր Էլոն Մասկը պաշտոնապես ներկայացրեց Tesla X էլեկտրոմոբիլը: Էլոն Մասկի ելույթն ու ավտոմեքենայի ցուցադրումը հեռարձակվում էին նաև օնլայն տարբերակով:
Առաջին գնորդները կարողացան իրենց պատվերն ամրագրել հենց բեմի վրա, որտեղ Էլոն Մասկը ցուցադրում էր էլեկտրոմոբիլի հնարավորությւոնները:
Tesla Model X-ը բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ ունի: Անգամ դռները հատուկ համակարգչային ծրագրի շնորհիվ դեպի վեր բացվելուց առաջ գնահատում են շրջակա միջավայրը և այնպես են վեր բարձրանում, որպեսզի չդիպչեն շրջակայքում գտնվող մեքենաների, այլ օբյեկտների, ինչպես նաև ավտոտնակի առաստաղին:
Model X-ի համար Tesla-ն պատրաստվում է առաջարկել նաև հատուկ աքսեսուար, որը հնարավորություն կտա տեղափոխել վեց լեռնային դահուկներ և չորս հեծանիվ:
Այս աքսեսուարը շատ օգտակար է, քանի որ յոթ տեղանի ավտոմեքենայում փաստացի թափք չկա: Բայց փոխարենը երրորդ շարքի նստարանները հեշտությամբ ծալվում են ներքև և հավասարվում հատակին՝ ստեղծելով հարմար տարածք բեռները տեղադրելու համար:
Model X-ն ունի երեք գույն ներքին սրահի համար՝ սպիտակ, բեժ և սև:
Tesla Model X-ը մարտկոցի մեկ լիցքավորումով անցնում է 400 կմ։ Մեքենայի առավելագույն արագությունը 250կմ/ժ է, իսկ 100 կմ/ժ էլեկտրոմոբիլը զարգացնում է 3.2–3.8 վայրկյանի ընթացքում։
Join the Conversation