ԱՌԱԿ․ «ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՓՈՂԸ»

Մարդուն հաջողության հասնելու համար շատ բան հարկավոր չէ․ ընդամենը վստահություն և գործը հնարավոր կլինի գլուխ բերել։

6793
առակ-2

Զորեղ ուժ ունի անգամ երևակայական ու ոչ իսկական փողը, և այդ ուժը վստահությունն է՝ հաջողության հասնելու միակ ու ամենակարևոր գրավականը։
Այս առակը փողի ուժի, դրա հաղորդած վստահության ու դրանով ձեռք բերված հաջողության մասին է։

Մի ձեռնարկատեր կուտակած պարտքերի պատճառով հայտնվում է նեղ դրության մեջ․ պարտատերերը գալիս ու պահանջում են իրենց գումարները, բայց ելք չկա դրանք վերադարձնելու համար։
Այգու նստարանին գլխիկոր նստած մտածում է՝ ինչպես փրկել ընկերությունը սնանկությունից։
Հանկարծ հայտնվում է մի ծեր մարդ ու ասում․
– Ես գիտեմ, թե ձեզ ինչն է մտահոգում։
Մինչև վերջ լսելով ձեռնարկատիրոջ պատմությունը՝ ծերունին ասում է․
– Կարծում եմ՝ կարող եմ օգնել ձեզ։
Նա հարցնում է ձեռնարկատիրոջ անունը, մեծ գումարով չեկ է դուրս գրում, տալիս է նրան ու ասում․
– Վերցրեք այս գումարը։ Կհանդիպենք նույն վայրում մեկ տարի անց ու դուք կվերադարձնեք այն։
Հետո շրջվում ու անհետանում է այնպես արագ, ինչպես հայտնվել էր։
Ձեռնարկատերը վերցնում է չեկը՝ ստորագրված Ջոն Ռոքֆելլեր անվանմամբ, ով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։
Նա մտածում է․ «Ես կարող եմ վերջ դնել իմ բոլոր խնդիրներին ընդամենը մեկ ակնթարթում»։ Բայց որոշում է անկանխիկ գումարը պահել անկիզելի պահարանում։
Այն միտքը, որ պահած գումար ունի, ուժ է տալիս նրան միջոցներ գտնել բիզնեսը պահպանելու համար։
Նրան հաջողվում է ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը, նոր պայմանագրեր կնքել, վճարել պարտքերն ու նորից գումարներ վաստակել։
Ուղիղ մեկ տարի անց նա նորից գալիս է այն այգին, որտեղ հանդիպել էր ծերունուն։ Պայմանավորված ժամին ծերունին հայտնվում է։ Եվ հենց այն պահին, երբ ձեռնարկատերը ուզում է գումարը վերադարձնել ու պատմել իր հաջողությունների մասին, բուժքույրը վազում ու բռնում է ծերունուն։
Պարզվում է՝ ծերունին բոլորին ներկայանում էր որպես Ջոն Ռոքֆելլեր։
Ձեռնարկատերը ապշահար մնում է կանգնած։ Մեկ տարի շարունակ նա աշխատել ու վերականգնել է բիզնեսը, վաճառել ու գնել՝ համոզված լինելով, որ պահած գումար ունի։ Հանկարծ նա գիտակցում է, որ այդ անիրական ու երևակայական գումարը փոխել է իր կյանքը։
Այդ չեկն ընդամենը նոր վստահություն էր, որը նրան տվեց մեծ ուժ հասնելու այն ամենին, ինչ ունի։

 

In this article


Join the Conversation