ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ԹԻՄ ՍՏԱՐՏԱՓԻ ՀԱՄԱՐ

Լավ ստարտափը լավ թիմն է, ոչ գաղափարը, ոչ նրա իրականացումը, այլ հենց թիմը, որովհետև լավ թիմը անհաջողությունից չի հուսահատվի ու չի մասնատվի, լավ թիմը կկարողանա անմիջապես գտնել նոր գաղափար, կենտրոնանալ  և շարունակել ընթանալ դեպի հաջողություն:

6439
Թիմ ստարտափի համար

Առանց ֆինանսավորման ստարտափը շատ հեռու չի գնա, բայց եթե փորձենք համեմատություն անցկացնել ստարտափի ու մարդկային օրգանիզմի միջև, ապա ֆինանսավորումը կլինի «արյունը», այն շրջանառում է և համապատասխան օրգաններին անհրաժեշտ նյութեր մատակարարում: Մինչդեռ այդ արյունը մղող սիրտը ստարտափի թիմն է, և եթե սիրտը չի աշխատում, ապա որքան ուզում եք «արյուն փոխներարկեք», միևնույն է օգուտ չի տա:

Հենց դրա համար էլ լուրաքանչյուր ստարտափի համար չափազանց կարևոր է լավ ու պրոֆեսիոնալ թիմի ընտրությունը: Ահա այդ մասին կխոսենք այս անգամ:

Եթե ձեզ փայլուն գաղափար է «այցելել» և դուք հասկանում եք, որ այն միայնակ չեք կարողանա իրականություն դարձնել, ապա պետք է գտնել թիմ, որը կկիսի ձեր ոգևորությունը և պատրաստ կլինի անցնել ձեզ հետ գաղափարից դեպի իրականացում դժվար ու անկանխատեսելի ճանապարհը:

գործԸՆԿԵՐՆԵՐ

Եթե որոշել եք նախևառաջ հարցնել ձեր ընկերներին ու բարեկամներին՝ արդյոք չեն ցանկանա միանալ ձեզ, ապա իմացեք, որ շատ հնարավոր է, որ նրանք ձեզ հիասթափեցնեն ձեր գաղափարից՝ ասելով, որ իզուր ժամանակ եք վատնում, ավելի լավ է «նորմալ» աշխատանք գտնեք կամ միանան միայն ընկերական մղումներից ելնելով՝ արդյունքում սպառելով ձեր ժամանակն ու էներգիան:

Իրականում, ընկերներին իբրև գործընկեր ընտրելը ստարտափների ամենից հաճախ հանդիպող սխալներից մեկն է: Խոսքը, իհարկե, այն ընկերների մասին է, ովքեր չունեն ձեր թիմին անհրաժեշտ հմտություններն ու աշխատասիրությունը: Հանուն լավ մթնոլորտի՝ շատերն են որպես թիմակից ընտրում այն մարդկանց, ում հետ ուրախ է աշխատել կամ ովքեր նման են իրենց մարդկային տեսակով և հետաքրքրություններով: Ստարտափի առաջխաղացման համար հարկավոր են ոչ թե ձեզ նման մարդիկ, այլ մարդիկ, ովքեր լրացնում են ձեզ, քողարկում են ձեր թույլ կողմերն իրենց ուժեղ կողմերով:

Նման մտածելակերպով մարդկանցից կազմված թիմը վաղ թե ուշ կհայտնվի փակուղու առջև. մի վախեցեք ձեզնից տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանցից: Միայն վիճաբանությունների ու մտքերի բախումների ժամանակ են ծնվում իսկապես արժեքավոր գաղափարներ:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ ԵՆ ՁԵՐ ՍՏԱՐՏԱՓԻ ՀԱՄԱՐ

Յուրաքանչյուր ստարտափի հաջողության համար անհրաժեշտ են 4 տեսակի առաջնորդներ:

  1. «Գործադիր առաջնորդներ»: Նրանք գիտեն, ինչպես իրականություն դարձնել յուրաքանչյուր միտք, կարողանում են արդյունավետ օգտագործել ժամանակն ու ռեսուրսները:
  2. «Մեծ լսարան ունեցողներ»: Կան անհատներ, ում խոսքը մեծ ազդեցություն ունի լսարանի վրա: Նրանք հեշտությամբ են շփվում ցանկացած տեսակի մարդկանց հետ և կարող են վաճառել թիմի գաղափարները «արտաքին աշխարհին»:
  3. «Միջանձնային հարաբերությունների մասնեգտներ»: Նրանք սոսնձում են թիմի անդամներին միմյանց, ստեղծում են թիմային մթնոլորտ: Նրանց շնորհիվ թիմը ոչ թե որոշակի մարդկանց խումբ է, այլ մեկ ամբողջություն:
  4. «Ստրատեգներ»: Այդ մարդիկ տեսնում են թիմի ապագան, հեռանկարները, ճիշտ որոշումներ են կայացնում և մատնանշում են այն քայլերը, որոնցով պետք է առաջ ընթանալ:

