ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵՆԵՋԵՐԻ 13 ՍԿԶԲՈՒՆՔ

Ժամանակակից գործարար աշխարհում հաճախ կարելի է հանդիպել «մենեջեր» անվանմանը, կոչմանը, որը թարգմանաբար նշանակում է կառավարիչ։ Չնայած դրան՝ այն շատերի մոտ ասոցացվում է որոշակի սահմանված գործողություններ իրականացնող անձի հետ՝ ինչպես օրինակ առևտրային սրահի մենեջեր, վաճառքի-մենեջեր, որոնք ոչ մի կապ չունեն բառի իրական նշանակության հետ։

5543
մենեջեր

Իրականում մենեջերը ղեկավարն է, այսինքն՝ այն անձն, ով իրականացնում է ամբողջ կազմակերպության կառավարումը՝ անկախ դրա ծավալից:

Ներկայացնում ենք մենեջերի 13 սկզբունք, որոնք կարելի է հանդիպել թե՛ միջազգային, թե՛ տեղական դաշտի արդյունավետ ղեկավարների մոտ:

Վաճառքի հմտություն

Վաճառքը ներկայացման արվեստ է, հոգեբանություն։ Այն հաջողվում է, երբ մարդը գործում է վստահ, որ իր մատուցած պրոդուկտը լավագույնն է։ Մենեջերի կողմից անցկացված յուրաքանչյուր բանակցություն, եթե անգամ տվյալ պահին վաճառքով չի ավարտվում, հետագա հարաբերությունների հիմք է հանդիսանում:

Կադրերի հավաքագրում

Մենեջերի լավագույն հմտություններից է գրագետ կադրերի հավաքագրումը և նրանց հետագա աշխատանքների ճիշտ բաշխումը: Ֆորբսի բազմաթիվ գործարարներ, կորպորացիաների Թոփ-մենեջերներ իրենց շփումներում, հարցազրույցներում նշում են, որ հենց այս ունակության շնորհիվ են հասել բազմաթիվ հաջողությունների, քանի որ ուժերի ճիշտ բաշխումը տարբեր թևերում ապահովում է ձեռնարկության ամբողջական սպեկտորի զարգացումը:

Բանակցություններ և բիզնես նամակագրություն

Բանակցությունն ինքնին միայն հանդիպում անցկացնելը չէ։ Պատահում են կորպորատիվ բանակցություններ, երբ ընթացքը բավականին տևական է լինում։ Այս դեպքում մենեջերի համար կարևոր հատկանիշներ են ճկունությունը, բիզնես գրագիտությամբ նամակագրությունը, բանակցային առավել խորը գիտելիքների տիրապետումը, պարբերաբար վերապատրաստումները:

Տեղեկատվական հոսքերի կառավարում

21-րդ դարում, երբ մարդն օրվա ընթացքում ստանում է վիթխարի ծավալի տեղեկատվություն՝ մեծամասամբ բացասական բովանդակությամբ, չի կարող չունենալ իր ազդեցությունը, ուստի արդյունավետ մենեջերներն ունեն տեղեկատվական հոսքերի «ֆիլտր», որն էլ նպաստում է ժամանակի և էներգիայի արդյունավետ կառավարմանը:

Օպերացիոն գործերի պատվիրակում առավել գիտակից անձանց

Մենեջերի կողմից շարունակաբար օպերացիոն աշխատանքների կատարումը կարող է թաղել բոլոր հաջողությունները։ Բոլոր հաջողակ մենեջերներն օրինաչափ են համարում օպերացիոն գործերի պատվիրակումը՝ ընդ որում իրենցից առավել հմուտ մասնագետի․ այսպես ղեկավարը կենտրոնանում է գլոբալ հարցերի շուրջ:

Հավասարակշռվածություն և բարձր էմոցիոնալ ինտելեկտ

Փորձը ցույց է տալիս, որ ընկերություններում հաճախ տեղի են ունենում տարբեր ճգնաժամային իրադարձություններ, որտեղ ղեկավարը պետք է պատրաստ լինի օբյեկտիվ գնահատել իրավիճակը, սառնասրտորեն ընդունել ռացիոնալ որոշումներ՝ կանխատեսելով հետևանքները:

