4754

Հոկտեմբերի 2-ին, Երևանում «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով մեկնարկեց թվով արդեն 11-րդ Digitec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը:

2004թ.-ից առ այսօր ԴիջիԹեքը շարունակում է ստեղծել բարենպաստ միջավայր տեխնոլոգիական ընկերությունների և հասարակության շփման համար, ներկայացնում է հայաստանյան ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու ներգրավում նաև միջազգային առաջատար ընկերություններին:

Այս տարի ԴիջիԹեքի մասնակիցների թիվն աննախադեպ է՝ ավելի քան 170 ընկերություն աշխարհի 10 երկրներից: Իսկ այցելուների թիվն, ըստ նախնական տվյալների, գերազանցելու է 40.000-ը:

ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախագահ Կարեն Վարդանյանը նշում է.

Ցուցահանդեսի շնորհիվ երեխաները կտեսնեն ապագան, երիտասարդները կկարողանան օգտվել տեխնոլոգիաներից, իսկ մեծերը վստահ կլինեն, որ իրենց ձեռք բերած տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է և զարգանում:

ԴիջիԹեքը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու հայկական արտադրության ընկերություններին ու ստարտափներին, որոնցից շատերը արդեն միջազգային շուկան են հասցրել նվաճել կամ պատմելու շատ բան ունեն վերջին տարվա իրենց ձեռքբերումներից:

PLAYLAND ARMENIA

Այս տարվա ԴիջիԹեքին Digital Pomegranate ընկերությունը ներկայացնում էր Playland Armenia խաղը, որը կոչված է դառնալու խահրապարակ աշխարհի բոլոր հայ երեխաների համար: Այն հնարավորություն է տալու նրանց խաղալ բազմազան խաղեր և դրանց միջոցով սովորել արևելահայերեն ու արևմտահայերեն, ուսումնասիրել հայկական մշակույթը և այլն:

ԴիջիԹեք

Այս վիրտուալ աշխարհին միանալով՝ երեխաները կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակից տարեկիցների հետ: Նախագծի գաղափարն առաջել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված. հեղինակները ցանկանում են ցույց տալ, որ այս 100 տարվա ընթացքում մենք ոչ միայն չենք կորցրել կապը միմյանց հետ՝ անկախ մեր գտնվելու վայրից, այլև մեծ չափով առաջ ենք գնացել մշակույթի ու գիտության բնագավառներում և հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Նշենք, որ խաղը ստեղծվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում:

Խաղը Android, iOS հարթակների համար պատրաստ կլինի արդեն հոկտեմբերի վերջին, իսկ մինչև տարեվերջ հասանելի կլինի նաև խաղի web տարբերակը: Խաղն անվճար է, սակայն խաղի ներսում կարելի է գնել հավելյալ հնարավորություններ։

ARLOOPA

Իր գործունեության մեջ առաջին անգամ Դիջիթեքին մասնակցում է Arloopa ընկերությունը: «Անզեն աչքերով» աշխարհին նայելու փոխարեն Arloopa-ն առաջարկում է իր այցելուներին իրականությունը բացահայտել Arloopa Cardboard-ով «զինված աչքերով»: «Անտարես» հրատարակչության հետ համատեղ Arloopa-ն ներկայացնում է ARLOOPA cardboard վիրտուալ իրականության ակնոցը, որն առաջինն է հայաստանյան ՏՏ ոլորտում:

ԴիջիԹեք
Arloopa-ի հիմնադիր Արման Աթոյանը

Ցուցահանդեսի այցելուները կարող են իրենց սմարթֆոնը տեղադրել ակնոցի մեջ ու խաղալ տարբեր վիրտուալ իրականության խաղեր՝ նախապես ներբեռնելով խաղերը՝ Google Play-ից ու App Store-ից: Ցուցահանդեսի օրերին այցելուները բացառիկ հնարավորություն ունեն նաև ձեռք բերել ակնոցը՝ ընդամենը 5000 դրամով։

ԴիջիԹեք
Arloopa-ի վիրտուալ դինոզավրը

Arloopa-ի տաղավարում այցելուներին սպասում են նաև վիրտուալ դինոզավրն ու վիրտուալ թագավորը, որոնց հետ կարելի է լուսանկարվել:

360STORIES

Հայաստանը վիրտուալ տարբերակով ճանաչելու և տեսարժան վայրերով ճանապարհորդելու հանարավորություն տվող 360 Stories ստարտափը նույնպես ԴիջիԹեքի մասնակիցների շարքում էր: Հենց այս ընկերության շնորհիվ է, որ ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները կարող են «վիրտուալ զբոսնել» Հայաստանով:

ԴիջիԹեք
360 Stories-ի Cardboard-ները

Ներբեռնելով 360 Stories հավելվածը և օգտագործելով Google Cardboard-ը, նրանք կարող են հեռակա կարգով ուսումնասիրել Հայաստանի մշակութային կոթողները, լանդշաֆտները, գրավիչ խոհանոցը և ճարտարապետությունը: Իսկ արդեն Հայաստան գալով և իրական զբոսանք կատարելով՝ 360 Stories ծրագրի միջոցով կարող են կիսվել իրենց պատմություններով: Ծրագրում ներառված են Հայաստանի գրեթե 120 տուրիստական վայրեր և ավելի քան 4000 պատմություններ՝ տարբեր վայրերի հետ կապված:

360 stories-ը բոլորովին վերջերս դարձավ նաև Google Trusted Photographer Agency: Նշենք, որ Google Maps-ը թարմացումներից հետո արդեն թույլատրում է միայն Google Trusted Photographer Agency-ներին 360 տուրեր ավելացնել քարտեզում:

TEAMABLE

Իսկ ահա այնպիսի հայկական ստարտափներ, ինչպիսին Teamable-ն է, այս տարվա ԴիջիԹեքում ամփոփում են իրենց արդյունքները՝ ներկայացնելով այն խոշորագույն ընկերություններին, որոնք արդեն իսկ օգտվում են իրենց ծառայությունից՝ Intuit, Uber, Lift, Oracle, SFL, Yahoo և այլն:

ԴիջիԹեք
Teamable-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանը

Teamable-ի արտադրանքը բացառիկ է իր տեսակի մեջ, իսկ նրա առաջարկած լուծումները՝ հեշտ կիրառելի են ու շատ արդյունավետ. հենց սրանք են ընկերության արագ զարգացման հիմնական գործոնները: Teamable-ը հնարավորություն է տալիս ընկերություններին արդյունավետ կառավարել իրենց թիմի ռեսուրնսերը, օրինակ՝ որոնողական համակարգի միջոցով ընտրել համապատասխան հմտություններ ունեցող աշխատակիցներին որևէ նոր նախագծի համար, կամ արդեն իսկ ընկերությունում աշխատող մարդկանց շնորհիվ գտնել նոր աշխատողներ՝ սկանավորելով նրանց ընկերների կոնտակտները սոցցանցերում և առաջարկելով թափուր աշխատատեղեր անրաժեշտ որակավորմամբ մասնագետներին:

ԴիջիԹեք
Teamable-ի QA ծրագրավորող Արտակ Նիազյանը

JOOMAG

ԴիջիԹեքում՝ արդեն կայացած հայկական ընկերությունների շարքում կարելի էր տեսնել նաև Joomag-ին, որը որպես թվային ամսագիր հրատարակելու գործիք է ծառայում արդեն ավելի քան 300.000 հրատարակիչների ամբողջ աշխարհից: Joomag-ի գործընկերների թվում են ինչպես անհատներ, այնպես էլ աշխարհահռչակ ամսագրեր, այդ թվում` Huffington Magazine-ը, Cosmopolitan-ը, Bazaar-ը և այլն: Հայաստանյան ամսագրերի թվում Joomag-ն առայժմ գործընկերներ չունի: Փնտրում է:

ԴիջիԹեք
Joomag-ի թիմը: Տեխնիկական գծով տնօրեն Վահրամ Դարբինյանը՝ աջից

ՌՈԲՈՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ամեն տարի, ԴիջիԹեքին ներկա էին նաև բազմաթիվ երեխաներ՝ տեսնելու, սովորելու և մասնակցելու նպատակով: Հայաստանի ռոբոտների բաց առաջնության ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն. այս ամենը պարզապես չեն կարող չհետաքրքրել դեպի գիտությունն ու տեխնոլոգիաները ձգտում ունեցող երեխաներին ու պատանիներին: Հայաստանի մարզերից ու քաղաքներից ԴիջիԹեք էին ժամանել ամենատարբեր ռոբոտներն ու նրանց հեղինակները:

ԴիջիԹեք
Ջերմուկի ավագ դպրոցի աշակերտ Վազգենն իր կրակող ռոբոտին պատրաստել է մեկ գիշերվա ընթացքում՝ հատուկ ԴիջիԹեքի համար:
ԴիջիԹեք
Սևանի ավագ դպրոցի սաներ Ռուբենի, Ռազմիկի և նրանց ընկերների պատրաստած Վալլի ռոբոտը:

ԴիջիԹեքը շարունակվում է: Շտապեք միանալ այս տեխնոլոգիական տոնին: Նշենք նաև, որ ներկայացված ընկերությունների մեծ մասն ուրախ կլինի իր թիմը համալրել նոր, եռանդուն ու ստեղծագործ անդամներով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանք գտնելու լավագույն հնարավորություններից մեկն էլ հենց Դիջիթեքն է: Միջոցառումների շարքում սպասվում է նաև աշխատանքային տոնավաճառ

ԴիջիԹեք

 

In this article


Join the Conversation