ԱՌԱԿ․ «ԿԱՆԳ ՄԻ ԱՌ․ ԳՆԱ ԱՌԱՋ»

Այս առակը տեղում չդոփելու, անընդհատ առաջ գնալու և նորանոր բարձունքներ հաղթահարելու մասին է։

6976
առակ

Քաղաքամերձ գյուղում ապրում էր մի աղքատ փայտահատ։ Ամեն առավոտ նա վաղ արթնանում ու գնում էր անտառ, փայտը կոտրում ու տանում քաղաք վաճառելու։ Փայտի վաճառքից ստացված գումարով նա կարողանում էր պահպանել իր գոյությունը։
Մի անգամ, երբ կրկին գնում է անտառ փայտ կոտրելու, հանկարծ զգում է, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Շրջվում ու տեսնում է մի ծերունու, ով ասում է․

– Դու շատ վարպետորեն ես օգտագործում կացինը, բայց մի մնա նույն տեղում, գնա առաջ։

Այս խոսքերն ասելուց հետո ծերունին հեռանում է։ Փայտահատը որոշում է հետևել նրա խորհրդին, գնում է անտառի խորքն ու տեսնում է պղնձի հանքեր։ Նրա ուրախությանը չափ չկար․ վերցնում է այնքան պղինձ, որքան հնարավոր է ու վերադառնում է տուն։ Հաջորդ օրը պղինձը տանում է շուկա և բարձր գնով վաճառում։ Տեսնելով, որ մեծ գումարներ է աշխատում՝ փայտահատը նորից է գնում հանքավայր, վերցնում է այնքան պղինձ, ինչքան կարողանում է, սակայն այդ պահին հիշում է ծերունու խոսքերը՝ գնա առաջ։ Պղինձը թողնում է իր տեղում ու շարժվում է առաջ՝ դեպի անտառի խորքերը։ Այդ վայրերում նա առաջին անգամ էր լինում, սակայն անվախ ու վստահորեն գնում է առաջ։ Եվ շուտով իր առջև տեսնում է արծաթի հանքեր։ Նստում, մի փոքր շունչ է առնում, ապա վերցնում արծաթն ուտանում է շուկա ու վաճառում․ ստացված գումարով ողջ տարի կարող էր անհոգ ապրել։
Առավոտյան փայտահատը կրկին, կացինը ձեռքին, գնում է անտառ, անցնում է արծաթի հանքավայրն ու դեմ է առնում անորոշությանը և նորից ականջին լսվում են ծերունու խոսքերը՝ գնա առաջ։ Փայտահատը գիշեր-ցերեկ քայլում է, հանկարծ տեսնում է մի հսկայական ճահիճ, որի մյուս կողմում փայլում էր ալմաստներով պատված սարը․․․

Հարկավոր է ձգտում և ցանկություն դժվարությունները հաղթահարելու և նպատակներին հասնելու համար։

Ի՞նչ կանի փայտահատը, կգնա առաջ՝ հաղթահարելով արգելքը, թե՞ ետ կվերադառնա։ Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանություններում։

In this article


Join the Conversation