Զգալ թրենդը

Զգալ շուկայի հետագա զարգացման ուղղությունները, կարողանալ կատարել վերլուծություններ, ուսումնասիրություններ և դրանց հիման վրա ձևակերպել հստակ առաջադրանքներ՝ հաշվի առնելով ներքին ռեսուրսները:

Մոտիվացիոն դաշտի կառուցում, հիերարխիկ շարժի կառավարում

Մոտիվացիոն դաշտի և հիերարխիկ շարժի չափորոշիչների կառուցումը սովորաբար կատարվում է մենեջմենթի մասնագետների կողմից, սակայն մենեջերը պետք է ունակ լինի սահմանել գործակիցներ, նշաձողեր, նկատել աճ գրանցող անձին կամ ընդհակառակը։ Մեծ ընկերություններում հաճախ պատահում է, երբ անարդյունավետ անձին տեղափոխելով այլ օղակ՝ նկատում են կատարված աշխատանքի որակի փոփոխություն, այս դեպքում խնդիրն այն էր, որ անձը կամ չէր գտնվում մոտիվացիոն տիրությում, կամ ի սկզբանե ընտրվել և դիտարկվել էր սխալ հատվածում:

Կարծիքներ լսելու կարողություն

Գիտակից մենեջերը գնահատում է անձնակազմից յուրաքանչյուրի խոսքը, բայց որոշումներ կայացնում ինքնուրույն:

Պայմանավորվածությունների ձեռքբերում

Մենեջերի աշխատանքի բաղկացուցիչ մասն է հաղորդակցման գերազանց ունակությունը։ Այն լոկոմոտիվ ուժն է, որով էլ մենեջերն առանձնանում է մեծամասնությունից: Դա ամենևին չի նշանակում անդադար խոսել, այլ պայմանավորվածություններ ձեռք բերել, հարաբերություններ ստեղծել, դրանք հետագայում պահպանել:

Մենեջերը որպես համընդհանուր գաղափարախոսության կրող և դրա փոխանցող

Ղեկավարն, ումից բխում է ձեռնարկության հետագա զարգացման ընթացքը, սովորաբար կրում է գաղափարոխոսություն, որն էլ փոխանցվում է աշխատակազմին: Եթե առնչվել եք միջազգային ընկերությունների կփաստեք, որ անկախ մասնաճյուղերից, պետություններից, մարդիկ ովքեր միմիանց հետ ոչ մի կապ չունեն, բայց գտնվում են մեկ կոնցեռնում, առաջնորդվում են նույն փիլիսոփայությամբ:

Ձևավորված գործարար «կաստա»

Մենեջերի համար կարևոր է անկախ զբաղվածության չափից գտնվել ռիթմի մեջ, ունենալ զարկերակ կատարվող իրադարձություններում, հանդիսանալ կամուրջ տարբեր գործարար խմբերի մեջ, ունենալ շփման շրջանակ, որոնք հիմնականում հաջողակ և ձեռներեց մարդիկ են:

Ամփոփումներ

Ըստ գործող տեսության, երբ կազմակերպությունում ներդրվում է ամփոփումների կանոնակարգ, և դրանք կրում են շարունակական բնույթ (շաբաթվա, ամսվա եռամսյակային և այլն), ապա բարձրանում է անձնակազմի արդյունավետությունը, բացահայտվում են թերացումները, որոնք նախկինում աննկատ էին:

Ըստ անցկացված ուսումնասիրությունների՝ անձը խոշոր կազմակերպություն մուտք գործելով՝ Թոփ-Մենեջերի աստիճանի կարող է հասնել 8-ից մինչև 16 տարի ժամանակահատվածում՝ կախված մասնագիտական որակավորումներից: Արդյունավետ մենեջեր դառնալու մյուս եղանակը MBA կոչում ունենալն է կամ կորպորատիվ աշխատանքի փորձը, որն էլ հանդիսանում է հետագա առաջընթացի հիմք:

Հոդվածը պատրաստեց մարքեթոլոգ և բիզնեսի զարգացման մասնագետ Արթուր Խաչատրյանը:

In this article


Join the Conversation