Մարդկային ո՞ր տեսակին եք պատկանում դուք: Եթե հստակ կարող եք պատասխանել այս հարցին, ապա հարկավոր է կենտրոնանալ մարդկային մյուս տեսակների վրա և ձեր թիմը համալրել այդպիսի մարդկանցով:

Թիմ ստարտափի համար

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՄԱՐ

 

ՄՈՏԻՎԱՑԻԱ

Ձեր ստարտափի թիմի անդամների աչքերում պետք է վառվի նույն կրակը, ինչ ձեր աչքերում: Եվ անգամ ավելին: Դուք պետք է հավատաք ձեր թիմին, ձեր թիմը՝ ձեզ: Եթե ձեր թիմի որևէ անդամին հետաքրքիր չէ այն, ինչ անում եք, ապա նա ոչ միայն առաջ չի տանի ստարտափը, այլև կարգելակի ընթացքը: Ձեր թիմին հարկավոր են մեծ էնտուզիազմով մարդիկ, չէ՞ որ այն փորձություններին, որի միջով անցնում է ստարտափը, կարող են դիմանալ միայն էնտուզիաստները: Անընդհատ աշխատեք նաև ինքներդ ձեզ  վրա: Եղեք այն մարդը, ում ոգևորությունը վարակիչ կարող է լինել:

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք ինքներդ հուսալի մարդ եք, ապա անմիջապես կզգաք՝ ձեր առջև հուսալի՞ մարդ է կանգնած, թե՞ ոչ: Դուք դա կզգաք ձեր պոտենցիալների տարբերությունից: Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե որոնք են ձեր թիմակցի հիմնական արժեքները: Իհարկե, ժամանակի ընթացքում շատ հանգամանքներ կարող են ազդել նրա հուսալիության վրա: Կարող են փոխվել նրա կյանքի հանգամանքները, ընտանեկան կարգավիճակը, հետաքրքրություները: Սակայն ամենաճիշտ ճանապարհը կրկին ինքներդ ձեզ վրա աշխատելն է: Որքան զարգացնեք ձեր հուսալիությունը. այնքան շատ հուսալի մարդիկ կձգտեն դեպի ձեզ:

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ

Պրոֆեսիոնալիզմն, անշուշտ, անհրաժեշտ գործոն է, բայց այն կարելի է նաև ձեռք բերել ժամանակի ընթացքում, և հաճախ մոտիվացիան և հուսալիությունն ավելի լավ են գործը առաջ տանում: Հնարավորության դեպքում, իհարկե, ընտրեք փորձառու մեկին, բայց եթե նա լիովին բավարարում է վերը նշված երկու պահանջներին:

Յուրաքանչյուր թիմակցի ընտրությունից առաջ տվեք ձեզ այս հարցերը՝ կկարողանա՞նք մենք աշխատել միասին, հետաքրքի՞ր է լինելու նրան իր դերը թիմում, և կկարողանա՞ արդյոք գլուխ հանել այն առաջադրանքներից, որ պետք է դրվեն իր առջև:

ՈՐՏԵ՞Ղ ԳՏՆԵԼ ԹԻՄԱԿԻՑՆԵՐ

Եթե ձեր ընկերների շրջանում չկան այնպիսի մարդիկ, ովքեր համապատասխանում են վերը նշված պահանջներին, ապա պետք է փնտրել այլ տեղեր, որտեղ կարելի է ծանոթնալ նոր, պրպտող ու նախաձեռնող մարդկանց հետ: Դրանք կարող են լինել հեքեթոնները, ձեր հետաքրքրություններին համապատասխան սեմինարները, Բարքեմփը և այլն: Այստեղ, իհարկե, կարելի հանդիպել նաև այնպիսի մարդկանց, ովքեր եկել են պարզապես ժամանակ անցկացնելու: Այսպիսի միջոցառումների ժամանակ ստարտափի համար թիմակից փնտրելը նման է սրճարանում մարդկանց հետ ծանոթանալուն:

Շատերը «միայնակ չեն» (ունեն իրենց թիմը), կամ պարզապես ցանկանում են հաճելի երեկո անցկացնել (տվյալ միջոցառումը), բացի այդ դուք ունեք նաև շատ «մրցակիցներ» (այլ նախագծեր, որոնք կարող են հետաքրքրել ձեր պոտենցիալ թիմակցին), և թե որքան երկարաժամկետ հարաբերություններ կստեղծվեն այսպիսի միջոցառումների ընթացքում, ոչ մի բանով երաշխավորված չէ:

Բայց եթե անգամ ձեր նոր ծանոթները չդառնան թիմակից ձեզ համար, դուք ձեռք կբերեք անհրաժեշտ կոնտակտներ, որոնք վաղ թե ուշ ձեզ պետք կգան:

Հնարավորության դեպքում աշխատանքի մասին հայտարարություն տեղադրեք կայքերում: Շատ հնարավոր է, որ հենց այդպես գտնեք հրաշալի մասնագետներ կամ մարդիկ, ովքեր կդառնան ձեր համախոհները: Փնտրեք թիմակիցներ ուսանողների շրջանում, նրանք ոչ միայն լի են էներգիայով, մեծ պոտենցիալով, այլև հաճախ պատրաստ են ամեն ինչի փորձ ձեռք բերելու համար:

ՓՈՐՁՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Կլինի ընկեր, համախոհ, թե հայտարարությամբ ընտրված աշխատող, բոլորը պետք է անցնեն փորձնական շրջան, որը հաղթահարելուց հետո միայն կկարողանան համարվել իսկական թիմակից ձեզ համար: Սկզբնական շրջանում շատերը կարող են ոգևորված խոսել, բայց երբ հերթը հասնի բուն գործողություններին, չարդարացնեն ձեր հույսերը:  Ահա այդ դեպքում մի վախեցեք նրան պարզապես հեռացնել թիմից՝ անկախ նրանց փորձառությունից կամ ձեզ հետ ունեցած հարաբերություններից:

 Թիմ ստարտափի համար

Ստարտափների հիմնադիրները, իրենց փորձից ելնելով, խորհուրդ են տալիս ոչ արդյունավետ թիմի անդամին շատ արագ հրաժեշտ տալ: Թիմում պահելով այն մարդկանց, ում վրա վստահ չեք, դուք միայն անիմաստ ժամանակ կվատնեք: Եվ իհարկե, երբեք մի տխրեք այն փաստից, որ ձեր թիմի անդամներից մեկը հեռացավ: Միայն այդպես, միայն ժամանակի ընթացքում դուք կհասկանաք, թե ով է ձեր թիմի «կորիզը», ում վրա կարելի է իսկապես հույս դնել:

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՆԵՐԴՆՈՒՄ ԹԻՄԻ ՄԵՋ

Հիմնական բանը, ինչին ուշադրություն են դարձնում ներդնողները, ստարտափի թիմն է: Եթե թիմը ճիշտ է ձևավորված, թիմի անդամները փոխլրացնում են միմյանց, ի վիճակի են համատեղ հասնել անհրաժեշտ արդյունքի և մեկ մարդու պես հավատում են իրենց գաղափարին, ներդնողները կարող են գնալ ռիսկի և ֆինանսավորել թիմին, եթե անգամ գաղափարի առումով այնքան էլ վստահ չեն: Մինչդեռ փայլուն գաղափարը կարող է մերժվել նրանց կողմից, եթե թիմին չեն հավատում:

Թիմն այնպիսին է, ինչպիսին հիմնադիրը: Մարդիկ, որոնք կներգրավվեն ձեր թիմում, շատ արագ կյուրացնեն ձեր աշխատելաոճը, ձեր նվիրվածությունը, ձեր աշխատասիրությունն ու ճշտապահությունը: Այնպես, որ միշտ շարունակեք ինքնակատարելագործվել: Իսկ թե ինչպիսին պետք է լինի մթնոլորտը ստարտափի ներսում, կխոսենք հաջորդ անգամ:

Հ.Գ. Իսկ եթե դուք հենց այս պահին թիմակից եք փնտրում, նշեք այդ մասին նյութի մեկնաբանություններում: Գուցե մեր հաջորդ ընթերցողն էլ հենց ձե՛ր կարիքն ունի:

In this article


Join the Conversation