Մի անգամ մարդը, քաղաքի աղմուկից ու իրարանցումից հոգնած, որոշում է հոգեկան հանգստություն գտնել լուռ ու խաղաղ մի վայրում, ուր ոչ ոք ու ոչինչ նրան չի խանգարի։
Եվ այդ վայրն անտառն էր։ Երբ ոտք է դնում այնտեղ, թվում է, թե քար լռություն է, բայց որոշ ժամանակ անց ծղրիդները սկսում են ճռճռալ, թռչունները՝ երգել, ծառերը՝ խշխշալ։ Նա որոշում է գնալ ավելի խուլ վայր, որտեղ աղմուկն ավելի քիչ կլինի։
Մի քանի օր շարունակ փնտրտուքներից հետո նա վերջապես գտնում է մի քարանձավ, ուր այնքան խաղաղ ու աներևակայելի անդորր էր։ Բայց հանկարծ մարդը նկատում է, որ ինչ-որ տեղից ջուր է կաթում։ Եվ որքան լուռ էր շուրջբոլորը, այնքան ավելի զգալի էր ջրի կաթիլների ձայնը։ Դա մարդուն շատ է բարկացնում։
Եվ նա մտածում է, որ լռություն կարելի է ապահովել նաև սեփական տանը ձայնամեկուսացման միջոցով։ Վերջապես, երբ վերանորոգումն ավարտվում է, նստում է տան մոտ ու կրկին լռության մեջ այս անգամ լսվում է ժամացույցի սլաքների թկթկոցը։ Նա ժամացույցը հանում է ձեռքից ու շպրտում է։
Եվ ահա լության մեջ լսվում է նրա սրտի թփթփոցը․․․
Հոգու հանգստությունը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Ամեն ինչ գտնվում է ներսում՝ բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները։ Դադարեք մեղավորներ փնտրելուց, սկսեք ապրել ինքներդ ձեր աշխարհում։
Join the Conversation