ԱՆՁՆԱԿԱՆ ԱՃԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԱԼԱՆ ՖՈՔՍԻՑ

Որո՞նք են անձնական աճի գործիքները: Անձնական աճ գրանցելը մեխ մեխելու կամ աթոռ պատրաստելու պես հեշտ գործ չէ: Համենայն դեպս այդպիսի առաջադրանքների համար կարող ենք գտնել հստակ ուղեցույցներ, որոնք կհանգեցնեն մեզ ցանկալի արդյունքին: Արդյո՞ք նույնը հնարավոր է ինքներս մեզ վրա աշխատելիս:

9729
Անձնական աճի գործիքներ Ալան Ֆոքսից

Հաջողակ գործարար և գրող Ալան Ֆոքսը կարծում է, որ այպիսի գործիքներ գոյություն ունեն նաև  մարդկանց անհատական աճի ու ինքնազարգացման համար: Նա ինքը փնտրել է դրանք ողջ կյանքի ընթացքում և ամփոփել «Ինքնազարգացման գործիքներ» գրքում:

Այն մի քանի կարևոր կետերը, որոնք կներկայացնենք այս հոդվածում ընդամենը մի մասն են անձնական աճի մասին այն հետաքրքիր խորհուրդների, որոնք տալիս է հեղինակը: Ալան Ֆոքսն իմաստուն ծերունու պես անկեղծորեն, առանց ավելորդ գունազարդումների կիսվում է իր փորձով ընթերցողի հետ:

անձնական աճի գործիքներ

ԳՈՐԾԻՔ №1. ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ՆԵՏԵՔ ԱՂԲԱՄԱՆԸ

Մանկության ու պատանեկության տարիներ մենք չափազանց շատ խորհուրդներ ենք լսում այն մասին, թե ինչ է ՊԵՏՔ անել՝ բարձրագույն կրթություն ստանալ, այսինչ տարիքում ամուսնանալ, ունենալ այսինչ թվով երեխա, գտնել հաստատուն աշխատանք և այլն: Այս ամենն արդյունքում կարծրատիպեր են դառնում մեզ համար, որոնցից պետք է անհապաղ ազատվել՝ նետել աղբամանը: Ալան Ֆոքսը գրում է. «Որքան ուզում է ամուր լինեն ձեր համոզմունքները, վարվեք այնպես, ինչպես խորհուրդ է տալիս ձեզ բանականությունը տվյալ պահին: Մոռացեք «ճշմարտությունների» մասին, որոնք օգտակար էին ձեզ համար երեկ, կամ գուցե պետք կգան վաղը: Վարվեք այնպես, ինչպես ճիշտ է գտնում ձեր և միմիայն ձեր միտքը»:

ԳՈՐԾԻՔ №2. ԿԱՐՈՂԱՑԵՔ ԱՍԵԼ «ՈՉ»

Շատ մարդիկ չեն կարողանում ասել «ոչ», անգամ եթե իրենք էլ տառապում են իրենց այդ հատկությունից: Հաճախ այն «ոչը», որը հարկավոր էր ասել, արժենում է ոչ միայն նրանց ժամանակը, այլև երջանկությունը: Պետք է կյանքի որոշակի հանգամանքներում կարողանալ ասել ՈՉ: Օրինակ, ձեզ օտար մարդկանց, երբ տվյալ իրավիճակում դուք որևէ բան կկորցնեք համաձայնվելով: Խոսքը ոչ միայն նյութականի մասին է: «Ոչ» երբեմն պետք է ասել նաև ընկերներին՝ միաժամանակ լինելով նաև նրբանկատ: Հիշեք՝ «ոչ» ասելը, որևէ հարցում մերժելը ձեր իրավունքն է: Սակայն շատ ավելի կարևոր է այդ «ոչը» ճիշտ մատուցելը, քան պարզապես մերժել կարողանալը:

ԳՈՐԾԻՔ №3. ԱԶԱՏՎԵՔ ԿՊՉՈՒՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Երբ մենք որևէ սովորություն ենք ձեռք բերում, դրանից ազատվելը դառնում է չափազանց դժվար: Սովորությունները կպչուն են և դիմացկուն: Եվ ոչ միայն մարդկանց դեպքում, այլև կազմակերպությունների դեպքում, սրճարանների դեպքում և այլն:

