Ջինսե տաբատների հիմնադիր Լեյբ Շտրաուսը ծնվել է 1829 թվականին Բավարիայում՝ հրեական բազմազավակ ընտանիքում։ Վաղ հասակում հորը կորցնելուց հետո իր քույրերի ու եղբայրների հետ մնում է մոր խնամքի տակ։ Այդ ժամանակաշրջանում Գերմանիայում իշխում էին հակասեմական տրամադրություններ․ հրեաներին արգելվում էր զբաղվել աևտրով ու նույնիսկ հողագործությամբ։ Այդ էր պատճառը, որ 40-ական թթ․ վերջին տասնութամյա երիտասարդը մեկնում է Ամերիկա, ուր ապրում էին նրա երկու ավագ եղբայրները։
Այնտեղ գաղտնի պահելով իր ծագումը՝ փոխում է անունն ու ազգանունը և կրում Լեվի Ստրաուս անունը։
Լեվի Ստրաուսը որոշում է ստեղծել սեփական բիզնեսը․ 1853 թվականին նա կտորով ու արդուզարդով բեռնված նավով ուղևորվում է դեպի Սան Ֆրանցիսկոյի ափերը։ Ամբողջ ապրանքը ճանապարհին վաճառվում է, իսկ չվաճառված պարուսիններից կարում է տաբատներ, որոնք անմիջապես վաճառվում են։
Լեվին հասկանում է, որ սրանով հնարավոր է գումար վաստակել և նույն թվականին իր եղբոր օգնությամբ բացում է խանութ, որտեղ վաճառում է սեփական արտադրության արտասովոր տաբատներ։ Պարուսինին փոխարինելու է գալիս ֆրանսիական Նիմ քաղաքից ուղարկված փափուկ կտորը։
Այստեղից էլ առաջացել է դենիմ անվանումը, որը բառացիորեն թարգմանվում է այսպես՝ Նիմ քաղաքից։
Դենիմից տաբատները շատ արագ սպառվում են, և Levi Strauss & Co ընկերությունը սկսում է զարգացում ապրել ու ընդլայնել գործունեության սահմանները։
Սա դեռ ամենը չէր․ տաբատները դեռ կատարելագործման կարիք ունեին։
1872 թվականին ամերիկացի դերձակ Ջեյկոբ Դևիսը որոշում է տաբատի տարբեր հատվածներում ամրացնել մետաղե գամեր, սակայն բավականաչափ գումար չունենալու պատճառով այդ միտքն իրականացնել չի կարողանում։ Նա դիմում է Լեվի Ստրաուսին՝ իր նամակում ներկայացնելով մետաղյա գամերով ջինսերի առավելությունները։ Լեվին գնահատում է այդ գաղափարը և 1873 թվականին նա և Ջեյկոբն արտադրում են նոր՝ մետաղյա գամով ջինսեր։
Ջինսերն այնքան են սիրվում, որ շատ արագ սպառվում են՝ մեծ եկամուտներ բերելով արտադրողներին։
Ջինսերի ետևի գրպաններին ամրացված մետաղյա գամերը շուտով փոխարինվում են ավելի նուրբ գամերով, քանի որ նախորդները քերծում ու փչացնում էին կահույքը։
1886 թվականին ստեղծվում է ընկերության լոգոտիպը, որում պատկերված երկու ձիեր, փորձում են պատռել ջինսը։ Լեգենդի համաձայն՝ լոգոտիպը կապված է շոգեմեքենավարի՝ աղմուկ հանած պատմության հետ, ըստ որի՝ նա երկու վագոնները ջինսերով կապում է միմյանց ու հաջող կերպով հասնում կայարան։ Այս լոգոտիպը խորհրդանշում է ջինսերի ամրությունը։
1870-ական թվականներին Լեվի Ստրաուսը որոշում է համարակալել ջինսերը, բայց քանի որ նրա ընկերությունը շուրջ 20 տարվա պատմություն ու բազմաթիվ արտադրանքներ ուներ, համարակալումը սկսում է 501-ից, որը մինչ օրս էլ ամենապահանջված ու աշխարհում տարածված ջինսերն են։
1936 թվականին բրենդի լոգոտիպին ավելացվում է նաև փոքրիկ կարմիր պիտակ, որն ամրացված է ջինսի ետևի գրպանին՝ բրենդն առավել ճանաչելի դարձնելու համար։
Join the Conversation