Ալան Ֆոքսը վստահ է, որ եթե սրճարանում ձեզ մեկ անգամ վատ են սպասարկել, ապա կարող եք երկրորդ անգամ այլևս այնտեղ չգնալ. որևէ բան փոխված չի լինի:

Պարզապես պետք է հենց սկզբից ուշադիր լինել. եթե զգում եք, որ վատ սովորություն եք սկսել ձեռք բեել, անմիջապես պայքարեք դրա դեմ, կամ խորամանկության դիմեք, շրջանցեք այն ոլորտները, որտեղ դրանք ավելի վառ են դրսևորվում: Իհարկե, մի տարբերակ էլ է հնարավոր. այն, որ դուք լավ սովորություններ ձեռք բերեք: Այս դեպքում, իհարկե, պայքարել պետք չէ, փոխարենը պետք է հետևողական լինել այդ ճիշտ ու լավ սովորության հանդեպ:

ԳՈՐԾԻՔ №4. ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒՑ

Մենք շատ հաճախ ենք վախենում  ցույց տալ որևէ հարցում մեր չիմացությունը: Հիմար կամ չտեղեկացված երևալու վախը հատուկ է գրեթե բոլոր մարդկանց: Դիմացինին հարցնելը երբեմն թողնում ենք որպես վերջին, ծայրահեղ տարբերակ, մինչև այդ փորձարկում ենք բոլոր հնարավոր միջոցները ինքնուրույն որևէ բան պարզելու համար: Սովորելով օգտագործել այս գործիքը՝ մենք կկարողանանք ավելի արագ ստանալ մեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Եվ եթե կարողանանք ճիշտ վերաբերվել այս հատկությանը, մեր ինքնասիրությունն էլ դրանից չի տուժի:

ԳՈՐԾԻՔ №5. ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Մինչև որևէ բան սկսելը կամ որևէ բանի հետ ծանոթանալը, մենք արդեն ունենք որոշակի պատկերացում դրա մասին: Երբեմն դա ենթագիտակացական մակարդակի վրա է, իսկ երբեմն՝ հիմնված իրական կամ կողմնակի փաստերի վրա: Ճամփորդության մեկնելով՝ մենք արդեն ունենք որոշակի սպասելիքներ դրանից: Գիրք գնելով, օրինակ, մտածում ենք. «Սա հաստատ լավ գիրք է»: Եվ հաճախ մեր կանխատեսումներն իրականանում են: Եթե մենք դրական ենք տրամադրված, ապա ֆիլմը թվում է հետաքրքիր, գիրքը՝ օգտակար, ճամփորդությունը՝ հեքիաթային: Իսկ եթե կինոթատրոն գնալիս մտածում էինք. «Դե, երևի միջակ մի ֆիլմ կլինի», ապա արդյունքում, ամենայն հավանականությամբ կասենք. «Ես այդպես էլ գիտեի»:

Նմանատիպ կանխատեսումներ մենք անում այսպես, թե այնպես: Փորձել չկանխատեսել, նախապես չզգալ իմաստ չունի, բայց կարելի է այդ ամենին տալ միայն դրական երանգ: Առավոտյան վստահ լինել, որ օրը լավն է լինելու, հանդիպումը լավ է անցնելու և այլն, և այլն:

Ալան Ֆոքսի գրքում այս 5 գործիքներից բացի կարելի է գտնել ևս 49 միջոցներ ու հնարքներ անձնական աճի ու ինքակատարելագործման համար: Գուցե դրանց մի մասը ձեզ համար աննախադեպ բացահայտումներ չլինեն, բայց, միանշանակ, այդ բոլորի մասին արժե ևս մեկ անգամ հիշել ու փորձել կիրառել կյանքում:

անձնական աճի գործիքներ

Գրքի ծանոթագրական հատվածը կարող եք ընթերցել այստեղ:

In this article


Join the Conversation